Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոն-2015»

05.10.2015



Լոռու մարզի գյուղական համայնքների համար, աննշան բացառությամբ, 2015թ. գյուղատնտեսական տարին բարեբեր էր, գրեթե բոլոր ուղղություններով ձեռքբերումներն՝ ակնհայտ: Առաջընթացն առավել տեսանելի է հատկապես մշակաբույսերի ծավալների ավելացման ու բերքի որակի բարելավման առումով: Ահա թե ինչու Գյուլագարակ համայնքի մերձակա «Հեքիաթ» հանգստի գոտում ավանդական «Բերքի տոն» հանդիսության մասնակիցները՝ համայնքների ներկայացուցիչներն ու հանդիսատեսը եկել էին օրը տոնական դարձնելու տրամադրվածությամբ: Հանդիսության մեկնարկից առաջ տաղավար-սեղանիկներն արդեն պատրաստ էին, յուրաքանչյուր համայնք ջանացել էր ինքնատիպ ձևավորում տալ ոչ միայն ներկայացված բերք ու բարիքին, այլև այն ամենին, ինչը թեև անմիջականորեն չէր առնչվում բերքի գաղափարին, բայց ներկայացնում էր տվյալ համայնքի կենցաղի ու սովորույթների առանձնահատկությունները:
Թատերականացված, աշխույժ երգ-երաժշտության մթնոլորտում բեմահարթակ են բարձրանում մարզի աշխարհիկ և հոգևոր պաշտոնյաները, պատվարժան հյուրերը: Տոնախմբության մասնակիցներին և հյուրերին ողջունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Սա ոչ միայն արդեն ավանդական դարձած, գեղեցիկ տոնախմբություն է, այլև յուրատեսակ հաշվետվություն՝ գյուղատնտեսության ոլորտում մարզի ձեռքբերումների մասին: Այս տեսակետից հաճույքով եմ տեղեկացնում, որ 2015թվականը, որոշ վերապահումներով, մարզի համար առատ բերքի, նախորդ տարիների համեմատությամբ առաջընթացի տարի է: Ընթացիկ տարում ցանքատարածություններն ավելացել են 3000 հեկտարով: Եվ դա՝ ՀՀ կառավարության կողմից մատչելի պայմաններով վառելանյութի, սերմացուների ու պարարտանյութի տրամադրման տեսքով գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող համակողմանի աջակցության շնորհիվ,-ասաց մարզի ղեկավարն ու բոլորին մաղթեց բարձր, տոնական տրամադրություն:
Տոնի մասնակիցներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Հանդիսությանը հրավիրված էր և հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն իր ելույթում կարևորեց ՀՀ-ում ՌԴ Գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշևը:
Ապա, ընդունված կարգի համաձայն, ընթացիկ տարվա բերքատվության բարձր արդյունքների հասած համայնքներին և անհատներին տրվեցին Լոռու մարզպետի պատվոգրեր, շնորհավորագրեր ու արժեքավոր նվերներ:
2015թ. ընթացքում կաթի մթերման, վերամշակման, արտադրանքի որակի բարձրացման և իրացման ծավալները մեծացնելու բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար Լավագույն կազմակերպություն ճանաչվեց և Լոռու մարզպետի Ոսկե հուշամեդալին արժանացավ «Դուստր Մելանյա» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ռուբեն Հարությունյան):
Տարբեր անվանակարգերում մրցանակակիրներ դարձան.
Ֆիոլետովո համայնքը՝ որպես մարզի լավագույն համայնք:
Սպիտակ քաղաքը՝ 2015թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշների համար:
Գյուլագարակ համայնքը՝ 2015թ. հացահատիկային մշակաբույսերի բարձր վերարտադրության ապահովման համար:
Կուրթան համայնքը՝2015թ. գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը լիարժեք օգտագործելու համար:
Մարզի լավագույն մեխանիզատորին շնորհված մրցանակը Բաբկեն Ջոթյանինն էր
( Մեծ Պարնի):
Տարվա ընթացքում գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտները լավագույնս լուսաբանելու համար Լոռու մարզպետի պատվոգրին արժանացավ «Ֆորտունա» մարզային հոռուստաընկերությունը (տնօրեն Կարեն Արշակյան):
Լոռու մարզի գյուղացիական տնտեսությունների հետ սերտ համագործակցելու և «Բերքի տոն» մարզային տոնակատարության կազմակերպմանն ու անցկացմանը պարբերաբար հովանավորելու համար պարգևատրվեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկի «Լոռի» մասնաճյուղը (կառավարիչ՝ Ոսկան Զաքարյան):
Տեղի ունեցան նաև մարզական միջոցառումներ, որոնց հաղթողները արժանացան մրցանակների:



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:10:14