Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 4-ին նշվեց սոցիալական աշխատողի օրը
05.11.2015
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, 2009թ.-ից սկսած՝ յուրաքանչյուր տարի, նոյեմբերի 4-ը նշվում է՝ որպես սոցիալական աշխատողի օր: Օրվա առիթով Լոռու մարզպետարանի դահլիճում Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպել մարզում սոցիալական աշխատանքի ոլորտային մասնագետների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ներառական դպրոցների, հասարակական կազմակերպությունների, խնամքի հաստատությունների և համայնքային սոցիալական աշխատողներ:
Հանդիպման նպատակը Լոռու մարզում սոցիալական աշխատողի օրը նշելը և քննարկման միջոցով ոլորտում առկա խնդիրների մասին խոսելն էր:
«2008-2009թթ.-ից սկսած կրթական համակարգ մուտք գործեց ներառական կրթությունը, և այդ առումով սոցիալական աշխատողի դերը բավականին կարևորվեց: Արդեն 2010թ.-ից Word Vision միջազգային հասարակական կազմակերպության հետ 32 համայնքներում ներդրվեց սոցիալական աշխատողի համակարգը, ապագայում ևս լուրջ փոփոխություններ են սպասվում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման հետ կապված: Գործընթացը սկսվել է 2013թ.-ից: Ներկայում ունենք 19 ինտեգրված ծառայությունների կենտրոններ, որոնց քանակը նախատեսվում է ավելացնել և հասցնել 55-ի, 12-ը՝ Երևանում և 43-ը՝ մարզերում>>,- իր խոսքում նշեց Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը:
Ն. Սարգսյանն ասաց, որ դեկտեմբերին նախատեսվում է խրախուսանքի արժանացնել լավագույն սոցիալական աշխատողներին: Բաժնի պետը խոսեց նաև տարբեր կառույցների համագործակցության անհրաժեշտության մասին՝ նշելով, որ այս հարցում դեռևս առկա են բացթողումներ: Անդրադառնալով սպասվելիք համակարգային փոփոխություններից՝ Ն. Սարգսյանը մասնավորապես նշեց, որ լուրջ բարեփոխումներ են սպասվում ներառական կրթության համարկարգում: Նրա խոսքով՝ մինչև 2025թ.-ը, բոլոր հանրակրթական դպրոցները կանցնեն համընդհանուր ներառական կրթության, իսկ մինչև 2022թ.-ը կներկայացվի ներառական կրթության եռաստիճան համակարգը: Լոռու մարզը եռաստիճան համակարգի կանցնի 2016թ.-ին: Հանդիպման ավարտին ակտիվ քննարկում ծավալվեց ոլորտին առնչվող մի շարք հարցերի շուրջ:
Օրվա երկրորդ կեսին մարզպետարանի ներկայացուցիչները եղան Վանաձորի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնում, «Օրրան» ԲՀԿ-ում և Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնում: