Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաջողություններ միջազգային երիտասարդական ինովացիոն ֆորումում

11.11.2015

Վերջերս Մոսկվայում կազմակերպված միջազգային երիտասարդական ինովացիոն ֆորումում Հայաստանից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ինովացիոն ոլորտների հինգ ներկայացուցիչներից երկուսը Վանաձորից էին՝ «Քալոր» դիզայն-ստուդիայի Վանաձորի վեբ-ծրագրավորող Սվետլանա Ջաղացպանյանը և «Էլպիդա էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի ծրագրավորող Արամ Եղիազարյանը՝ «Էլպիդա էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Խիտարովի ղեկավարությամբ: Ս. Ջաղացպանյանը և Ա. Եղիազարյանը մրցույթ-ֆորումում ստացել են երկրորդ կարգի դիպլոմներ:

Թե որքան ներկայացուցչական էր մոսկովյան ֆորումը, վկայում է  մասնակիցների ցանկը՝ Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ԵՏՄ-ի անդամ երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան: Ընդհանուր մասնակիցների թիվը եղել  60՝  ՏՏ և էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ:

Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ նրանց հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների հետ, որը վարում էր Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Վերջինս շնորհակալական խոսք ասաց մրցանակակիրներին՝ նշելով, որ մարզային իշխանությունները՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, միշտ կաջակցեն Լոռու մարզում առաջատար տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության: Դա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումն է նման ոլորտները մարզերում զարգացնելու վերաբերյալ:

Սվետլանա Ջաղացպանյանը ներկայացրեց էներգախնայող կոմպրեսորը, որը նա ստեղծել է հայաստանյան արտոնագրված մոդելի հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը: Կոմպրեսորը լայն կիրառություն կարող է գտնել հատկապես գազալցակայաններում, ուր կարելի է հասնել ոչ  միայն էլեկտրաէներգիայի շուրջ 50 տոկոս  խնայողության, այլև կայանները էականորեն կշահեն սարքի անհամեմատ ցածր գնի, դրանց առավել երկարակեցության առումով:

 Արամ Եղիազարյանը ներկայացրեց իր ավտոմատացված համակարգման մոդուլը: Վերջինս կարելի է օգտագործել տարբեր միջավայրերի խոնավությունը, սողանքային վայրերում վտանգավորության աստիճանը որոշելու համար, իսկ գազատարներում և քիմիական արդյունաբերությունում՝ որպես անվտանգության համակարգ: Այդ սարքով կարելի է հեռակառավարել ցանկացած էլեկտրական սարք:  Ինչպես նշեց Արկադի Խիտարովը, այս մոդուլային համակարգը պատրաստել է «Էլպիդա էլէկտրոնիքս» ՍՊԸ-ն, որը շահել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կազմակերպած մրցույթում և ստացել դրամաշնորհ: Նա նշեց, որ այս ոլորտում աշխատանքներ սկսելու համար պետք է 50 հազար դոլարին համարժեք դրամի ներդրում: Իրենք արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ, իսկ Մոսկվայի մարզի թռչնաբուծական ֆաբրիկաներից մեկից ստացել են տեխնիկական առաջադրանք: Հարկ է նշել, որ այս սարքերը միջազգային շուկայում իրենց անալոգային նախատիպերը չունեն  և արդյունավետության տեսանկյունից չեն զիջում միջազգային հեղինակավոր ապրանքանիշերին: Համապատասխան աջակցության և հովանավորության դեպքում դրանք կարող են մրցունակ լինել միջազգային շուկայում: Լևոն Ասլանյանը, ողջունելով նման նախաձեռնությունները, նշեց, որ առաջատար տեխնոլոգիաների զարգացմանը  շուտով նոր շունչ  կհաղորդի Վանաձորում  «Թումո» կենտրոնի ստեղծումը: Իսկ հովանավորության և աջակցության առումով իր դերը կխաղա ստեղծվելիք  «Լոռու զարգացման հիմնադրամը»:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27