Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելությանը մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի
19.11.2015
Նոյեմբերի 19-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան 50 քաղաքացի Վանաձորից, Գուգարքի, Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններից: Դիմողների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ:
Հարցերի մեծ մասը դարձյալ սոցիալական բնույթ էին կրում: Տարաբնույթ կենցաղային, առողջապահական խնդիրների լուծման նպատակով մարզի ղեկավարից դրամական աջակցություն խնդրող 20 քաղաքացու Ա. Նալբանդյանը խոստացավ ֆինանսական օգնություն տրամադրել ներկայացված դիմումներն ուսումնասիրելուց հետո: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած 4 քաղաքացու մարզպետը խորհուրդ տվեց հետևել թափուր աշխատատեղերի հայտարարություններին, մրցույթներին՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ցուցաբերել:
Ավանդների փոխհատուցման խնդրով դիմած բնակիչներին պարզաբանվեց, որ ներկայում փոխհատուցվում են մինչև 1931 թվականը ծնված քաղաքացիների դրամական ավանդները:
Օրեր առաջ Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով տուժած բազմաբնակարանների և մասնավոր հատվածի բնակիչներ ևս եկել էին ընդունելության՝ տեղեկանալու, թե ինչպես է լուծվելու պատճառված վնասների դրամական փոխհատուցման խնդիրը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ վնասի չափերի մասին տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ Կառավարությանը: Համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո՝ խնդրի լուծման տարբերակներ կառաջարկվեն:
Կոմունալ -կենցաղային բնույթի հարցեր ևս ներկայացվեցին. մարզպետը հիշեցրեց, որ նմանատիպ հարցերով պարտավոր են զբաղվել համայնքների ղեկավարներն ու համապատասխան ծառայությունների աշխատակիցները:
Վանաձորի 3-րդ աստիճանի վթարայնության Գրիբոյեդովի թիվ 6 շենքի բնակչուհի Նառա Սաքոյանը հայտնեց, որ շենքը բնակության համար պիտանի չէ և խնդրեց բնակարանային պայմանների բարելավում կամ դրամական փոխհատուցում տրամադրել: Մարզպետը պարզաբանեց, որ ներկայում պետական աջակցությամբ իրականացվում է երկաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագիրը և վերջինիս ամբողջական ավարտից հետո միայն հնարավորության սահմաններում անդրադարձ կկատարվի նաև 4-րդ և 3-րդ կարգի վթարայնության շենքերին:
Ընդունելության էր եկել նաև փոքրիկ Նարեկը, ում մարզի ղեկավարը նախորդ ամանորի շեմին անակնկալ մատուցեց՝ նվիրելով տոնածառ: Նարեկն այս անգամ Ա. Նալբանդյանին դիմեց գալիք ամռանը Գուգարք ճամբարում հանգստանալու, ինչպես նաև իրեն համակարգիչ նվիրելու խնդրանքներով: Մարզպետը խոստացավ տղայի ցանկությունները իրականացնել միայն այն դեպքում, եթե նա խոստանա լավ սովորել ու իր իսկ ձեռքով անսխալ գրված նամակ հանձնի իրեն: