Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնողի դպրոցը 110 տարեկան է

27.10.2015

Տոն էր Լոռու  մարզի Շնող գյուղում: Գյուղի բնակչությունը, հանրապետության  տարբեր բնակավայրերում բնակվող շնողցիներ, հյուրեր, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, հոգևոր այրեր հավաքվել էին մշակույթի տանը շուքով ու  հանդիսությամբ  նշելու «Շնողի օրը»: «Շնողի օր»  տոնակատարությունը  ավելի քան կեսդարյա  պատմություն ունի: Երևանաբնակ շնողցի Ռուբեն Մելիքսեթյանի նախաձեռնությամբ  դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին  մեծ շուքով նշվել է այդ օրը, թեև վերջին տարիներին, այդ ավանդույթը ինչ-որ չափով մոռացության էր տրվել: Գյուղի ավագանու որոշմամբ, տոնը նշելու ավանդույթը կրկին վերականգնվել է 3 տարի առաջ: Այս տարի «Շնողի օր» տոնակատարությունը  համընկավ գյուղի միջնակարգ դպրոցի 110-ամյա հոբելյանին:

Տանտիրոջ իրավունքով հանդիսության մասնակիցներին ողջունեց  Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը:

Միջոցառմանը  մասնակցում էր և  բոլոր  շնողցիներին, դպրոցի մանկավարժներին  շնորհավորանքի  ու բարեմաղթանքի խոսք ասաց Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Գյուղի պատմության մասին էր ճարտարագիտության դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Շնող գյուղի  մասին հայրենագիտարանի հեղինակ Գառնիկ Շախկյանի խոսքը:

Տոնակատարության շրջանակներում 6 անձինք  համայնքի ավագանու որոշմամբ արժանացան «Պատվավոր շնողցի»  կոչման, իսկ դպրոցի հոբելյանի կապակցությամբ Լոռու մարզպետի կողմից պարգևատրվեցին կրթօջախի  5 ուսուցիչներ:

Գյուղի եկեղեցում Գուգարաց թեմի  առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հովվապետական օրհնանքի խոսքից ու  մոմավառությունից հետո  տոնական հանդիսությունը շարունակվեց հրապարակում:

Տոնակատարության շրջանակներում ելույթ ունեցան Շնողի միջնակարգ դպրոցի սաները, հրավիրված լարախաղացները, մանկական արվեստի դպրոցի աշակերտները: Տոնական միջոցառման ընթացքում  շախմատի միաժամանակյա  սեանս  տվեց միջազգային գրոսմայստեր, Շախմատի  ակադեմիայի նախագահ, «Պատվավոր շնողցի» Սմբատ Լպուտյանը:

Վերջում գյուղի հրապարակում հյուրասիրություն կազմակերպվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24