Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը Վանաձորում է
09.10.2015
Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում գտվող ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությանը, Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով, ինչպես նաև այցի օրերին տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանք իրականացնել:
Հոկտեմբերի 9-ին բժիշկների խումբն այցելեց Վանաձոր: Նրանց ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Լամբարյանը, մարզպետրանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը:
Վերջինս հանգամանորեն ներկայացրեց պատվիրակության այցի նպատակը՝ նշելով, որ բուժաշխատողները, որոնց թվում են թերապևտներ, մանկաբույժներ, ատամնաբույժներ, նեղ մասնագետներ, բուժծառայություններ կմատուցեն Վանաձորի բժշկական կենտրոնում և «Դենս» ստոմոտոլոգիական կենտրոնում՝ մարզում հյուրընկալվելով 2 օր:
Մարզպետը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց այն առաքելության համար, որով ամերիկացի բժիշկները ժամանել են Հայաստան:
- Բարեգործական ծրագրի շրջանակներում մասնագիտական պարտք կատարելով՝ դուք մեծ աջակցություն եք ցուցաբերում, ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ՝ մարզի բուժաշխատողներին՝ փոխանցելով ձեր մասնագիտական փորձն ու հմտությունները,- ասաց մարզի ղեկավարը:
ԱՄՆ-ից ժամանած բժիշկները շնորհակալություն են հայտնեցին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ մեծագույն հպարտությամբ ու սիրով են իրականացնում իրենց աշխատանքը և ուրախ կլինեն ապագայում ևս իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնել Հայաստանին ու հայ ժողովրդին օգտակար լինելու գործին՝ օգտագործելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: