Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դանիայի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը Վանաձորում
13.10.2015
Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-16-ը Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանում համերգներով հանդես է գալիս Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «Միդվեստ» աղջիկների երգչախումբը: Համերգային շրջագայությունը նվիրված է դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսի և Քարեն Յեփփեի հիշատակին, ովքեր 1915թ.-ին փրկել են հազարավոր հայ երեխաների՝ հավաքելով նրանց մեկ որբանոցում:
Շրջագայության շրջանակներում երգչախումբը հանդես եկավ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում: Համերգի կազմակերպմանը մարզկենտրոնում աջակցել էր Լոռու մարզպետարանը: Համերգին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, արվեստագետներ, արվեստասեր հասարակություն, ովքեր մեծ սիրով ունկնդրեցին երգչախմբի կատարումները:
Երգացանկում ընդգրկված էին դասական, հոգևոր, ժամանակակից և արևմտաեվրոպական ստեղծագործություններ, դանիական ժողովրդական երգեր՝ խորեոգրաֆիկ կատարումներով: Վերջիններս ընդունվեցին բուռն ծափողջույններով: Ներկաներին ողջունեց և օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը: Լոռու մարզպետի անունից երգչախմբին նվեր հանձնեց Ա. Ռևազյանը: Աղջիկներն իրենց հերթին նվերներ փոխանցեցին մարզպետարանին և երաժշտական դպրոցին:
Վերջին թարմացումը՝ 2025-01-16 17:13:05