Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Լոռու մարզպետի մամլո ասուլիսը
27.10.2015
Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական մամլո ասուլիսը, որին մասնակցում էին ինչպես տեղական ԶԼՄ-ների, այնպես էլ՝ հանրապետական լրատվամիջոցների մարզային լրագրողները: Ներկա էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների, բաժինների պետերը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ասուլիսի թեման մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2015թ. կիսամյակային արդյունքներն էին, ինչպես նաև սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունում արծարծված հիմնախնդիրները:
Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը նախ համապարփակ ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքները, հիմնախնդիրները, առաջիկա ծրագրերը:
Անդրադառնալով արդյունաբերության ոլորտին՝ մարզպետը նշեց, որ մարզի տնտեսության զարգացման ցուցանիշների ավելի քան 76 տոկոսը ապահովում է արդյունաբերությունը, հատկապես՝ հանքարդյունաբերությունը : 2014թ.-ի վերջին, Թեղուտի շահագործմամբ, այս տարի արդյունաբերության ոլորտում աննախադեպ աճ արձանագրվեց, ինչը դրականորեն է անդրադառնում ոչ միայն մարզի, այլև հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշների վրա: Եթե 2014թ. ընթացքում թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 69 մլրդ 941 մլն դրամ, ապա 2015թ. առաջին կիսամյակում՝ արդեն 57 մլրդ 689 մլն դրամ, աճը կազմել է 178,9 տոկոս, և սա այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում մետաղի գների անկում է արձանագրվել: Գների անկումը, ինչպես նաև տեղի ունեցող աշխարհաքաղաքական ցնցումներն իրենց ազդեցությունն են ունենում ինչպես երկրի, այնպես էլ մարզի տնտեսության վրա: Մարզի ղեկավարը չբացառեց, որ աշխատատեղերի կրճատումներ կլինեն ինչպես Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, այնպես էլ՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանում և Ստեփանավանի «Սագամար» ընկերությունում:
Որպես կարևոր բնագավառ՝ Ա. Նալբանդյանը հանգամանորեն ներկայացրեց քաղաքաշինության ոլորտը: Նա նշեց, որ եթե 2014թ. 1մլրդ 219 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել, ապա այս տարի տարբեր ֆինանսական աղբյուրներով նախատեսվում է իրականացնել ավելի քան 5 մլրդ 564 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ: Ա. Նալբանդյանը կարևորեց հատկապես մարզի համար կենսական նշանակություն ունեցող Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի կառուցումը: Լոռու մարզի 13 համայնքներն իրար կապող այդ ճանապարհի կառուցումը ՀՀ նախագահի նախընտրական խոստումներից է: Ծրագրի արժեքը 3,5 մլրդ դրամ է: Մարզպետը համոզմունք հայտնեց, որ ճանապարհի շահագործումից հետո մարզի գյուղատնտեսության ոլորտում ևս էական աճ կարձանագրվի: 2016թ. կավարտվի Տաշիր-Գոգավան- Վրաստանի սահման ճանապարհի կառուցումը, որը նույնպես կարևոր ծրագիր է մարզի համար և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վարկային միջոցներով: Ծրագրի արժեքը 1 մլրդ 400 մլն եվրո է:
Ա. Նալբանդյանն անդրադարձավ նաև մարզում պետական աջակցությամբ իրականացվող հրատապ լուծում պահանջող ծրագրերի ընթացքին:
Խոշոր կապիտալ ծրագրերից մարզի ղեկավարն առանձնացրեց հատկապես Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցումը: Ծրագրի արժեքը 6,1 մլրդ դրամ է, որից 1.1 մլրդ-ը տրամադրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցման համար: Վանաձորի բժշկական կենտրոնն ամբողջությամբ նախատեսվում է շահագործման հանձնել 2016թ. աշնանը:
-Արդյունքում կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժհաստատություն,- նշեց բանախոսը:- «Տաշիր» բարեգործական հիմնադրամը բացի այս և սոցիալական մի շարք այլ կարևոր ծրագրերի, լուրջ ներդրումներ է կատարում կապիտալ շինարարության ոլորտում: Հիմնադրամի ֆինանսավորմամբ մանկապարտեզներ են կառուցվում Տաշիրում և Ստեփանավանում: Մարզում երկու այլ մանակապարտեզներ կառուցելու պայմանավորվածություն կա՝ Սպիտակում և Ալավերդում:
Մարզպետը ներկաներին տեղեկացրեց նաև, որ Վանաձորի տեխնոպարկի կառուցումը ևս ՀՀ նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում է: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող համատեղ ծրագրով Վանաձորի տեխնոկենտրոնի կառուցման նախագծային արժեքը 3 մլն 800 հազար ԱՄՆ դոլար է: Շինարարությունը, որը սկսվել է այս տարվա օգոստոսին, նախատեսվում է ավարտին հասցնել 2016թ. մայիսին: Արդյունքում, Լոռու մարզկենտրոնը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնոկենտրոն: Չնայած շինաշխատանքները ընթացքի մեջ են, սակայն ՀՀ ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի գործող մասնաշենքում հատկացված տարածքում, արդեն իսկ, մի քանի ամիս է, ինչ տեխնոկենտրոնը ակտիվ գործունեություն է իրականացնում, առայժմ՝ 14 աշխատակցով: Երկրի ղեկավարի խոստման համաձայն տեխնոկենտրոնին զուգահեռ նախատեսվում է նաև Երևանի «Թումո» կենտրոնի մասնաճյուղ հիմնել Վանաձորում և այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են ընթանում: Կրթության և ՏՏ ոլորտների զարգացմանն ուղղված այս ձեռնարկումների տրամաբանական շարունակությունը կլինի «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից Դեբեդ գյուղի հարակից տարածքում «Սմարթ» ուսումնական կենտրոնի կառուցումը: Սրա շինարարությունը ևս ընթացքի մեջ է: Ծրագրի արժեքը 5 մլն դոլար է:
- Համոզված եմ, առաջիկա մի քանի տարիներին այս ծրագրերի շնորհիվ Լոռու մարզը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լուրջ առաջընթաց կգրանցի,-ասաց Ա. Նալբանդյանը՝ նշելով, որ մարզում ներդրումային ծրագրերը բավականին շատ են և ընդգրկում են գրեթե բոլոր ոլորտները:
Մարզի ղեկավարը խոսեց նաև գյուղատնտեսության ոլորտում արձանագրված հաջողություներից՝ նշելով, որ դրանց առավելապես նպաստել են պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը. շուրջ 3000 հեկտարով ավելացել են ցանքատարածությունները, ավելացել է բերքատվությունը գրեթե բոլոր մշակաբույսերի առումով, ավելացել է անասնագլխաքանակը: Ծրագրերը շարունակական են և իրագործվում են հաջողությամբ: Այս ամենով հանդերձ, որոշակի դժվարություններ կան կոլեկտիվ տնտեսությունների ստեղծման ծրագրի իրականացման գործում:
- Ոչ բոլոր համայնքներում է հնարավոր լինում կիրառել այս ծրագիրը, ինչը վկայում է բացատրական աշխատանքների անբավարարության մասին: Այն համայնքներում, որտեղ իրականացվել է նման ծրագիր, լուրջ հաջողություններ ենք արձանագրել՝ օրինակ, 20 տոկոսով կաթնատվության աճ և 15 տոկոսով՝ անասնագլխաքանակի քաշաճ,-ասաց Ա. Նալբանդյանը:
-Գյուղատնտեսության ոլորտում մեր կողմից իրականացվող մեկ այլ հետևողական աշխատանքի՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության գումարների գանձման շնորհիվ, հավաքագրման տոկոսը այս տարի հասցվել է 45 -ի, ինչը եզակի ցուցանիշ է հանրապետությունում: Արդյունքում, 125 մլն դրամ լրացուցիչ սեփական եկամուտ ենք հավաքագրել: Համոզված եմ՝ այս ցուցանիշն առաջիկայում էլ ավելի կբարձրանա,-ասաց նա:
Արթուր Նալբանդյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը: ՀՀ նախագահի մոտ քննարկված հարցերից նա մասնավորապես առանձնացրեց շատերին հուզող «Վանաձոր- քիմպրոմի» հետագա ճակատագրին առնչվող խնդիրը: Մարզպետը տեղեկացրեց, որ Երկրի ղեկավարի հանձնարարականով, նախորդ շաբաթ քիմպրոմի աշխատակիցներին արդեն վճարվել է 2 ամսվա աշխատավարձը, մնացած պարտքը կմարվի մինչև դեկտեմբերի 15-ը (ընդհանուր՝ 337 մլն դրամ):
-Երկրի նախագահը շահագրգիռ է հնարավոր բոլոր միջոցներով ձեռնարկությունը պահպանելու, այն աշխատատեղերով համալրելու հարցում: Շուրջ մեկ ամիս անց հնարավոր կլինի ավելի հստակ խոսել «Վանաձոր- քիմպրոմի» հետագա ճակատագրի մասին,-ասաց նա:
Մարզպետը հանգամանորեն խոսեց նաև մյուս ոլորտների մասին:
Ասուլիսի երկրորդ հատվածում Լոռու մարզպետը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող բազմապիսի հարցերի, որոնցից, ստորև, ներկայացվում են մի քանիսը:
«Հետք» էլեկտրոնային թերթ.
-Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհահատվածի թունելները լուրջ վտանգ են ներկայացնում երթևեկության համար: Երբ է նախատեսվում ճանապարհի հիմնանորոգումը:
- Այդ ճանապարհի վերանորոգումը կսկսվի 2016թ.-ին: Ծրագրի շրջանակներում արդեն մի քանի քննարկումներ եղել են: Ճանապարհի կառուցմանը զուգահեռ ամբողջությամբ կվերակառուցվեն նաև այդ հատվածում գտնվող թունելները: Ծրագրի ընդհանուր արժեքը 125 մլն եվրո է:
-Ճոճկան գյուղն այս տարի լուրջ վնասներ կրեց կարկուտի պատճառով: Հակակարկտային կայան արդյոք չի՞ նախատեսվում տեղադրել այս տարածքում:
-Այսօր մարզի ողջ տարածքում ընդամենը 33 հակակարկտային կայան ունենք: Կայանների սակավությունը խնդիր է ողջ հանրապետության համար: Առաջիկայում, ծրագրերից որևէ մեկում համայնքն անպայման կընդգրկվի: Ճոճկանում,ինչպես նաև կարկուտից տուժած մի շարք այլ համայնքներում, այս տարի աջակցության ծրագրեր իրականացվեցին:
- Հարցս վերաբերում է Արջուտ համայնքի ղեկավարին, ով, կարելի է ասել, անտարբեր է գյուղի ճակատագրի հանդեպ. համայնքի տարածքում իրականացվող աղբահանությունը, ոսկու հանքի նախատեսվող շահագործումը լուրջ բնապահպանական խնդիրներ են ստեղծում համայնքի համար:
-Արջուտի գյուղապետը բազմիցս ահազանգել է համայնքի տարածքում կատարվող աղբահանության մասին, սակայն ներակայում այլ տարբերակ չենք կարող առաջարկել: Արջուտին ենթակա տարածքում է տեղակայված Վանաձոր քաղաքի աղբավայրը: Ինչպես գիտեք KFW բանկի վարկային միջոցներով նախատեսվում է մեկ այլ աղբավայր կառուցել, որից հետո արդեն հարցը լուծում կստանա: Ինչ վերաբերում է ոսկու հանքի շահագործմանը, ապա համոզված եմ, գյուղապետն իր իրավասության սահմաններում հետևողական կլինի, որպեսզի գործընթացն իրականացվի օրենքի սահմաններում:
-«Հետքին» տված հարցազրույցներից մեկում դուք անհագստություն էիք հայտնել Վանաձորի զարգացման տեմպերի վերաբերյալ: Ինչպե՞ս եք գնահատում այսօր մարզկենտրոնում ստեղծված իրավիճակը:
-Մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական վիճակը մեզ իսկապես անհանգստացնում է, որովհետև նախկին արդյունաբերական հզոր կենտրոնից գրեթե ոչինչ չի մնացել: Մեր խնդիրն այսօր Վանաձորում փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է: ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը նշեց, որ 2016թ. կստեղծվի «Լոռու զարգացման հիմնադրամ», որի հիմնական նպատակը ձեռնարկատիրության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն աջակցելն է: Վանաձորում նաև տուրիզմը, կարի արտադրությունը զարգացնելու հեռանկարներ կան:
«Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ.
-Մարզի որոշ գյուղական համայնքներում բերքի իրացման խնդիրներ են առաջացել:
-Իրացման խնդիրներ առաջանում են միայն այն դեպքում, եթե բերքն անորակ է: Հակառակ պարագայում բերքը սպառվում է շատ արագ, և գնորդը վճարում է բավականին բարձր գին: Մենք չենք կարող ստիպել տնտեսվարողներին վճարել անորակ բերքի համար:
«Լոռի» հեռուստառադիոընկերություն .
-Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ ինչպես է պատրաստվում «այո»-ի քարոզչություն իրականացնել:
-Ես՝ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար, ակտիվորեն մասնակցելու են «այո»-ի քարոզչությանը: Մենք ստեղծում ենք աշխատանքային խմբեր, որի անդամները համապատասխան գրաֆիկով կիրազեկեն հասարակությանը, կտեղեկացնեն սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, ընկալելի կդարձնեն դրա բնույթը:
«Ասպարեզ» էլեկտրոնային թերթ.
-Խնդրում եմ անդրադառնալ մարզի առողջապահության ոլորտին և արտագաղթի ծավալներին:
-Առողջապահության ոլորտում այս տարի լուրջ ներդրումային ծրագրեր ենք իրականացրել, դրանցից մի քանիսի մասին արդեն խոսեցի:Ներդրումային ծրագրերը շարունակվելու են: Մենք այսօր առավելապես կարևորում ենք վճարովի ծառայությունների ավելացումը մարզային ենթակայության բուժհիմնարկներում: Իմ պահանջով բուժհիմնարկների ղեկավարները յուրաքանչյուր եռամսյակ հանդես են գալիս ֆինանսական հաշվետվություններով, որպեսզի հնարավոր լինի խուսափել կոռուպցիոն դրսևորումներից: Պետք է ասեմ, որ 2014-2015թ.թ. բուժհիմնարկներից մի քանիսում վճարովի ծառայություններից տնտեսված մ