Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն
26.10.2015
Սեպտեմբերի 26-ի երկուշաբթին Լոռու մարզպետի հերթական աշխատանքային խորհրդակցության օրն էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետ Արթուր Նալբանդյանը ամփոփ անդրադարձավ սեպտեմբերի 20-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը՝ նվիրված Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և զարգացման ծրագրերին:
-Իհարկե հանրապետական ու տեղական լրատվամիջոցներն ընդհանուր գծերով անդրադարձել են հանդիպման ընթացքում քննարկված հիմնախնդիրներին, սակայն կցանկանայի որոշ մանրամասներ ներկայացնել ձեր ուշադրությանը,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզի ղեկավարը մասնավորապես խոսեց «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրին առնչվող հարցերի մասին, նշելով, որ բացի աշխատավարձերի պարտքերի մարման խնդրից, երկրի նախագահը շահագրգիռ է հնարավոր բոլոր միջոցներով, օրինակ, վերապրոֆիլավորման ճանապարհով ձեռնարկությունը պահպանելու, այն աշխատատեղերով համալրելու հարցում:
Մարզպետը մանրամասներ ներկայացրեց տնտեսական զարգացման մի շարք ոլորտներում՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առողջապահության, զբոսաշրջություն, գիտատեխնիկական վերջին նվաճումներին համահունչ տեխնոլոգիաների ներդրում, քաղաքաշինություն և այլն, կատարվելիք ակնառու ծրագրերի մասին: Նշեց, որ 2015 թվականի ավարտին վերջնականապես կլուծվի Վանաձոր և Սպիտակ քաղաքների, իսկ մինչև 2016թ. ավարտը՝ մարզի մյուս բնակավայրերում երկրաշարժից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովման խնդիրը:
Աննախադեպ միջոցներ են ներդրվել և առաջիկայում էլ ներդրվելու են մարզի միջպետական ու միջհամայնքային ճանապարների(Վանաձոր-Բագրատաշեն, Տաշիր-Գոգավան, Ստեփանավան-Յաղդան-Օձուն) ու դրանց կոմունիկացիաների շահագործման համար:
Այնուհետև խորհրդակցությունն ընթացավ ըստ օրակարգի: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ շաբաթվա ընթացքում ստացվել է հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների, կենցաղային կանչերի և այլ բնույթի 15 ահազանգ, բարեբախտաբար՝ առանց մարդկային կորուստների: Որպես հաճելի նորություն՝ ՃԿԿ պետը հայտնեց, որ իրենց աշխատակից Մխիթար Հարությունյանը հաշմանդամների բազկամարտի միջազգային մրցույթում զբաղեցրել է մրցանակային տեղ:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը ներկայացրեց սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները հոկտեմբերի 23-ի դրությամբ: Այն կազմում է ընդամենը 41.2 տոկոս: Ամսվա ավարտին մնացել է մեկ աշխատանքային շաբաթ, սակայն 110 մլն դրամ պետք է հավաքագրվի: Ցուցանիշը, բնականաբար, մարզի ղեկավարին չգոհացրեցին և նա մարզպետի տեղակալներին, ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց շաբաթվա ընթացքում խստորեն վերահսկել սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը:
Իրենց ղեկավարած ոլորտների վերաբերյալ տեղեկատվություններ ներկայացրին նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների պատասխանատուները:
Վերջում մարզպետ Ա. Նալբանդյանը շնորհավորեց Արամայիս Հակոբյանին Լուսաղբյուր համայնքի ղեկավարի ընտրություններում բացահայտ առավելությամբ հաղթելու կապակցությամբ, մաղթեց աշխատանքային հաջողություններ: