Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը գոհ էր շինաշխատանքների որակից

24.11.2015

Արդեն մի քանի  տարի իրականացվող հրատապ ծրագրերից զատ,  պետբյուջեի ֆինանսավորմամբ Լոռու մարզում կատարվում են նաև կառուցապատման այլ ծրագրեր, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներ՝ Սպիտակ, Կաթնաջուր և Վանաձոր համայնքներում, ցանկապատում և շենքի արտաքին հարդարում՝ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, մեծածավալ  հիմնանորոգում՝  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: Դրանք նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ: Աշխատանքների  ընթացքին տեղում ծանոթանալու համար նոյեմբերի 24-ին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի ու քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ շինօբյեկտներ  այցելեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Շուրջ 5000 քառակուսի  մետր կամ 725 գծամետր է կազմելու Բազում և Խնձորուտ թաղամասերն իրար կապող Խնձորուտ-2 փողոցի և Խնձորուտի գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատման տարածքը: Մարզպետն ու ուղեկցողները քայլեցին ճանապարհի երկայնքով և գոհ էին Լոռու  ՃՃՇ-ի իրականացրած աշխատանքների որակից: Ընդհանուր  առմամբ, այստեղ  ներդրվելու է 52 մլն դրամ, իսկ աշխատանքները, Լոռու ՃՃՇ-ի տնօրեն Արայիկ  Գևորգյանի հավաստմամբ, կավարտվեն միչև դեկտեմբերի 10-ը և երբեմնի անբարեկարգ, վարորդներին անհարմարություններ պատճառող ճանապարհահատվածը  կլինի բանուկ ու  հարմարավետ:

Այնուհետև, մարզպետն ու ուղեկցողները եղան Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, ուր կառուցապատողն ավարտել էր կենտրոնի ցանկապատի, դուռ ու լուսամուտների տեղադրման, տանիքի վերանորոգման ու շենքի  արտաքին հարդարման աշխատանքները: Այստեղ նույնպես կատարված աշխատանքների  որակից  գոհ  էին ինչպես մարզպետը, այնպես էլ՝ կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանը:

Երևանի կինոյի և թատրոնի պետական  ինստիտուտի  Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Սոֆյա Սողոմոնյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ կառավարությանն ու Լոռու մարզպետարանի  ղեկավարությանը գնահատելի աջակցության  համար, որի  արդյունքում Վանաձորի Արվեստի պետական քոլեջի արևմտյան հատվածն զբաղեցնող երբեմնի անխնամ ու անհրապույր երեք հարկաբաժինները ամենաուշը մեկ ամիս անց ինստիտուտի ուսանողությանն ու դասախոսական անձնակազմին կդիմավորեն ժամանակակից ոգով նորոգված ու  բարեկարգ պայմաններով:

Այցելության ավարտին մարզպետ Ա. Նալբանդյանը, պատասխանելով ուղեկցող լրագրողների հարցերին, այցելած  բոլոր  օբյեկտների որակը  գնահատեց լավ, նաև նշեց, որ 2016 թվականին ևս Լոռու մարզում պետբյուջեի  միջոցներով մեծածավալ  ծրագրեր  կիրականացվեն:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59