Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն ընդունեց Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին
05.11.2015
Նոյեմբերի 5-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Լոռու մարզպետարանում նրան ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Դեսպանը մարզի ղեկավարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ այցի նպատակը Լոռու մարզի առանձնահատկություններին, տնտեսական պոտենցիալին ծանոթանալն է՝ առաջիկայում փոխհամագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ա. Նալբանդյանը, ողջունելով դեսպանին, ափսոսանքով ասաց, որ մարզում Իտալիայի հետ համագործակցության առումով փոքր-ինչ պասսիվություն է նկատվում: Կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ մարզպետը նշեց, որ հաճախակի շփումները կնպաստեն տարածաշրջանային համագործակցության խորացմանը, փոխգործակցության լայն հնարավորություններ կստեղծեն: Նա համառոտ ներկայացրեց նաև մարզի զարգացման հեռանկարները, արդյունաբերական պոտենցիալը:
Ջ. Ռիչուլլին, ցանկություն հայտնեց նաև որպես զբոսաշրջիկ այցելել Լոռու մարզ, քանի որ լսել է Լոռու պատմամշակութային հարուստ արժեքների ու գեղատեսիլ բնության մասին: Ա. Նալբանդյանն ի պատասխան՝ պատրաստակամություն հայտնեց ուղեկցել դեսպանին: Մարզի ղեկավարը հանդիպման ավարտին հուշանվեր հանձնեց հյուրին: