Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների»

19.10.2015

ՀՀ նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհուրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի ազգային փոքրամասնություններն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով միջոցառումը հոկտեմբերի 17-ին ներկայացվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում: Միջոցառումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մայիս ամսին արդեն ներկայացվել է մայրաքաղաքում և այժմ այն դիտելու հնարավորություն ունեցան նաև վանաձորցիները: Նախաձեռնությունն իրականացավ ՀՀ կառավարության  և մշակույթի նախարարության  ֆինանսական աջակցությամբ:  Ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ,հյուրեր:

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ապրող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ ասորիներ, բելառուսներ, եզդիներ, քրդեր, ռուսներ, վրացիներ, հրաներ, ուկրաինացիներ, հույներ, լեհեր, գերմանացիներ, ովքեր երաժշտական կատարումներով,  թեմատիկ բեմադրություններով արտահայտեցին իրենց բողոքը մարդկության դեմ կատարված և այսօր էլ շարունակվող ցեղասպանությունների դեմ: Միջոցառման ավարտին  ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևն ընթերցեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ուղերձը ՄԱԿ անդամ պետությունների դիվանագետներին:

ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Նարինե Գուլյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ  միջոցառումը նախաձեռնել են Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Նա կարևորեց այն, որ  միջոցառմանը միացել են բոլոր համայնքները:

-Այս միջոցառումն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվում է  ոչ միայն ազգերի մշակույթը, այլև այդ մշակույթի միջոցով արտահայտվում է վերաբերմունքը Հայոց ցեղասպանության և ընդհանրապես բոլոր ոճրագործությունների ու պատերազմների նկատմամբ: Այսպիսով, նրանք կոչ են անում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, կանխել բոլոր պատերազմները,- ասաց Ն.Գուլյանը՝ հավելելով, որ  ընթերցված ուղերձը հետագայում ստորագրություններով կներկայացվի ՄԱԿ անդամ պետություններին: Նա շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, Լոռու մարզպետարանի աշխատակազմին Վանաձորում միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59