Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2016թ.-ի հետ մեծ հույսեր ենք կապում և հույս ունենք, որ գալիք տարին հնարավորությունների և լուրջ ծրագրերի իրականացման տարի է լինելու. Լոռու մարզպետի տարեվերջյան մամլո ասուլիսը

25.12.2015

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի տարեվերջյան մամլո ասուլիսը, որին մասնակցում էին ինչպես տեղական ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողները: Ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալները մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների պետերը:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նշեց, որ 2015թ. կատարված աշխատանքների մասին ծավալուն հաշվետվությամբ հանդես կգա 2016թ.-ի սկզբին տեղի ունենալիք մարզխորհրդի նիստի ժամանակ, լրագրողներին առաջարկելով անմիջապես անցնել հարցուպատասխանի՝ ցանկացած բնագավառի առնչվող հարցեր հնչեցնելու հնարավորություն ընձեռելով:

Գոհար Մովսիսյան(«Ասպարեզ» էլեկտրոնային թերթ), Անահիտ Կարապետյան
(«Ֆորտունա» հեռուստաընկերություն) -Ո՞րն է տարվա գլխավոր ձեռքբերումը և ի՞նչ մարտահրավերներ կան 2016թ.-ի համար:

-Ձեռքբերումներ կան տարբեր ոլորտներում: Գլխավոր ձեռքբերումներից են «Տեխնոկենտրոնի» հիմնադրումը և որպես վերջինիս տրամաբանական շարունակություն՝«Թումո» կենտրոնի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցվող «Սմարթ» կենտրոնի կառուցման մեկնարկները: Շինաշխատանքների ավարտից հետո, արդեն 2016թ.-ին մենք կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան ՏՏ կենտրոններ, որոնք մարզում ոլորտը զարգացնելու մեծ հնարավորություններ կընձեռեն:
Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի կառուցումը ևս 2015թ. լուրջ ձեռքբերումներից է: Ճանապարհի կառուցման համար շուրջ 3,5 մլրդ դրամ է ներդրվել: Այն շուտով շահագործման կհանձնվի: Մարզի 13 գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհի կառուցումը լուրջ ազդեցություն կունենա այդ համայնքներում գյուղատնտեսության զարգացման համար:

Գայանե Սարգսյան («Հետք» էլեկտրոնային թերթ)
-Կխնդրեի անդրադառնալ բացթողումներին և թե ի՞նչ ակնկալիքներ ունեք 2016թ.-ից:

- Եթե խոսենք մարզպետարանի գործառույթներից, ապա ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ժամկետների մեջ: Իսկ ընդհանուր առմամբ, մարզում դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Առաջին հերթին մեզ մտահոգում է բնակչության սոցիալական վիճակը և դա մեղմելու համար մի շարք ծրագրեր ենք իրականացնում և շարունակելու ենք իրականացնել թե՛ պետբյուջեի ու թե՛ մասնավոր ներդրումների հաշվին: Օրինակ, պետական և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ լուրջ ծրագրեր են իրականացվում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման նպատակով՝ համապատասխան դասընթացներ են կազմակերպվում, ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ կամ դրամաշնորհներ են տարամադրվում և այլն:
2016թ.-ի հետ մեծ հույսեր ենք կապում և հույս ունենք, որ գալիք տարին հնարավորությունների և լուրջ ծրագրերի իրականացման տարի է լինելու:

Մերի Կոլոլյան («Անկյուն+3» հեռուստաընկերություն) - Ինչ խոշոր շինարարական ծրագրեր են սպասվում 2016թ.-ին: Ե՞րբ կտրվի Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի կառուցման մեկնարկը:
-Միջպետական այս ճանապարհի կառուցումը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Նախագծանախահաշվային, հետազոտական լուրջ աշխատանքներ են կատարվել, մի քանի անգամ հանրային քննարկումներ են կազմակերպվել: Այս աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Համոզված եմ, 2016թ. գարնանը մրցույթները կհայտարարվեն, ճանապարհաշինարարները կընտրվեն, կտրվի աշախատանքների մեկնարկը և արդեն 2-3 տարի անց կունենանք հրաշալի կառուցված ճանապարհ:

Տաթև Ղազարյան («Ասպարեզ» էլեկտրոնային թերթ) -Գալիք տարում առողջապահական ի՞նչ լուրջ ծրագրեր կիրականացվեն առողջապահության ոլորտում:
-Շարունակվում է Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը, Համաշխարհային բանկի միջոցներուվ կառուցվում է Ուռուտի ամբուլատորիան, և այս երկու բուժհաստատությունների շահագործումը նախատեսվում է հաջորդ տարի: Մարզի համար առողջապահության ոլորտում ամենախոշոր ներդրումը, այսուամենայնիվ, պետական միջոցներով Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումն է: Այս տարի պետբյուջեից այդ նպատակով 950 մլն դրամ է հատկացվել: Կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումը, ինչպես հայտնի է իրականացնում է «Տաշիր» հիմնադրամը՝ 3 մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ: Ներդրումները կշարունակվեն նաև հաջորդ տարի: 2016թ.-ի վերջին շենքը շահագործման կհանձնվի: Բժշկական կենտրոնը կհամալրվի նաև գույքով: Մեր հիմնական խնդիրը կմնա կադրերով հագեցվածությունը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության կողմից այս ուղղությամբ արդեն իսկ հետևողական աշխատանքներ են իրականացվում: Այնպես որ, բուժհաստատության շահագործումից հետո, համոզված եմ, մարզի ազգաբնակչությանը կմատուցվեն բարձրորակ բժշկական ծառայություններ:

Էդուարդ Արզումանյան ( Lorinews.am) -Կխնդրեի ներկայացնել 1988թ.-ի աղետի հետևանքով բնակարան կորցրած շահառու ընտանիքների բնակապահովման ընթացքը և թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Վանաձորի վթարային շենքերի բնակիչներին:
- ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՀ Լոռու մարզպետարանին հատկացվել է 99 մլն. դրամ, որից 39 մլն.-ը գյուղական բնակավայրերում 1988թ. դեկտեմբերի 7-ին երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած և դատարանի վճռով իրենց իրավունքները վերականգնած մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման եղանակով: Նշված 13 շահառու ընտանիքների հետ կնքվել է պայմանագիր: Գումարները շահառուների անվամբ փոխանցվել են բանկում բացված ցպահանջ ավանդային հաշիվներին: 60 մլն. դրամ նախատեսված է Վանաձոր քաղաքում բազմաբնակարանային շենքերում բնակարան կորցրած 14 ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար՝ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) միջոցով: Գործընթացը սկսված է, աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի և այս ծրագիրը վերջնականապես կավարտվի:
Ինչ վերաբերում է մարզկենտրոնի վթարային շենքերին, ապա հարցը բազմիցս բարձրացվել և քննարկվել է ՀՀ վարչապետի, ՀՀ քաղաքաշինության նախարարի մոտ: Առայժմ որևէ լուրջ քայլ չենք կարող իրականացնել: Քաղաքապետարանն այս առումով լուրջ անելիքներ ունի, պետք է կատարվի հստակ գույքագրում և ներկայացվի կառավարությանը:

Հերմին Զարմանյան («Վանաձորյան խճանկար»)
-Արդյո՞ք ամբողջությամբ ավարտված է ավագ դպրոցների ձևավորման գործընթացը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ներառական կրթության պատշաճ իրականացման ուղղությամբ: Հատկապես գյուղական համայնքներում ինչպես է լուծվում մասնագետ-կադրերի պակասը:

-Ներառական կրթության ծրագիրը կշարունակվի մինչև 2025թ.-ը: Հունվարից ևս մարզի երեք դպրոցներում կիրականացվի ներառական կրթություն: Մեզ համար այսօր առաջնային է դպրոցների շենքային պայմանների հարմարավետությունը այս ծրագրի իրականացման համար:
Մարզում այսօր ունենք 11 ավագ դպրոցներ: Նոր ավագ դպրոցներ ձևավորելու անհրաժեշտություն ներկայում չկա: Ինչ վերաբերում է մասնագետ կադրերի վերաբերյալ Ձեր հարցին, ապա ի տարբերություն քաղաքային համայնքների, որտեղ մասնագետի պակաս չենք զգում, հատկապես հեռավոր գյուղական համայնքներում այս խնդիրը արդիական է: Մրցույթները հայտարարվում են, սակայն տարիներ շարունակ մեկ հայտ անգամ չի ներկայացվում: Ուստի ստիպված ենք աշխատանքի վերցնել միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթությամբ անձանց: Ի դեպ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ համատեղ ծրագիր է իրականացվում «Կրթություն- Հայաստան» նախաձեռնող խմբի հետ, որի շրջանակներում բուհերի ոչ մանկավարժական, սակայն համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտները հնարավորություն են ունենում դասավանդել հեռավոր գյուղերում: Այս ծրագրով արդեն 5 մասնագետ աշխատանքի է տեղավորվել:

Գագիկ Անտոնյան( «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ) -Ի՞նչ ծրագրեր են իրականցվում արդյունաբերության և տուրիզմի զարգացման ուղղությամբ:
-Ցուցանիշների առումով արդյունաբերության ոլորտում մարզում 194,4 տոկոսով աճ ենք արձանագրել, բայց սա հիմնականում ի հաշիվ «Թեղուտ»-ի գործարկման: 2016թ.-ին, սակայն, համաշխարհային շուկայում մետաղի գների նվազմամբ պայմանավորված՝ աճի տեմպերը ցավոք կնվազեն: Սա է նաև պատճառը, որ «Սագամար» ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, և աշխատողների 90 տոկոսն ազատվել են աշխատանքից, կրճատումներ են եղել նաև «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում», Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությունում, «Թեղուտում»: Ցավոք, սոցիալական լարվածությունը, սրա հետ կապված, տարածաշրջանում կավելանա: Սակայն համաշխարհային շուկայում մետաղների գների բարձրացման հետ կապված կանխատեսումները հուսադրող են. հուսանք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակից հետո իրավիճակը փոքր-ինչ կփոխվի: Սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակով մեր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, փոքր և միջին բիզնեսի զարգացումը պետք է լինի: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա զբոսաշրջիկների այցելությունների թիվը մեր մարզում ավելացել է 18 տոկոսով: Սրան նպաստում է ինչպես Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, այնպես էլ՝ համագործակցությունը մի շարք այլ կառույցների հետ: Ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածը: ՀՀ Նախագահի մոտ իմ կողմից ներկայացված հաշվետվության ընթացքում Երկրի ղեկավարը հանձնարարեց է՛լ ավելի լուրջ ուշադրություն դարձնել ոլորտի զարգացմանը, քանի որ մեր մարզում զբոսաշրջության զարգացման բոլոր նախադրյալներն առկա են: Բացի Թումանյանի և Ստեփանավանի տարածաշրջաններից, պետք է քայլեր ձեռնարկենք նաև մարզկենտրոնը զբոսաշրջային կենտրոնի վերածելու ուղղությամբ:

Մանվել Միկոյան («Լոռու մարզ» թերթի խմբագիր)
-Վանաձորը տարիներ շարունակ հայտնի է եղել որպես զբոսաշրջային և առողջարանային կենտրոն, այժմ ավանդույթները մոռացվել են, քաղաքը խիստ անբարեկարգ է: Գյումրիին վարկային միջոցներով և պետության երաշխավորությամբ քաղաքը զարգացնելու հնարավորություն ընձեռվեց: Ինչ է սպասվում Վանաձորին:

-Այստեղ կարևոր է Վանաձորի քաղաքապետարանի ակտիվությունը: Ցանկության դեպքում զարգացման ծրագրերի ներկայացման պարագայում, Վանաձորը ևս կարող է օգտվել վարկային միջոցներից :

Նարե Ստեփանյան(«Ազատություն» ռադիոկայան)-Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների, արտագաղթը և աղքատությունը մարզում մեծ չափերի է հասնում: Ի՞նչ է արվում այս ուղղությամբ:
-Ես արդեն նշեցի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերը: Պետական աջակցությամբ լուրջ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության զարգացման նպատակով: Այդ ծրագրերի շնորհիվ մարզում 3000 հա-ով ավելացել են ցանքատարածությունները, բերքատվությունը և այլն:

Հրայր Հակոբյան («Լոռի» հեռուստաընկերություն)-Վանաձորի փողոցները խիստ անբարեկարգ են: Կառավարության կողմից ի՞նչ քայլ են ձեռնարկվելու հարցի լուծման ուղղությամբ:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում օրեր առաջ Գուգարք գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրված 6 բնակարաններում բնակվող ընտանիքներին:

- Վանաձորի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի փոսային նորոգումներ է իրականացնում: Վանաձորի փողոցների բարեկարգման համար պարբերաբար միջոցներ են հատկացվում նաև պետբյուջեից: Սակայն մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհները շուրջ 200 կմ են և համայնքային բյուջեի միջոցները չեն բավականացնում պատշաճ աշխատանքներ իրականացնելու համար: Իրավիճակն այս առումով սրվեց հատկապես վերջին 2 տարվա ընթացքում, երբ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման ընթացքում «Լոռի ջրմուղկոյուղու» կողմից սկսեցին ծրագրեր իրականացվել: Չհամագործակցված աշխատանքի արդյունքում քանդվեցին անգամ այն փողոցները, որոնք նոր էին ասֆալտապատվել կամ բարեկարգվել: Ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի վերջնական ավարտից հետո մարզկենտրոնի փողոցների բարեկարգաման ուղղությամբ, ամենայն հավանականությամբ, լուրջ ծրագրեր կիրականացվեն:
Ինչ վերաբերում է Գուգարք գյուղում բնակելի շինությունում բռնկված հրդեհին, ապա պետք է ասեմ, որ նմանատիպ դեպք գրանցվեց նաև երկու տարի առաջ: Այրված երկհարկանի շինության բնակիչներին Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ գումար տրամադրվեց բնակարաններիի ձեռքբերման համար: Օրեր առաջ գրանցված հրդեհի հանգամանքները դեռևս պարզվում են և առայժմ վաղ է խոսել փոխհատուցման տրամադրման մասին: Գյուղապետին հանձնարարվել է շենքի բնակիչներին բնակարանների վարձակալության համար երկու ամսվա վարձակալության գումար տրամադրել, առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրման խնդրանքով դիմել ենք նաև բարերարների օգնությանը, մինչև հրդեհի առաջացման հանգամանքերը կպարզվեն:
Մարզի ղեկավարը ասուլիսի ավարտին շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ նրանց աշխատանքը զգալիորեն նպաստում է մարզում առկա խնդիրների հրապարակայնությանը:
-Ձեր յուրաքանչյուր հրապարակում քննարկվում և համապատասխան արձագանք է ունենում,-ասաց մարզպետը:
Օգտվելով առիթից նա շնորհավորեց նաև ներկաների գալիք Ամանորը՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ և բարեկեցություն:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06