Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է իր 50-ամյա հոբելյանը

14.10.2015

Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցը տոնում է հիմնադրման 50-ամյա հոբելյանը, և այդ առիթով հոկտեմբերի 5-13-ը կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ: Միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 5-ին դպրոցում նշվեց է Ուսուցչի տոնը, հոկտեմբերի 6-ին կազմակերպվել էր ցուցահանդես-վաճառք և սպորտլանդիա, 9-ին՝ Րաֆֆուն նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Հոկտեմբերի 13-ին անցկացվեց գլխավոր միջոցառումը. կրթօջախում հանդիսավորությամբ բացվեց հայ մեծանուն գրող Րաֆֆու կիսանդրին, ում անունը ամենայն պատվախնդրությամբ է կրում դպրոցը: Միջոցառմանը ներկա էին դպրոցի նախկին շրջանավարտ, Աժ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, դպրոցի շրջանավարտները, մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր:

Իր ողջույնի խոսքում դպրոցի տնօրեն Անուշ Եդոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին կիսանդրու տեղադրման գաղափարը կյանքի կոչելու համար: Քանդակի հեղինակը քանդակագործ Սարգիս Ղարիբյանն է, ում օգնությամբ էլ տնօրենը կատարեց կիսանդրու բացման արարողությունը:

 Հարազատ դպրոցին ու սիրելի ուսուցիչներին շնորհավորանքի սրտառուչ խոսքեր հղեց Վ. Բաղդասարյանը:

Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:

Ա. Եդոյանը դպրոցի անվանական հոբելյանական հուշամեդալները հանձնեց Վ. Բաղդասարյանին, դպրոցի առաջին մեդալակիր շրջանավարտ Զոյա Չախալյանին,  շնորհակալագրեր՝ դպրոցին մշտապես աջակցող ու սատարող մի խումբ շրջանավարտների: Այնուհետև, ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու դպրոցի պատմության թանգարանում տեղ գտած հուշանմուշներին:

 Միջոցառումը շարունակվեց Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հնչեց ՀՀ, ինչպես նաև դպրոցի օրհներգը: Վերջինիս բառերի և երաժշտության հեղինակը կրթօջախի շրջանավարտ, դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանն էր, ով և վարում էր հանդիսությունը:

   Դպրոցի կոլեկտիվին, շրջանավարտներին և աշակերտներին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

-Կրթության այս դարբնոցում աշխատել և աշխատում են մանկավարժությունն ի վերուստ իրենց կոչումը համարող մասնագետներ, քաղաքացու մեծ պատասխանատվություն ունեցող անձինք, ովքեր ամենածանր փորձության ժամին՝ տարերային աղետից հետո՝ վրաններում, դրանից հետո՝ 4 տարի շարունակ տնակային պայմաններում, ոչ մի օր ու ժամ չդադարեցրին ուսումնառության ընթացքը:

Ես կուզեի, որ դուք՝ մանկավարժներդ, միշտ պահպանեք հոգու այդ աննկուն կորովն ու հասարակական կյանքում ձեր տեղն ու դերը խորապես զգալու և գործելու ավյունը, քանի որ առհասարակ, իսկ առավել ևս՝ կրթության բնագավառում, մշտապես ծառանում են նոր մարտահրավերներ, և դուք, հանուն հոգեպես առողջ, գիտակցությամբ  գրագետ  սերնդի, դրանք հաղթահարելու, կարևորագույն խնդիրները լուծելու առաքելությունն ունեք,-ասաց նա:

Մարզպետը դպրոցի հոբելյանական տարելիցի և մանկավարժական նվիրումի համար շնորհավորագրերով պարգևատրեց մի խումբ մանկավարժների: Կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի անունից ևս շնորհավորագրեր հանձնվեցին մի խումբ վաստակաշատ մանկավարժների: Տնօրենի՝ դպրոցի նախկին ու ներկա կոլեկտիվներին, շրջանավարտներին ու աշակերտներին ուղղված շնորհավորանքի ու շնորհակալական խոսքերից հետո ներկաները հնարավորություն ունեցան դիտելու կրթօջախի մասին պատմող փոքրիկ տեսանյութ՝ ծանոթանալով անցած ճանապարհին, ձեռքբերումներին ու խնդիրներին:  Միջոցառումը հագեցած էր նաև գեղարվեստական կատարումներով:

Հանդիսության ավարտին աշակերտները ծաղիկներով շնորհավորեցին իրենց ուսուցիչներին՝ դպրոցի կեսդարյա հոբելյանի կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59