Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագրոտուրիզմի զարգացմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն

03.11.2015

Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնի և Լոռու մարզի համագործակցության շրջանակներում ագրոտուրիզմի զարգացման առանձնահատկություններին ծանոթանալու, տեղի գյուղատնտեսների փորձը ուսումնասիրելու և  հետագա գործողությունների պլան մշակելու նպատակով Լոռու մարզի պատվիրակությունը հոկտեմբրի 11-18-ը հերթական անգամ եղավ ՊԱԿԱ-ում: Պատվիրակության կազմում էին Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ՝ Գարգառ համայնքի ղեկավար Կարեն Զալինյանը, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջության  գրասենյակի տնօրեն Քրիստինե Երիցյանը, զբոսաշրջության փորձագետ Անահիտ Ոսկանյանը, Ագրարային համալսարանի  Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ՝ դասախոսներ անտառագետ Գագիկ Ամիրյանը, գյուղատնտես Ս. Հովակիմյանը, գյուղատնտեսական  աուդիտի մասնագետ Տ. Չոբանյանը, նաև ներկայացուցիչներ Երևանի ագրարային համալսարանից:

Նրանք այցելել են Կարպանտրայի ագրարային լիցեյ, օծանելիքի, գինու արտադրամասեր, անասնապահական ֆերմաներ, այգեգործական տնտեսություններ: Պատվիրակության անդամներին առավելապես հետաքրքրել է այն, որ ցանկացած արտադրություն ունի սեփական վաճառակետ, ապրանքատեսակների յուրօրինակ փաթեթավորում, ինչը մեծապես նպաստում է դրանց ամբողջական իրացմանը: Պատվիրակության անդամներն այցելել են նաև կոոպերատիվի կարգավիճակով գործող վաճառքի կենտրոն: Այստեղ տարածաշրջանի ֆերմերները և գյուղատնտեսներն ունեցել են սեփական վաճառակետեր, որտեղ վաճառել են սեփական արտադրության, էկոլոգիապես  մաքուր  ու գեղեցիկ փաթեթավորված ապրանքատեսականին:

 Նրանք եղել են նաև զբոսաշրջային գրասենյակում:

Վերադարձից հետո պատվիրակության անդամները Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մարզպետարանի շահագրգիռ պաշտոնյաների ուշադրությանը ներակայացրին այցի մանրամասները, հանդես եկան ծրագրային առաջարկով:

-Մենք հանգեցինք եզրակացության, որ ագրոտուրիզմը զարգացնելու նպատակով միայն օթևանատնային բիզնեսի զարգացումը բավարար չէ,  զբոսաշրջիկին անհարժեշտ է գրավել նաև տեղական արտադրության  էկոլոգիապես մաքուր սննդամթերքով, ձևավորել վաճառքի մշակույթ, -ասաց պատվիրակության անդամ Գ. Ամիրյանը:

Նա մարզի ղեկավարին տեղեկացրեց, որ վերադառնալով՝ նրանք համատեղ քննարկումներ են կազմակերպել, մարզում ագրոտուրիզմը և ֆերմերային տնտեսությունը զարգացնելու նպատակով մշակել  ծրագրային առաջարկների փաթեթ: Պատվիրակության անդամներն առաջարկեցին ստեղծել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ընկերություն, որը կկարողանա իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, կմասնակցի դրամաշնորհային մրցույթների և այլն: Առաջարկեցին նաև իրականացնել ֆերմերների վերապատրաստման դասընթացներ,  ստեղծել կոոպերատիվ վաճառակետ, վեբ կայք, ապրանքատեսականու փաթեթավորման արտադրություն և այլն:

Մարզպետը,  ողջունելով խելամիտ առաջարկները, հանձնարարեց  մինչև տարեվերջ կազմել ամբողջական ծրագիր՝ հանգամանորեն ներկայացնելով նաև ֆինանսական մասը: Նա նշեց, որ ՀՀ նախագահի խոստման համաձայն 2016թ.  «Լոռու զարգացման հիմնադրամի» ստեղծմամբ միգուցե նաև հնարավոր լինի ֆինանսավորել ծրագիրը, կգտնվեն նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ:  

-Ֆրանսիական կողմի հետ մեր համագործակցությունը խոստումնալից է, և մենք մեծ ակնկալիքներ ունենք մարզում համատեղ ուժերով զարգացնելու ֆրանկոֆոնիան, տուրիզմը, ագրոտուրիզմը և ոչխարաբուծությունը: Տուրիզմի զարգացման ուղղությամբ արդեն իսկ լուրջ առաջընթաց ենք գրանցել, նաև ձեր օգնությամբ հույս ունենք զարգացնելու ֆերմերային տնտեսությունը և ագրոտուրիզմը: Մեր խնդիրն է այժմ ամենայն պատասխանատվությամբ լծվել աշխատանքին, գործնական և տեսանելի քայլեր իրականացնել,- ասաց  Ա. Նալբանդյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27