Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի

19.11.2015

Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններից: Դիմողների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ:

Հարցերի մեծ մասը դարձյալ սոցիալական բնույթ էին կրում: Տարաբնույթ կենցաղային, առողջապահական խնդիրների լուծման նպատակով մարզի ղեկավարից դրամական աջակցություն խնդրող 20 քաղաքացու Ա. Նալբանդյանը խոստացավ ֆինանսական օգնություն տրամադրել ներկայացված դիմումներն ուսումնասիրելուց հետո: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած 4  քաղաքացու մարզպետը խորհուրդ տվեց հետևել թափուր աշխատատեղերի հայտարարություններին, մրցույթներին՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ցուցաբերել:

 Ավանդների փոխհատուցման խնդրով դիմած բնակիչներին պարզաբանվեց, որ ներկայում փոխհատուցվում են մինչև 1931 թվականը ծնված քաղաքացիների դրամական ավանդները:

 Օրեր առաջ Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով տուժած բազմաբնակարանների և մասնավոր հատվածի բնակիչներ ևս եկել էին ընդունելության՝ տեղեկանալու, թե ինչպես է լուծվելու պատճառված վնասների դրամական փոխհատուցման խնդիրը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ վնասի չափերի մասին տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ Կառավարությանը: Համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո՝ խնդրի լուծման տարբերակներ կառաջարկվեն:

Կոմունալ -կենցաղային բնույթի հարցեր ևս ներկայացվեցին. մարզպետը հիշեցրեց, որ նմանատիպ հարցերով պարտավոր են զբաղվել համայնքների ղեկավարներն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Վանաձորի 3-րդ աստիճանի վթարայնության Գրիբոյեդովի թիվ 6  շենքի բնակչուհի Նառա Սաքոյանը  հայտնեց, որ շենքը բնակության համար պիտանի չէ և  խնդրեց բնակարանային պայմանների բարելավում կամ դրամական փոխհատուցում տրամադրել:  Մարզպետը պարզաբանեց, որ ներկայում պետական աջակցությամբ իրականացվում է երկաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագիրը և վերջինիս ամբողջական ավարտից հետո միայն  հնարավորության սահմաններում անդրադարձ կկատարվի  նաև 4-րդ և 3-րդ  կարգի վթարայնության շենքերին:

Ընդունելության էր եկել նաև փոքրիկ Նարեկը, ում մարզի ղեկավարը նախորդ ամանորի շեմին անակնկալ մատուցեց՝ նվիրելով տոնածառ: Նարեկն այս անգամ  Ա. Նալբանդյանին  դիմեց  գալիք ամռանը Գուգարք ճամբարում հանգստանալու, ինչպես նաև իրեն համակարգիչ նվիրելու խնդրանքներով: Մարզպետը խոստացավ տղայի ցանկությունները իրականացնել միայն այն դեպքում, եթե նա խոստանա լավ սովորել ու իր իսկ ձեռքով անսխալ գրված նամակ հանձնի իրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27