Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հույս Հայաստանին» կազմակերպության բարեգործական ծրագրերը Լոռու մարզում կշարունակվեն

26.10.2015

«Հույս Հայաստանին» կազմակերպությունը և «Հայ ավետարանչական ընկերակցությունը» Լոռու մարզում բարեգործական ծրագրեր են իրականացնում արդեն 21 տարի: 1988-ի երկրաշարժից հետո կազմակերպության անդամները ցանկություն հայտնեցին աջակցել հատկապես երկրաշարժից առավելապես տուժած Սպիտակ քաղաքին:  Ի թիվս այլ բարեգործական ծրագրերի, քաղաքային իշխանությունների հետ սերտորեն համագործակցելով, կազմակերպությունը մի խումբ ֆրանսիացի և  ֆրանսիաբնակ հայ բարերարների աջակցությամբ 15 տարի առաջ այստեղ հիմնեց բարեգործական մանկական բուժարան՝ ատամնաբուժական և մանկաբուժական կաբինետներով: Բուժարանը վերջին տարիներին նորացման և արդիականացման կարիք ուներ, ուստի «Հույս Հայաստանին» կազմակերպությունը  Ֆրանսիայի հայ բժիշկների միության (UMAF) աջակցութամբ ձեռնամուխ եղավ բուժհաստատության  վերանորոգմանը, որից հետո նաև՝ նորագույն բուժսարքավորումներով հագեցմանը:

 Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ  բուժհաստատության հանդիսավոր բացումը, որին ներկա էին  Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը,  Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, «Հույս Հայաստանին» կազմակերպության ներկայացուցիչ Ժիլբերտ Լևոնյանը,  Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախագահ Միշել Շահինյանը, «Հույս Հայաստանին» կազմակերպության, Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամներ, հյուրեր: Բարերարներին ողջունեց,  Լոռու մարզպետի անունից երախտագիտություն հայտնեց Լևոն Ասլանյանը: Նա իր խոսքում կարևորեց Սպիտակ քաղաքի մանուկների կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն ուղղված «Հույս Հայաստանին» կազմակերպության ջանքերը: Սպիտակի քաղաքապետը ևս  իր շնորհակալությունը հայտնեց բարերարներին: Ժիլբերտ Լևոնյանը և Միշել Շահինյանը պատրաստակամություն հայտնեցին մշտապես լինել հայ մանուկների կողքին, սատարել ցանկացած հարցում:

-Ուզում եմ իմ անսահման երախտիքի խոսքը փոխանցել մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով  մշտապես պատրաստակամ է օգնելու մեզ բոլոր նախաձեռնություններում և միշտ մեր կողքին է,-ասաց Ժ. Լևոնյանը:  

Ֆրանսիական երգերի կատարումներով, ասմունքով և պարային կատարումներով հանդես եկան Սպիտակի թիվ 2 դպրոցի աշակերտները, որտեղ՝ որպես երրորդ օտար լեզու, դասավանդվում է ֆրանսերենը:

Հյուրերը շրջեցին բուժհաստատությունում, ծանոթացան նորաստեղծ պայմաններին,  զրուցեցին բուժանձնակազմի հետ: Վերջիններս նշեցին, որ բարեգործական հիմունքներով ամսական շուրջ 300 երեխայի են սպասարկում, անվճար դեղորայք բաշխում:

·        

Նույն օրը Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվեց թիվ 2 դպրոցի մարզահրապարակը, որը կառուցվել էր դարձյալ «Հույս Հայաստանին» կազմակերպության նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Լուարի շրջանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի, ինչպես նաև  Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի  ֆինանսական աջակցությամբ:

 «Հույս Հայաստանին» կազմակերպությունն, ավելի քան 20 տարի, սերտորեն համագործակցում է դպրոցի հետ և այս կազմակերպության աջակցությամբ է, որ ավերիչ երկրաշարժից հետո կառուցվեց դպրոցի շենքը, հետագա տարիներին  ևս այստեղ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ  իրականացվեցին, դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են ամառային ճամբարներ և այլն:

Դպրոցի տնօրեն Լուսինե Մաթևոսյանն  իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բարերարներին մշտական աջակցության համար՝ հավաստիացնելով, որ դպրոցը պահպանում են աչքի լույսի պես, ինչպես նաև հետևողական աշխատանքներ են իրականացվում  ֆրանսերեն լեզվի  ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա արժեքավոր նվեր հանձնեց Ժ. Լևոնյանին, իսկ դպրոցի աշակերտները հյուրերին ուրախացրին գեղարվեստական կատարումներով:

Բարերարներին սպասում էին նաև Արևաշող համայնքում: Այստեղ համայնքային կենտրոնի մասնաշենքում «Հույս Հայաստանին» կազմակերպության և  Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրի  Ափ ռեգիոնալ խորհրդի աջակցությամբ բարեկարգվել է փոքրիկ տարածք, որն այսուհետ կծառայի որպես բարեգործական ատամնաբուժարան երեխաների համար: Ատամնաբուժարանը կահավորվել է անհրաժեշտ բուժսարքավորումներով և պարագաներով: Բարերարները վստահեցրին,որ բարեգործական ծրագրերն այսուհետ ևս շարունակվելու են:  

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59