Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Լոռու մարզպետի մամլո ասուլիսը

27.10.2015

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը, որին մասնակցում էին  ինչպես տեղական ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողները: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների  պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 Ասուլիսի թեման մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2015թ. կիսամյակային արդյունքներն էին, ինչպես նաև սեպտեմբերի 20-ին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունում արծարծված հիմնախնդիրները:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նախ համապարփակ ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքները, հիմնախնդիրները, առաջիկա ծրագրերը:

Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ մարզի տնտեսության զարգացման  ցուցանիշների ավելի քան 76 տոկոսը  ապահովում է արդյունաբերությունը, հատկապես՝   հանքարդյունաբերությունը : 2014թ.-ի վերջին, Թեղուտի շահագործմամբ,  այս տարի արդյունաբերության ոլորտում աննախադեպ աճ արձանագրվեց, ինչը դրականորեն է անդրադառնում  ոչ միայն մարզի, այլև հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման  ցուցանիշների վրա: Եթե 2014թ. ընթացքում թողարկված արտադրանքի  ծավալը ընթացիկ գներով կազմել է 69 մլրդ 941 մլն դրամ, ապա 2015թ.  առաջին կիսամյակում՝ արդեն 57 մլրդ 689 մլն դրամ, աճը կազմել է 178,9 տոկոս, և սա այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում մետաղի գների անկում է արձանագրվել: Գների անկումը, ինչպես նաև տեղի ունեցող աշխարհաքաղաքական ցնցումներն իրենց ազդեցությունն  են ունենում  ինչպես երկրի, այնպես էլ մարզի տնտեսության վրա: Մարզի ղեկավարը չբացառեց, որ աշխատատեղերի կրճատումներ կլինեն  ինչպես Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, այնպես էլ՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում և Ստեփանավանի «Սագամար» ընկերությունում:

Որպես կարևոր բնագավառ՝ Ա. Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրեց քաղաքաշինության ոլորտը: Նա նշեց, որ եթե 2014թ. 1մլրդ  219 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել, ապա այս տարի տարբեր ֆինանսական աղբյուրներով նախատեսվում է իրականացնել ավելի քան 5 մլրդ 564 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ: Ա. Նալբանդյանը կարևորեց հատկապես մարզի համար կենսական նշանակություն ունեցող Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի կառուցումը: Լոռու մարզի 13 համայնքներն իրար կապող այդ ճանապարհի կառուցումը  ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից է: Ծրագրի արժեքը 3,5 մլրդ դրամ է:  Մարզպետը համոզմունք հայտնեց, որ ճանապարհի շահագործումից հետո մարզի գյուղատնտեսության ոլորտում ևս  էական աճ կարձանագրվի: 2016թ. կավարտվի Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման ճանապարհի կառուցումը, որը նույնպես կարևոր ծրագիր է մարզի համար և  իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վարկային միջոցներով: Ծրագրի արժեքը 1 մլրդ 400 մլն եվրո է:

Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև մարզում պետական աջակցությամբ իրականացվող հրատապ լուծում պահանջող ծրագրերի ընթացքին:

Խոշոր կապիտալ ծրագրերից մարզի ղեկավարն առանձնացրեց հատկապես Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը: Ծրագրի արժեքը 6,1 մլրդ դրամ է, որից 1.1 մլրդ-ը տրամադրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցման համար: Վանաձորի բժշկական կենտրոնն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ. աշնանը:

-Արդյունքում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն,- նշեց բանախոսը:- «Տաշիր» բարեգործական հիմնադրամը բացի այս և սոցիալական մի շարք այլ կարևոր  ծրագրերի,  լուրջ ներդրումներ է կատարում կապիտալ շինարարության ոլորտում: Հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզներ են կառուցվում Տաշիրում և Ստեփանավանում: Մարզում երկու այլ մանակապարտեզներ կառուցելու պայմանավորվածություն կա՝ Սպիտակում և Ալավերդում:

Մարզպետը ներկաներին տեղեկացրեց նաև, որ Վանաձորի տեխնոպարկի կառուցումը  ևս ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում  է: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրով  Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման նախագծային արժեքը 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար է:  Շինարարությունը, որը սկսվել է այս տարվա օգոստոսին, նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ. մայիսին: Արդյունքում, Լոռու մարզկենտրոնը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնոկենտրոն: Չնայած շինաշխատանքները ընթացքի մեջ են, սակայն ՀՀ ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի գործող մասնաշենքում հատկացված տարածքում, արդեն իսկ,  մի քանի ամիս է, ինչ տեխնոկենտրոնը ակտիվ գործունեություն է իրականացնում, առայժմ՝ 14 աշխատակցով: Երկրի ղեկավարի խոստման համաձայն  տեխնոկենտրոնին զուգահեռ նախատեսվում է նաև Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղ հիմնել Վանաձորում և այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են ընթանում: Կրթության և ՏՏ ոլորտների զարգացմանն ուղղված այս ձեռնարկումների տրամաբանական շարունակությունը կլինի «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից Դեբեդ գյուղի հարակից տարածքում «Սմարթ» ուսումնական կենտրոնի կառուցումը: Սրա շինարարությունը ևս ընթացքի մեջ է: Ծրագրի արժեքը 5 մլն դոլար է:

- Համոզված եմ, առաջիկա մի քանի տարիներին այս ծրագրերի շնորհիվ Լոռու մարզը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց կգրանցի,-ասաց Ա. Նալբանդյանը՝ նշելով, որ մարզում ներդրումային ծրագրերը բավականին շատ են և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:

Մարզի ղեկավարը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություներից՝ նշելով, որ դրանց առավելապես նպաստել են պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը. շուրջ 3000 հեկտարով ավելացել են ցանքատարածությունները, ավելացել է բերքատվությունը գրեթե բոլոր մշակաբույսերի առումով, ավելացել է անասնագլխաքանակը: Ծրագրերը շարունակական են  և իրագործվում են հաջողությամբ: Այս ամենով հանդերձ, որոշակի դժվարություններ կան կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման ծրագրի իրականացման գործում:

- Ոչ բոլոր համայնքներում է հնարավոր լինում կիրառել այս ծրագիրը, ինչը վկայում է բացատրական աշխատանքների անբավարարության մասին: Այն համայնքներում, որտեղ իրականացվել է նման ծրագիր, լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ օրինակ, 20 տոկոսով կաթնատվության աճ  և 15 տոկոսով՝ անասնագլխաքանակի քաշաճ,-ասաց Ա. Նալբանդյանը:

-Գյուղատնտեսության ոլորտում մեր կողմից իրականացվող մեկ այլ հետևողական աշխատանքի՝  պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության գումարների գանձման շնորհիվ, հավաքագրման տոկոսը այս տարի հասցվել է 45 -ի, ինչը եզակի ցուցանիշ է հանրապետությունում: Արդյունքում, 125 մլն դրամ լրացուցիչ սեփական եկամուտ ենք հավաքագրել: Համոզված եմ՝ այս ցուցանիշն առաջիկայում էլ ավելի կբարձրանա,-ասաց նա:

Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 20-ին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը: ՀՀ նախագահի մոտ քննարկված հարցերից նա մասնավորապես առանձնացրեց շատերին   հուզող «Վանաձոր- քիմպրոմի» հետագա ճակատագրին առնչվող խնդիրը: Մարզպետը տեղեկացրեց, որ Երկրի ղեկավարի հանձնարարականով, նախորդ շաբաթ քիմպրոմի աշխատակիցներին արդեն վճարվել է 2 ամսվա աշխատավարձը, մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը (ընդհանուր՝ 337 մլն դրամ):

-Երկրի  նախագահը շահագրգիռ է հնարավոր բոլոր  միջոցներով ձեռնարկությունը պահպանելու, այն աշխատատեղերով համալրելու հարցում: Շուրջ մեկ ամիս անց հնարավոր կլինի ավելի հստակ խոսել «Վանաձոր- քիմպրոմի» հետագա ճակատագրի մասին,-ասաց նա:

Մարզպետը հանգամանորեն խոսեց նաև մյուս ոլորտների մասին:

Ասուլիսի երկրորդ հատվածում Լոռու մարզպետը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմապիսի հարցերի, որոնցից, ստորև, ներկայացվում են մի քանիսը:

 

«Հետք» էլեկտրոնային թերթ.

-Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի թունելները լուրջ վտանգ են ներկայացնում երթևեկության համար: Երբ է նախատեսվում ճանապարհի հիմնանորոգումը:

- Այդ ճանապարհի վերանորոգումը կսկսվի 2016թ.-ին: Ծրագրի շրջանակներում արդեն մի քանի քննարկումներ եղել են: Ճանապարհի կառուցմանը զուգահեռ ամբողջությամբ կվերակառուցվեն նաև այդ հատվածում գտնվող թունելները: Ծրագրի ընդհանուր արժեքը 125 մլն եվրո է:

-Ճոճկան գյուղն այս տարի լուրջ վնասներ կրեց կարկուտի պատճառով: Հակակարկտային կայան արդյոք չի՞ նախատեսվում տեղադրել այս տարածքում:

-Այսօր մարզի ողջ տարածքում ընդամենը 33 հակակարկտային կայան ունենք: Կայանների սակավությունը խնդիր է ողջ հանրապետության համար: Առաջիկայում, ծրագրերից որևէ մեկում համայնքն անպայման կընդգրկվի: Ճոճկանում,ինչպես նաև կարկուտից տուժած մի շարք այլ համայնքներում, այս տարի աջակցության ծրագրեր  իրականացվեցին:

- Հարցս վերաբերում է Արջուտ համայնքի ղեկավարին, ով,  կարելի է ասել, անտարբեր է գյուղի ճակատագրի հանդեպ. համայնքի տարածքում իրականացվող աղբահանությունը, ոսկու հանքի նախատեսվող շահագործումը լուրջ բնապահպանական խնդիրներ են ստեղծում համայնքի համար:

-Արջուտի գյուղապետը բազմիցս ահազանգել է համայնքի տարածքում կատարվող աղբահանության մասին, սակայն ներակայում այլ տարբերակ չենք կարող  առաջարկել: Արջուտին  ենթակա տարածքում է տեղակայված Վանաձոր քաղաքի աղբավայրը: Ինչպես գիտեք KFW բանկի վարկային միջոցներով նախատեսվում է մեկ այլ աղբավայր կառուցել, որից հետո արդեն հարցը լուծում կստանա: Ինչ վերաբերում է ոսկու հանքի շահագործմանը, ապա համոզված եմ, գյուղապետն իր իրավասության սահմաններում հետևողական կլինի, որպեսզի գործընթացն իրականացվի օրենքի սահմաններում:

-«Հետքին» տված հարցազրույցներից մեկում դուք անհագստություն էիք հայտնել Վանաձորի զարգացման տեմպերի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում այսօր մարզկենտրոնում ստեղծված իրավիճակը:

-Մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական վիճակը մեզ իսկապես անհանգստացնում է, որովհետև նախկին արդյունաբերական հզոր կենտրոնից գրեթե ոչինչ չի մնացել: Մեր խնդիրն այսօր Վանաձորում փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է: ՀՀ  նախագահի  հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը նշեց, որ 2016թ. կստեղծվի «Լոռու զարգացման հիմնադրամ», որի հիմնական նպատակը ձեռնարկատիրության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելն է:   Վանաձորում  նաև տուրիզմը, կարի արտադրությունը զարգացնելու հեռանկարներ կան:

«Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ.

-Մարզի որոշ գյուղական համայնքներում բերքի իրացման խնդիրներ են առաջացել:

-Իրացման խնդիրներ առաջանում են միայն այն դեպքում, եթե բերքն անորակ է: Հակառակ պարագայում  բերքը սպառվում է շատ արագ, և գնորդը վճարում է բավականին բարձր գին: Մենք չենք կարող ստիպել տնտեսվարողներին վճարել անորակ բերքի համար:

 

«Լոռի» հեռուստառադիոընկերություն .

-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին  ընդառաջ ինչպես է պատրաստվում «այո»-ի քարոզչություն իրականացնել:

-Ես՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար, ակտիվորեն մասնակցելու են «այո»-ի քարոզչությանը: Մենք ստեղծում ենք աշխատանքային խմբեր, որի անդամները համապատասխան գրաֆիկով կիրազեկեն հասարակությանը, կտեղեկացնեն սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, ընկալելի կդարձնեն դրա բնույթը:

«Ասպարեզ» էլեկտրոնային թերթ.

-Խնդրում եմ անդրադառնալ մարզի առողջապահության ոլորտին և արտագաղթի ծավալներին:

-Առողջապահության ոլորտում այս տարի լուրջ ներդրումային ծրագրեր ենք իրականացրել, դրանցից մի քանիսի մասին արդեն խոսեցի:Ներդրումային ծրագրերը շարունակվելու են:  Մենք այսօր առավելապես կարևորում ենք վճարովի ծառայությունների ավելացումը  մարզային ենթակայության բուժհիմնարկներում: Իմ պահանջով բուժհիմնարկների ղեկավարները յուրաքանչյուր եռամսյակ հանդես են  գալիս  ֆինանսական հաշվետվություններով, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոռուպցիոն դրսևորումներից: Պետք  է ասեմ, որ 2014-2015թ.թ. բուժհիմնարկներից մի քանիսում  վճարովի ծառայություններից տնտեսված մ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24