Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսություն՝ նվիրված Լենա Անթառանյանի հոբելյանին
14.12.2015
Լոռու մարզային գրադարանի դահլիճում Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը և Լոռու մարզպետարանը կազմակերպել էին հանդիսություն՝ նվիրված Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն, բանաստեղծուհի Լենա Անթառանյանի ծննդյան 65-ամյա հոբելյանին: Միջոցառումը վարում էին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստներ, արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը և Մարինե Պետրոսյանը: Միջոցառումը հագեցած էր թատերականացված տեսարաններով, գեղարվեստական կատարումներով: Հոբելյանի առթիվ Լ. Անթառանյանին ողջունեց և շնորհավորագիր հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Ձեր պոեզիան սկսվում է մշակութային անաղարտ ակունքներից և հոգեհարազատ է մեզ: Գնահատելի է Ձեր ավանդը հայ մեծ դասականի՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանի գործունեությունը կազմակերպելու և վարելու գործում»,- մասնավորապես ասված էր շնորհավորագրում:
Բանաստեղծուհուն հոբելյանի առթիվ շնորհավորեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը,ով ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ և պատվոգիր հանձնեց հոբելյարին՝ գրականության և արվեստի տարածման, զարգացման, հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի և ստեղծագործական ժառանգության արժևորման համար: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորանքի խոսք ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը: Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի անունից ողջույն և օրհնանք հղեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
Լ. Անթառանյանին ուղղված սրտառուչ խոսքեր ասացին նաև ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանը Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը և այլոք:
Վերջում Լ. Անթառանյանը երախտագիտություն հայտնեց բոլոր աջակիցներին, կազմակերպիչներին և մասնակիցներին: