Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց ռազմամարզական խաղերի մարզային փուլը
26.10.2015
Վանաձորում ավարտվեցին նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների հանրապետական ռազմամարզական խաղերը: Նպատակը` հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ զինված ուժերում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդների դաստիարակումն էր, առողջ ապրելակերպի ամրապնդումը: Ռազմամարզական խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Այս տարվա խաղերը, որին մասնակցում էին մարզի 5 տարածաշրջաններից 2-ական թիմեր, նվիրված էին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին: Դրանք անցկացվում են 4 փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը՝ նռնակի նետում, փոխանցումավազք, ձգում պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում և հավաքում:
- Այս կերպ մենք հայոց բանակի շարքերը համալրում ենք ֆիզիկապես կոփված և գիտակից երիտասարդներով: Աշակերտները, դպրոցում զբաղվելով նման ռազմամարզական մրցումներով, ձեռք են բերում համապատասխան հմտություն, փորձ, որը հետագայի համար, որպես մեր բանակի ապագա զինվորներ, շատ կարևոր է,- ասում է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Խաղերի մարզային փուլի հաղթող Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը նոյեմբերի 2-5-ը կմասնակցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլին: