Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին հյուրընկալվեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը
01.10.2015
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց մարզի ամենաերկարակյաց տարեցին՝ Վանաձորի 105-ամյա բնակչուհի Ազգանուշ Հովհաննիսյանին՝ անձամբ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղելու նրան: Մարզի ղեկավարին ուղեկցում էին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ: Հանդիպումը ջերմ ու սրտառուչ էր: Ա. Նալբանդյանը շնորհավորագիր, նվերներ և դրամական պարգև հանձնեց մարզի մայրապետին:
Տատիկը պատառիկներ պատմեց իր բազմափորձ կյանքից՝ խաղաղություն բարեմաղթելով աշխարհին, երիտասարդներին հորդորեց ամուր և աննահանջ կանգնել հայրենի հողի վրա:
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ այց կատարվեց նաև Վանաձորի ծերատուն: Արթուր Նալբանդյանն, այստեղ ևս, ձեռնունայն չէր այցելել: Նա ծերատանը հեռուստացույց նվիրեց: Հյուրընկալները խնջույքով նշեցին իրենց տոնը: Գեղարվեստական կատարումներով հանդես եկան Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան թիվ 3 մշակույթի տան սաները:
Նույն օրը փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մասնակցեց նաև Լոռու մարզային գրադարանում «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված տարեցներին նվիրված միջոցառմանը:
Փոխմարզպետը տարեցներին շնորհավորանքի և ջերմ բարեմաղթանքի խոսքեր հղեց Լոռու մարզպետի և իր անունից, իսկ կազմակերպությանը շնորհակալություն հայտնեց միայնակ տարեցներին աջակցելու նպատակով իրականացվող բազմաբնույթ ծրագրերի համար: Ողջույնի խոսք հղեցին, կազմակերպության գործունեությունը կարևորեցին նաև Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, «Հայկական Կարիտասի» «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի ղեկավար Ֆլորա Սարգսյանը: