Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մենք պատրաստ ենք կայունացման հաջորդ քայլերին
08.12.2015
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Դեկտեմբերի 6-ին հայ ժողովուրդն ընտրեց իր ազգային պետականության զարգացման նոր փուլի ճանապարհը: Դա լինելու է երկարաժամկետ, նվիրում, ջանք ու գիտելիքներ պահանջող ընթացք: Դա լինելու է ժողովրդավարական պետության կայացման ու կայունացման զարգացման անշրջելի ընթացք:
Մենք հպարտությամբ ենք նշում, որ հանրաքվեի նախապատրաստման և քարոզարշավի օրերին Լոռու մարզում գործընթացներն ընթացան բացարձակապես ժողովրդավարական՝ կողմ և դեմ կարծիքների ազատ արտահայտման մթնոլորտում, իսկ հանրաքվեն անցավ ազատ և թափանցիկ՝ առանց անցանկալի միջադեպերի:
Լոռեցիները ձայների մեծամասնությամբ կողմ եղան սահմանադրական փոփոխություններին: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր երկրում կառավարման խորհրդարանական համակարգն արդեն իրականություն է, և այդ ուղու ընտրության հարցում իրենց դերն ունեցան լոռեցիները:
Վստահ եմ, որ մենք ճիշտ ընտրություն կատարեցինք:
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման դժվարին գործընթացն արդեն ետևում է, և ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովների բոլոր անդամներին, վստահված անձանց և դիտորդներին, ընթացքը լուսաբանող լրագրողներին, իրավապահ մարմիններին, վերջապես մեր բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին քվեարկությանը ՝ արտահայտելով իրենց ազատ կամքը:
Մենք պատրաստ ենք հզոր, արդյունավետ պետության կայացման ու կայունացման հաջորդ քայլերին:
Առա՛ջ Աստված:
Արթուր Նալբանդյան
Լոռու մարզպետ