Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը Ախթալայում

02.11.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հոկտեմբերի 28-29-ին Երևանի Մատենադարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` «Հիշողության կերպարանքները» խորագրով, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի, Վրաստանի ներկայացուցիչները: Համաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեկսեյ Լիդովի ռուսերեն և անգլերեն լեզվով «Ախթալայի վանքի որմնանկարները» հիմնարար աշխատության շնորհանդեսն էր:

Երեք գլխից բաղկացած աշխատությունը  ամբողջությամբ նվիրված է միջնադարյան հայկական ճարտարապետության անզուգական  գոհարներից մեկի՝ Ախթալայի վանական  համալիրի 800-ամյա, բայց հրաշալիորեն պահպանված որմնանկարներին:

Հեղինակի ցանկությամբ  հոկտեմբերի 30-ին գրքի ինքնատիպ շնորհանդես էր կազմակերպվել  նաև Ախթալայում: Միջոցառման անցկացման ծանրությունը իրենց  վրա էին վերցրել Ախթալայի թիվ 1 միջնակարգ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, որոնց ուժերով շնորհանդեսը համեմվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանը նվիրված գրական ցերեկույթով:

Հայկական տարազներով դպրոցականները աղ ու հացով դիմավորեցին պատվավոր հյուրին ու  նրա տիկնոջը, ովքեր Լոռու մարզպետարանի, Ախթալայի քաղաքապետարանի ղեկավարների, հոգևոր այրերի ու հյուրերի ուղեկցությամբ մտան հանդիսասրահ:

Ներկաների, հատկապես Ա.Լիդովի վրա ապշեցուցիչ տպավորություն գործեց ռուս  բանաստեղծների՝ Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված ստեղծագործություններով գրական կոմպոզիցիան՝ դպրոցի աշակերտների վարժ ու անթերի արտասանությամբ, ռուսերեն լեզվով:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

Բարձր գնահատելով Ա. Լիդովի գիտական վաստակը հայոց մշակութային արժեքների ուսումնասիրման և մասնավորապես՝  «Ախթալայի վանքի որմնանկարները» ծավալուն, պատկերազարդ աշխատության ստեղծման ու այն օտարերկրյա ընթերցողին ու մասնագետներին ներկայացնելու գործում, մարզի ղեկավարը  նրան շնորհեց Լոռու մարզպետի ոսկե հուշամեդալ, իսկ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը ընթերցեց Ախթալայի քաղաքապետարանի ավագանու որոշումը պարոն Լիդովին Ախթալայի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին:

Գրքի հեղինակին երախտիքի խոսք ասաց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Ախթալայի վանքահամալիրի և տարածքային հոգևոր հովիվ Վիգեն քահանա Ազարյանը:

Ազդեցիկ էր Ա.Լիդովի խոսքը: Նշելով, որ Հայաստանին, նրա պատմությանն ու մշակույթին պատահաբար առնչվելով ուսանողական տարիներին, տակավին 19 տարեկան հասակում, հոգով ընդմիշտ կապվել է այս, իր խոսքով՝ սիրելի երկրի մշակույթին ու ճարտարապետությանը, նա շեշտեց՝ «Հայաստանի  նկատմամբ սերս ամբողջ կյանքիս  համար է»,- ավելացնելով, որ Ախթալայի վանքահամալիրը, ճարտարապետական իր արժեքներով ոչնչով չզիջելով Սանահինի և Հաղպատի համալիրներին, միանգամայն արժանի է՝ որպես մշակութային ժառանգություն հաշվառվելու Յունեսկոյի կողմից: Ի դեպ, այս նույն գիրքը անգլերեն լեզվով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել դեռևս 1991 թվականին:

Ալեկսեյ Լիդովը գրքի մեկ օրինակ ընծայագրով նվիրեց Ախթալայի թիվ 1  միջնակարգ դպրոցին:

Միջոցառման ամբողջ ընթացքում հանդիսասրահի բեմում տեղադրված էկրանին ցուցադրվում էին Ախթալայի վանքահամալիրի ու  նրանում առկա վիմագրերի շարժանկար պատկերները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27