Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

23.11.2015

Նոյեմբերի 23-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ  անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությունում առաջինը լսվեց Լոռու մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, ՃԿԿ պետ Արթուր Չատինյանի տեղեկատվությունը, ով ներկայացրեց անցած մեկ շաբաթում մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերը: Ըստ նրա տեղեկատվության, նշված ժամանակահատվածում գրանցվել է 18 դեպք, որից 13-ը հրդեհի, 1-ը՝  ՃՏՊ, 1՝ դիակի հայտնաբերման և այլն:

 Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի  «ԼՂՀ 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանների կառուցում» ծրագրին ընդառաջ նոյեմբերի 21-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած Լոռու մարզային «Մարաթոն-դրամահավաք-2015» միջոցառման նախնական արդյունքները: Նա տեղեկացրեց, որ առայժմ հանգանակվել է 10 մլն 650 հազար դրամ: Աշխատակազմի ղեկավարը հույս հայտնեց, որ արդյունքների ամփոփումից հետո այդ ցուցանիշն անհամեմատ կբարձրանա:

Աշխատանքային բուն խորհրդակցությունը հիմնականում նվիրվեց նախորդ շաբաթ մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքներին ու անելիքներին:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները նոյեմբերի 20-ի դրությամբ՝ նշելով, որ սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է  ընդամենը 55,4 տոկոս, հողի հարկի կատարողականը՝ 50,4 տոկոս և գույքահարկինը՝ 77,2 տոկոս:  Վարչության պետի տեղեկացմամբ նշված ժամանակահատվածում սեփական եկամուտների գծով ընդհանրապես գումարներ չի հավաքագրել 20 համայնք, հողի հարկի գծով՝ 3 համայնք: Ա. Նալբանդյանը փոխմարզպետներից պահանջեց կարճ ժամկետներում իրավիճակը շտկելու շրջադարձային քայլեր ձեռնարկել:

Քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի տեղեկացմամբ, պետբյուջեի միջոցներով, այդ թվում և հրատապ ծրագրերով իրականացվող աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Մարզպետը հանձնարարեց խստորեն վերահսկել շինաշխատանքների որակը՝ նշելով որ վաղն անձամբ կլինի շինհրապարակներում՝ շինարարության ընթացին ծանոթանալու համար: Ա. Ջանազյանը տեղեկացրեց նաև, որ շինարարները վերջերս տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքների վերացման նպատակով վերնորոգման աշխատանքներ են իրականացնում մի շարք օբյեկտներում:

Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը ներկայացրեց գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի և սերմացուի գումարների հավաքագրման ընթացքը: Մարզպետը տեղեկացրեց, որ Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված, Լոռու մարզում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքների պարտքերի ներման մասին: Նշված ժամանակահատվածում, ինչպես հայտնի է, տեղացած ուժգին կարկտահարություններից տուժել էր մարզի 10 համայնք։

-Կառավարությունը, հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ, անհրաժեշտ է համարել նշված հողօգտագործողների պարտքային գումարների ետ վերադարձը ներել: Սրանով օգնություն է ցուցաբերվել այն գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու գյուղատնտեսության ոլորտին,- ասաց Ա. Նալբանդյանը:

Մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պետերը ևս տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, հանդես եկան  առաջարկություններով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27