Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

14.12.2015

Դեկտեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ  անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի  տեղեկատվությունը՝ անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ 11 դեպքերի վերաբերյալ: Վարչության պետը նշեց, որ Ամանորի կապակցությամբ փրկարարական ծառայությունը կգործի արտակարգ ռեժիմով: Մարզպետն ի լրումն ասվածի՝ տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզպետրանի ստորաբաժանումների ղեկավարների և ՏԻ  մարմինների մասնակցությամբ  մարզպետարանում խորհրդակցություն է անցկացվել, որի արդյունքում հստակեցվել են տոների հետ կապված ուժեղացված հսկողության իրականացման գործողությունները: Նա Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետերին հանձնարարեց ուժեղացված հսկողության իրականացման հրահանգով շրջաբերականներ ուղարկել  կրթօջախներին և համայնքներին:

 -Պատասխանատու մարմինների համագործակցված աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր կլինի խուսափել անցանկալի դեպքերից,- ասաց Ա. Նալբանդյանը՝ պատասխանատուներին կոչ անելով զգոն լինել:

Կարևորելով տոնական գեղեցիկ միջոցառումների կազմակերպումը հատկապես խոշոր համայնքներում՝ մարզի ղեկավարը հանձնարարեց շնորհավորական բացիկներ հղել մարզի բոլոր համայնքներին, կրթօջախներին, նախադպրոցական կրթական հաստատություններին, մշակութային օջախներին և մարզադպրոցներին:

Ապա աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձավ եղավ նախորդ շաբաթ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքներին ու անելիքներին:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները դեկտեմբերի 11-ի դրությամբ՝ նշելով, որ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է  ընդամենը 40,2 տոկոս, հողի հարկի կատարողականը՝ 22,7 տոկոս,  գույքահարկինը՝ 73,1, տեղական տուրքինը՝ 21,1, պետական տուրքինը՝23,8 և գույքի վարձակալությանը՝ 25,9 տոկոս:  Նշված ժամանակահատվածի դրությամբ, ըստ վարչության պետի, սեփական եկամուտների կատարողականը պակաս է կատարվել 72 մլն, հողի հարկինը՝ 69 և գույքահարկինը՝ 16 մլն դրամով:

Նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների գծով ընդհանրապես գումարներ չի հավաքագրել 6 համայնք, հողի հարկի գծով՝ 40 համայնք: Ա.Նալբանդյանը փոխմարզպետներից, համապատասխան վարչությունների պետերից պահանջեց կարճ ժամկետներում իրավիճակը շտկելու շրջադարձային քայլեր ձեռնարկել:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ, պետբյուջեի միջոցներով, այդ թվում՝ հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:  Ըստ նրա, հրատապ ծրագրերի կատարողականը ֆինանսավորվել է 80 տոկոսով: Մարզպետը հանձնարարեց խստորեն վերահսկել շինաշխատանքների որակը՝ նշելով որ ընթացիկ շաբաթում ևս կլինի շինհրապարակներում՝ շինարարության ընթացքին ծանոթանալու համար:

 Տեղեկացնելով, որ քամու հետևանքների վերացման նպատակով պետական աջակցությունն արդեն տրամադրվել է մարզի 50 համայնքներին՝ մարզպետը Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարեց խստորեն վերահսկել գումարների հասցեական բաշխումը, իսկ Քաղաքաշինության վարչությանը՝ հետևել կապիտալ շինություններում՝ քամու հետևանքների վերացման աշխատանքների որակին:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ  Սամվել Լամբարյանը տեղեկացրեց, որ Հայ ակնաբուժական նախագծի կողմից արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Սպիտակ քաղաքում ակնաբուժական կենտրոն հիմնելու ուղղությամբ, որը հավանաբար կգործարկվի 2016թ. հունիսին:

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանն իր հերթին, ներկայացնելով ոլորտային աշխատանքները, նշեց, որ դպրոցների կառավարման խորհուրդների կազմավորման կարգում զգալի փոփոխություններ են կատարվել, որոնք կնպաստեն խորհուրդների արդյունավետ գործունեությանը: Ողջունելով կատարված փոփոխությունները՝ մարզպետը նշեց, որ ներկայում շատ դպրոցներում կառավարման խորհուրդները ձևական բնույթ են կրում և հույս հայտնեց, որ կարճ ժամանակում պատկերը բոլորովին այլ կլինի:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան  առաջարկություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27