Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անց կկացվի հաշմանդամության հարցերին նվիրված միամսյակ
12.11.2015
Նոյեմբերի 12-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանը: Նիստին մասնակցում էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Օրակարգի առաջին հարցով հանձնաժողովի անդամ, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը տեղեկատվություն ներկայացրեց այս տարվա հոկտեմբերի 8-11-ը Ծաղկաձորում անցկացված ՀՀ նախագահի մրցանակի «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ-2015թ.» մրցույթի արդյունքների և Լոռու մարզից մրցույթին մասնակցած մարզիկների հաջողությունների վերաբերյալ: Նա նշեց, որ թիմային հաշվարկով Լոռու մարզի թիմը գրավել է երկրորդ տեղը, առանձին մարզաձևերում 3 մարզիկ ստացել է առաջին մրցանակ, երկուսը՝ երկրորդ և ևս երկուսը՝ երրորդ մրցանակ: Օգտվելով առիթից՝ մարզի ղեկավարը շնորհակալագրերով պարգևատրեց ինչպես մարզի պատիվը բարձր պահած մարզիկներին, այնպես էլ՝ թիմը լավագույնս ներկայացրած՝ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանին, բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանին:
«Լիարժեք կյանք» հկ նախագահ Սուրեն Մաղաքյանը ներկայացրեց կազմակերպության ընթացիկ ծրագրերը և կազմակերպության ամառային ներառական ճամբարի գործունեությունը: Արթուր Նալբանդյանը, ողջունելով կազմակերպության գործունեությունը և ընդգծելով ներառական ճամբարի կարևորությունը, հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ այս տարի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ճամբարում եղել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել ճամբարի համար լողավազանի և սպորտդահլիճի կառուցման հարցում: Ի լրումն, Արթուր Կեսոյանը տեղեկացրեց, որ օրերս ՀՀ վարչապետի մասնակցությամբ անց է կացվել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ հանգամանորեն ներկայացվել է նաև «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը, որն էլ հավանության է արժանացել Հովիկ Աբրահամյանի կողմից:
«Սեյվ դը չիլդրն» կազմակերպության «Լայֆ» ծրագրի տնօրեն Ջինա Սագիզովան տեղեկատվություն տրամադրեց ծրագրի շրջանակներում ձեռնարկությունների և գործատուների ցանցի ստեղծման վերաբերյալ: Նա նշեց, որ ծրագրի օգնությամբ հանրապետությունում ստեղծվել է 18 սոցիալական ձեռնարկություն, որոնք լիարժեքորեն աշխատում են: Ջ. Սարգիզովան դրանցից մեկի արտադրանքը՝ կաշվե պայուսակները, ներկայացրեց հանձնաժողովի ուշադրությանը: Նա տեղեկացրեց, որ սոցիալական ձեռնարկություն ձևավորվում է նաև Սպիտակ քաղաքում: Սոցիալական ձեռնարկություններում աշխատակիցների 50-70 տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են:
-«Լայֆ» ծրագրի օգնությամբ ադեն 543 հաշմանդամ աշխատանք ունի, -ասաց ծրագրի տնօրենը՝ նշելով, որ սա լուրջ ցուցանիշ է: Ըստ նրա, եղել են գործատուներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահովել են առանց ծրագրից աջակցություն ստանալու: «Լայֆ» ծրագրի օգնությամբ ստեղծվել է նաև հաշմանադամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ցանց:
Օրակարգի հարցերից մեկն առնչվում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից 2016թ.-ը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի» հռչակելուն, որը ներակայացրեց Արթուր Կեսոյանը: Վերջինս խոսեց նաև հաջորդ տարի նախատեսվող միջոցառումների մասին: Նա, օգտվելով առիթից, բարձր գնահատեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի գործունեությունը և շնորհակալություն հայտնեց ակտիվ աշխատանքի համար:
Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անց կկացվի հաշմանդամության հարցերին նվիրված միամսյակ՝ կոչ անելով հասարակական կազմակերպություններին ակտիվորեն մասնակցել:
Օրակարգից դուրս քննարկվեցին նաև ոլորտային այլ հարցեր: