Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

13.01.2016

Հունվարի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Օգտվելով առիթից՝ մարզի ղեկավարը ներկաներին շնորհավորեց անցած տոների կապակցությամբ՝ մաղթելով անձնական և աշխատանքային հաջողություններ:

Նա գոհունակությամբ նշեց, որ  մարզպետարանը հստակ ժամկետների մեջ լիովին իրականացրել է տարեկան ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները՝ հույս հայտնելով, որ մարզպետարանի աշխատակազմը նույնպիսի պատասխանատվությամբ կաշխատի նաև ընթացիկ տարում՝ ձգտելով ավելիին:

-2015թ. նման այս տարի ևս մեզ լուրջ մարտահրավերներ են սպասվում, որոնք պետք է պատվով հաղթահարենք,- ասաց նա նշելով, որ հենց տարեսկզբից դժվարություններ են ծագել՝ կապված արտակարգ պատահարների և շնչառական սուր վարակիչ հիվանդությունների թվի ավելացումների հետ:   

Նրա առաջարկությամբ առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի  տեղեկատվությունը՝ 2015թ. դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 13-ը մարզի տարածքում գրանցված ավելի քան 50 արտակարգ դեպքերի վերաբերյալ:  Վարչության պետի տեղեկացմամբ, այդ օրերին գրանցված առատ տեղումների և  Ամանորի կապակցությամբ փրկարարական ծառայությունը գործել է արտակարգ ռեժիմով և արձագանքել բոլոր ահազանգերին: Այդ առումով նա չափազանց կարևորեց օպերատիվ համագործակցությունը Լոռու մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

Մարզում սուր շնչառական հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Նա նույնպես նշեց, որ տոնական օրերին մարզի բոլոր առողջապահական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով:

-Թե՛ ամբուլատոր և թե՛ ստացիոնար բժշկական հիմնարկներում իրականացվել են հերթապահություններ, գրանցված դեպքերի ամենօրյա մոնիտորինգ է իրականացվել և հաղորդվել Առողջապահության նախարարությանը: Տոնական օրերին, վատ եղանակային պայմաններով պայմանավորված՝ հղի կանանց տեղափոխման առումով դժվարություններ են ծագել Ուրասար, Կաթնաղբյուր, Խնկոյան համայնքներում: Խնդիրը կարգավորվել է համայնքների ղեկավարների և Լոռու մարզի փրկարարական վարչության աջակցությամբ: Ինչ վերաբերում է շտապօգնության կանչերին, ապա 2016թ. առաջին տասնօրյակում Վանաձորի բժշկական  կենտրոնում գրանցվել է շտապօգնության 652, Ալավերդում՝  78, Ստեփանավանում՝ 95, Սպիտակում՝ 109, Տաշիրում՝ 63 կանչ, շուրջ 10 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում փոքր-ինչ ավելին են եղել նաև տարաբնույթ վնասվածքներով դիմողները՝ շուրջ 115, որոնցից 17-ը հոսպիտալացվել են: Սուր վարակիչ հիվանդությունների տարածվածության վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելով՝ մարզի առողջապահության գլխավոր պատասխանատուն հայտնեց,  որ  հունվարի 12-ին, ժամը 13-ի դրությամբ մարզի առողջապահական հիմնարկների ստացիոնար բաժանմունքներում բուժում է ստանում շնչառական սուր վարակիչ  հիվանդություններով վարակված 38 քաղաքացի, որոնցից 30-ը երեխաներ են, թոքաբորբով հիվանդ 35 քաղաքացի, որոնցից 22-ը՝ երեխաներ: Սպիտակի բժշկական կենտրոնից թոքաբորբով մեկ հիվանդ տեղափոխվել է «Էրեբունու բժշկական կենտրոն», քանի որ նրա մոտ թոքաբորբն ուղեկցվել է այլ ծանր հիվանդությամբ: Բոլոր հիվանդները գտնվում են խիստ հսկողության տակ, իրավիճակը վերահսկելի է: Նշված ժամանակահատվածում ամբուլատոր պոլիկլինիկական հատվածում գրանցված է եղել սուր շնչառական վարակներով 133 քաղաքացի, որոնցից 71-ը՝ մեծահասակ և 14 թոքաբորբով հիվանդ, որոնցից 5-ը՝ մեծահասակ: Շարունակվում են ընդունվել նոր հիվանդներ:

-Ազգաբնակչությանը կոչ եմ անում ինքնաբուժությամբ չզբաղվել, հիվանդության առաջին իսկ ախտանիշների դեպքում դիմել բուժհաստատություններ անհրաժշտ խորհրդատվություն ստանալու նպատակով: Մենք ապահովված ենք անհրաժեշտ դեղորայքով և բուժպարագաներով,- ասաց Ս. Լամբարյանը:

Մարզպետը հանձնարարեց է՛լ ավելի զգոն լինել և ուժեղացնել հերթապահությունը՝ նույնպես հավաստելով, որ ներկա դրությամբ իրավիճակը վերահսկելի է:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ  Հրայր Պապոյանը ներկայացրեց 2015թ. սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Նա նշեց, որ նախորդ տարվա սեփական եկամուտների կատարողականը կազմել է 99,8 տոկոս, որը 2014թ. համեմատությամբ նույն ցուցանիշից ավելի է շուրջ 41 մլն դրամով: Կատարողական ցուցանիշով, աճի տեմպերով և աճի բացարձակ ցուցանիշով Լոռու մարզը հանրապետության մարզերի մեջ 3-րդ տեղում է: Դիտարկվող 5 եկամտատեսակների գծով կատարողականը կազմել է 101,1 տոկոս, իսկ 2014թ.-ի հետ համեմատությամբ  աճը կազմել է 3,9 տոկոս: Այս ցուցանիշով մարզը երկրորդ տեղում է: Հողի հարկի գծով կատարողականը կազմել է 92,6 տոկոս, ինչը 0,3 տոկոսով ցածր է 2014թ. կատարողականից: Գույքահարկի գծով պլանի կատարողականը կազմել է 105,6 տոկոս, 2014թ. համեմատությամբ աճը կազմել է 10,8 տոկոս: Գույքահարկի կատարողականով մարզը հանրապետության տասը մարզերի թվում զբաղեցնում է 2-րդ տեղը: Տեղական տուրքերի մասով պլանի կատարողականը կազմել է 103,1 տոկոս: Այս ցուցանիշով մարզը դարձյալ 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Պետական տուրքերի մասով կատարողականը կազմել է 99,9 տոկոս, որը 2014թ. ցուցանիշից ցածր է 18 տոկոսով: Գույքի և հողի վարձակալության եկամուտների մասով  կատարողականը կազմել է 103,4 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է հանրապետությունում: Հ. Պապոյանը թվարկեց սեփական եկամուտների հավաքագրման պլանի կատարողականը ձախողած համայնքներ:

- Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում կարելի է փաստել, որ ընդհանուր առմամբ մարզում նկատվում է սեփական եկամուտների հավաքագրման կայունացման միտում,- իր դիտարկումը հայտնեց վարչության պետը:

  Ի լրումն՝ մարզպետը նշեց, որ վերջին երկու ամսում հարկերի հավաքագրման առումով  լուրջ և հետևողական աշխատանքներ իրականացվեցին, ինչի շնորհիվ էլ հնարավոր դարձավ 99,8 տոկոս հավաքագրում ապահովել: Նա իր գոհունակությունը հայտնեց հողի և գույքի վարձակալության ցուցանիշի աճի տեմպերից՝  վկայելով, որ սա ևս հետևողական աշխատանքի արդյունք է:

-Հողի և գույքի վարձակալության տեմպերով մարզը օրինակելի է հանրապետության մյուս մարզերի համար, թեև տարեցտարի մենք պետք է ձգտենք ավելի բարձր ցուցանիշների,-ասաց Ա. Նալբանդյանը՝ նշելով, որ սա կարող է լուրջ եկամուտ բերել համայնքներին:  

-Մենք հարկերի հավաքագրման առումով լուրջ անելիքներ ունենք նաև 2016թ.-ին և պետք է համատեղ հետևողական աշխատանք իրականացնենք: Այս առումով համայնքների կողմից կարևոր է նաև իրատեսական բյուջեների կազմումը,-ասաց մարզի ղեկավարը:

Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը  Ա. Նալբանդյանը հանձնարարեց շրջաբերականներ ուղարկել դպրոցների տնօրեններին՝ մինչև հունվարի 18-ը՝   դպրոցական արձակուրդների ավարտը, կրթօջախները պատրաստականության վիճակի բերելու, ջեռուցման խնդիրները կարգավորելու վերաբերյալ: 

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ քաղաքաշինական ընթացիկ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը տեղեկացրեց, որ տարին հագեցած է լինելու ՏԻՄ ընտրություններով: Հունվարի 3-ին Դարպաս համայնքում արդեն իսկ անցկացվել է համայնքի ղեկավարի ընտրություն.  համայնքի  ղեկավար է ընտրվել Արմեն Ալոյանը: Հաջորդ ընտրությունը՝ հունվարի 24-ին, կանցկացվի  Մղարթ համայնքում: Մի շարք այլ համայնքներում ևս այս տարի տեղի կունենան համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ:

Մարզպետը նշեց նաև, որ մարզի համայնքների ղեկավարների 2015թ. տարեկան հաշվետվություններին պարտադիր ներկա կգտնվեն փոխմարզպետները, որոշ համայնքներում՝  նաև ինքը:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59