Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների հերթական ընդունելությունը
10.12.2015
Դեկտեմբերի 10-ին, Լոռու մարզպետարանում, մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզպետին հանդիպելու համար ցուցակագրվել էին Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչներ, կային նաև Ստեփանավանի տարածաշրջանից: Նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ:
Սպառիչ պատասխաններ տրվեցին սոցիալական, առողջապահական, ապօրինի կառուցապատման հետ կապված և տարաբնույթ այլ հարցերով եկած մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:
Ամրակից գյուղի բնակիչ Լուսվարդ Գևորգյանը, մարզի ղեկավարին տեղեկացրեց,որ իրեն պատկանող անասնագոմը նոյեմբերի 12-ին մարզի տարածքում գրանցված ուժեղ քամու հետևանքով զգալի վնասներ է կրել, մինչդեռ վնասը համայնքապետարանի կողմից չի արձանագրվել և իրենք հնարավորություն չեն ունենա օգտվելու ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցումից: Մարզի ղեկավարը պարզաբանեց, որ պետությունը լրացուցիչ միջոցներ այլևս չի կարող տրամադրել վնասի փոխհատուցման համար, մինչդեռ պատրաստակամություն հայտնեց որոշակի աջակցություն հատկացնել վնասը փոքր-ինչ մեղմելու համար: Ապօրինի կառուցապատման հարցով դիմած մեկ բնակչի էլ մարզպետը խոստացավ մարզպետարանի համապատասխան աշխատակիցների օգնությամբ հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում միջամտել: Ֆինանսական օգնություն խնդրող քաղաքացիներին ևս Ա. Նալբանդյանը պատրաստակամություն հայտնեց ընդառաջել: Վանաձորի բնակիչ Արմինե Գրիգորյանը մարզպետին խնդրեց աջակցել թոռնիկի վիրահատության հարցում, ով լսողական լուրջ խնդիրներ ունի: Ա. Նալբանդյանը քաղաքացուն առաջարկեց մարզպետարան ներկայացնել փոքրիկի հիվանդության պատմության հետ կապված պահանջվող փաստաթղթերը, իսկ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարեց աջակցելու խնդրանքով դիմել առողջապահական ծրագրեր իրականացնող բարեգործական կազմակերպությունների: