Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վահագնաձորցին ուխտատեղի ունի
19.10.2015

Վահագնաձոր համայնքը, որը ներկա պահին 230 բնակիչ ունի, գյուղում քրիստոնեական հավատքի որևէ կառույց չի ունեցել: Միակ աղոթատեղին դժվարամատչելի վայրում գտնվող մատուռն էր, իսկ համայնքի բնակիչները ստիպված էին իրենց հոգևոր արարողությունները կազմակերպել Վանաձորի կամ այլ բնակավայրերի եկեղեցիներում: Եվ ահա համայնքաբնակ Արտուշ Փարեմուզյանի ու որդիների բարերարությամբ վերջապես իրականացվեց վահագնաձորցի հավատավորների վաղեմի երազանքը: Հոկտեմբերի 17-ին մեծ հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Մարիամ Աստվածածին վեհաշուք մատուռը, որի ճարտարապետն է Սուրեն Աբովյանը: Օծման արարողությունը կատարվեց Գուգարաց թեմակալ առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի վարդապետությամբ: Ներկաների համար ուխտի պատարագ մատուցեց տեր Շնորհք քահանա Շահինյանը: Հոգևոր դասի կողմից օծվեց նաև մատուռի բակում կանգնեցված խաչքարը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի նահատակներին: Այն ևս Փարեմուզյանների նվիրատվությունն էր համայնքին:
Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Վահագնաձոր համայնքի բնակիչները, տարբեր համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետարանի աշխատողներ, հյուրեր մայրաքաղաքից, Գյումրիից և այլ վայրերից: Լոռու մարզպետի և իր անունից ներկաներին և առանձնապես վահագնաձորցիներին շնորհավորանքի խոսք ասաց Լոռու մարզպետի տեղակալ Վանիկ Ասատրյանը՝ մաղթելով ամուր հավատք առ աստված ու բարօրություն:
Հանդիսության ավարտին, որը եզրափակվեց գեղարվեստական միջոցառմամբ, ներկաներին մատուցվեց ուխտի մատաղ: