Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վանաձորի օր» տոնակատարությունը՝ Հայքի հրապարակում

05.10.2015



   Հոկտեմբերի 3-ին տոնականորեն էր զարդարվել Վանաձորի Հայքի հրապարակը՝ մեծադիր լուսանկարներ քաղաքի տեսարժան վայրերից, գեղեցիկ ու ինքնատիպ ձևավորված բեմ, եռագույն դրոշներ և այլն: «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը վարում էին դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և «Ֆորտունա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Դինարա Մխոյանը, սկսվեց ՀՀ պետական դրոշը և քաղաքի դրոշը հանդիսավորությամբ հրապարակ բերելով՝ փողային նվագախմբի հնչյունների և զինվորական պատվո պահակախմբի ուղեկցությամբ: Հնչեց ՀՀ պետական օրհներգը: Օրհնանքի և շնորհավորանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը՝ մաղթելով, որ մեր հայրենիքի սահմաններն անսասան լինեն, խաղաղ և ստեղծագործ աշխատանքով շենացնենք և բարետես դարձնենք Վանաձորը:
   Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, շնորհավորելով ներկաներին քաղաքի ավանդական դարձած տոնի առթիվ, կարևորեց, որ միասին պետք է հաղթահարենք բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, դիմակայենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Նա հարյուրավոր վանաձորցիներին մաղթեց ուժ և կորով, հաստատակամություն՝ մարզկենտրոն Վանաձորը դարձնելու ավելի ծաղկուն ու բարգավաճ քաղաք:
   -Յուրաքանչյուր վանաձորցի պետք է իրեն քաղաքի տերը համարի և տիրոջ հոգատարությամբ վերաբերվի ամեն ինչի,- ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ հորդորելով սիրել և պահպանել հարազատ քաղաքը և ջերմ բարեմաղթանքներ հղեց ներկաներին:
   Ջերմ և սրտառուչ էր նաև Վանաձորի պատվավոր քաղաքացի, ՀԿԿ Կիրովականի նախկին քաղկոմի երկարամյա առաջին քարտուղար Հայկ Օհանյանի խոսքը. նա նույնպես բոլորին հորդորեց սիրել և պահպանել հարազատ Վանաձորը, խնամքով վերաբերվել յուրաքանչյուր ծառ ու թփի: Գյումրում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևն իր խոսքում անդրադարձավ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը՝ նշելով, որ այն ժամանակի ընթացքում ավելի լայն ընդգրկումներ է ունենում: Նա հավաստիացրեց, որ մեր երկրի ռազմավարական գլխավոր գործընկեր պետությունը միշտ էլ եղել է հայ ժողովրդի կողքին՝ հատկապես դժվարին իրավիճակներում, և հայ-ռուսական բարեկամությունն այսուհետ ևս կշարունակվի և կզարգանա: Հյուպատոսը ջերմորեն շնորհավորեց բոլոր ներկաներին: Տոնակատարությանը ներկա էին նաև Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանը, Շամլուղի քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը, այլ համայնքապետեր, բազմաթիվ հյուրեր: Ցուցադրվեց թատերականացված բեմականացում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի, Սարգիս Ավետիսյանի և Լևոն Զաքարյանի մասնակցությամբ, ովքեր կերպավորում էին Ղարաքիլիսայի ճակատամարտի, Երկրորդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտի մասնակիցներին: Քաղաքի կամերային երգչախումբը կատարեց «Վանաձոր» և «Հայաստան» երգերը: Երգերի կատարումներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը և Վանաձորի երգի թատրոնի մենակատար Անի Մարուքյանը: «Վերածնունդ» փառատոնի 2015 թ. առաջին մրցանակակիր Հարություն Հարությունյանն առաջին անգամ կատարեց Գայանե Պեպելյանի «Իմ Վանաձոր» երգը: Կատարումներով հանդես եկան «Հորովել» երգի-պարի համույթը, «Հորովելի» դպրոց-ստուդիայի պարային խումբը, մանկապատանեկան ստուդիայի սաները, «Տաթև» պարային խմբի սաները: «Հորովել» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանի կատարմամբ հնչեց Գագիկ Աղաբաբյանի «Վանաձոր» երգը: Համերգը շարունակվեց երեկոյան ժամը 19-ից: Երեկոն հումորային դրվագներով վարում էին Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի արտիստներ Մայիս Սարգսյանը և Հերիքնազ Բաղդասարյանը: Մայիս Սարգսյանը թատերականացված դրվագներով ներկայացրեց Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի տեսարժան և պատմական վայրերի պատմությունը, ապա երգերով հանդես եկան «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթի մենակատարներ Ստեփան Դալլաքյանը և Սուսաննա Ջաղինյանը: Համերգը հագեցած էր նաև «Հորովելի» պարային համարներով, որի ավարտին տեղի ունեցավ տոնական հրավառություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27