Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մշակութային ժառանգության զարգացման «CHOICE» միջազգային նախագիծը Հայաստանում
09.10.2015
Հոկտեմբերի 8-ին «Միլենիում» հիմնադրամը մշակութային ժառանգության զարգացման «CHOICE» միջազգային նախագծի ներկայացման նպատակով Լոռու մարզպետարանում հանդիպում էր կազմակերպել Լոռու մարզպետարանի աշխատակազմի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից ժամանած շահագրգիռ կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրատվամիջոցների մասնակցությամբ:
Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Դինա Մանուկյանը ներկայացրեց ծրագրի էությունը, հիմնական նպատակներն ու խնդիրները: Երկամյա ծրագիրը իրականացվում է Եվրամիության աջակցությամբ և ուղղված է մշակութային ժառանգության պահպանությանն ու վերաիմաստավորմանը, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը, աջակցությանը ոչ պետական և հասարակական մշակութային կազմակերպություններին, մասնագիտական միություններին՝ նորարարական նախագծերի իրականացման նպատակով:
Հայաստանում ծրագիրն իրականացվում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում: Հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի նախաձեռնողները ողջունում են նորարարական մոտեցումները և քաղաքացիների նախաձեռնությունները, որոնք ուղղված են հայաստանյան ժամանակակից կյանքում մշակութային ժառանգության պահպանմանը: Ծրագրերի տևողությունը 6- 14 ամիս է: Մեկնարկը կտրվի 2016թ.մարտի 1-ին: Թեմատիկ ծրագրի դրամաշնորհի չափը կկազմի 5 հազարից 60 հազար եվրո, ընդ որում հայտատու կազմակերպության սեփական ներդրումը պետք է կազմի ընդհանուր նախագծի արժեքի առնվազն 10 տոկոսը: Կազմակերպչական զարգացման ծրագրերի դրամաշնորհի չափը 1000-3000 եվրո է: Այս դեպքում ևս պահանջում է 10 տոկոս սեփական ներդրում: Հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացվեց ծրագրին դիմելու կարգը: Վերջում ներկաները հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: