Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ընդունեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին
13.11.2015
Նոյեմբերի 13-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նրանց ուղեկցում էին ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը :
Լոռու մարզպետարանում նրանց ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով պաշտոնավարում է այս տարվա սեպտեմբերից, նշեց, որ այցի նպատակը Լոռու մարզի առանձնահատկություններին, տնտեսական ներուժին ծանոթանալն է՝ առաջիկայում փոխհամագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով: Նա նշեց նաև, որ իրենց նպատակը ծրագրերի իրականացման ապակենտրոնացումն է՝ ավելի շատ ծրագրեր մարզերում՝ կարգախոսով:
Ա. Նալբանդյանը, ողջունելով դեսպաններին, շնորհակալաբար ասաց, որ մարզում Եվրամիությունը բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում, որոնք ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
-Մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակով է իրականացվում և հույս ունեմ, այն կշարունակվի նաև հետագայում,-ասաց մարզպետը:
Նա համառոտ ներկայացրեց նաև մարզի զարգացման հեռանկարները, արդյունաբերական ներուժը՝ նշելով, որ տնտեսությունը զարգացնելու նպատակով լուրջ ուշադրություն է դարձվում հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, ինչպես նաև, որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ զբոսաշրջության զարգացմանը: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջությունը մարզում ակտիվացնելու բոլոր նախադրյալները կան՝ գեղատեսիլ բնություն, պատմամշակութային հարուստ ժառանգություն և հյուրասեր ու բարեսիրտ մարդիկ: Մարզի ղեկավարը նշեց նաև, որ աշխատանքներ են տարվում փոքր և միջին ձեռնարկատիրության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ:
Գեմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը մարզպետին հարցեր ուղղեց Սահմանդրական բարեփոխումներին նվիրված հանրաքվեի անցկացման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, որոնց Ա. Նալբանդյանը տվեց սպառիչ պատասխաններ: Նա նաև իր նկատառումները և դիտարկումները հայտնեց մարզում զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով իրականացվելիք ծրագրերի և ձեռնարկումների վերաբերյալ:
Դեսպանները մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բովանդակալից զրույցի համար: