Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործազրկության նվազեցման նպատակով

28.09.2015

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի ներկայացման նպատակով մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Գուգարքի տարածրջանի համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը վարում էր փոխմարզպետ Արսեն Դարբինյանը:
Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը նախ և առաջ շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ զբաղվածության պետական ծրագրերին մշտապես աջակցելու և համագործակցության համար: Նա հանգամանորեն ներկայացրեց Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը:
Ըստ նրա, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի նպատակն է աջակցել ունկնդրին՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում: Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում՝ 6 ամիսը: Ունկնդրին՝ իր բնակության վայրի համայնքից դուրս՝ այլ համայնք մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը: Մասնագիտական ուսուցման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի ֆինանսական միջոցներից: Դասընթացներում ընդգրկված գործազուրկներին ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում տրվում է կրթաթոշակ՝ ՀՀ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Ծրագրին մասնակցելու համար առավելությունը տրվում է այն գործատուներին, ովքեր ծրագրի ավարտից հետո 3 ամսվա ընթացքում ունկնդրի հետ կնքում են աշխատանքի ընդունման պայմանագիր՝ առնվազն մեկ տարի տևողությամբ:
«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի նպատակն առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող աշխատանք փնտրողներին՝ մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորության ընձեռումն է: Գործազուրկը մեկ անգամ կարող է մասնակցել ծրագրին՝ առավելագույնը 3 ամիս տևողությամբ, մասնագիտական կրթության և որակավորում ստանալուց հետո՝ առավելագույնը 3 տարվա ընթացքում: Ծրագրի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում պետական բյուջեի ֆինանսական միջոցների հաշվին գործազուրկին վճարվում է աշխատավարձ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով, գործազուրկին աշխատանքային փորձ փոխանցող անձին՝ նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը, գործատուին տրվում է գումար՝ գործազուրկի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխանցելու համար:
Ծրագրին մասնակցելու համար առավելությունը կտրվի այն գործատուներին, ովքեր ծրագրի ավարտից հետո (3 ամիս) շահառուին կընդունեն աշխատանքի առնվազն մեկ տարի տևողությամբ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման» ծրագրի դեպքում աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար վեց ամիս ժամկետով գործատուին տրվում է փոխհատուցում՝ ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրում» ծրագրով գործատուի կողմից աշխատանքի տեղավորված աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռք բերման համար գործատուին կարող է տրամադրվել միանվագ փոխհատուցում, որը մեկ անձի համար չպետք է գերազանցի երկու հարյուր հազար դրամը: Յուրաքանչյուր անձի համար գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման նպատակով փոխհատուցվում են աշխատանքային հատուկ պարագաների, պահանջների ապահովման համար անհրաժեշտ ծախսերը: Փոխհատուցվող գումարն այս դեպքում մեկ անձի համար չպետք է գերազանցի 500 հազար դրամը:
«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի նպատակն է ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով համալրել մարզերում շարունակաբար չլրացվող թափուր աշխատատեղերը: Գործազուրկը ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ առնվազն երկու տարի ժամկետով:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց ինքնազբաղվածության խթանման նպատակով փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության իրականացման և ինքնազբաղվածության խթանման համար աջակցության տրամադրումն է, ինչպես նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծումը: Ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղատնտեսության աջակցության տրամադրում» ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության ավելի խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածության մեղմումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, գյուղական տնտեսություններին աջակցելը: Ծրագրի տևողությունը 3 ամիս է: Ծրագրում ընդգրկված հողօգտագործողին, ինչպես նաև նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամին մեկ աշխատանքային օրվա համար նախատեսվում է տրամադրել 4 հազար դրամ՝ ներառյալ օրենքով սահմանված եկամտային հարկը: Ծրագրի շրջանակներում աշխատանքում ներգրավված յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատու հանդիսացող հողօգտագործողին տրվում է աշխատավարձի փոխհատուցում՝ մեկ աշխատանքային օրվա համար՝ երկու հազար դրամ: Ծրագրի շրջանակներում ներգրավված հողօգտագործողի համար ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձին վճարելու համար հողօգտագործողին տրվում է փոխհատուցում՝ մեկ աշխատանքային օրվա համար երկու հազար դրամ: Մեկ ծրագրի արժեքը չի կարող գերազանցել 300 հազար դրամը:
Ա. Առաքելյանը պատասխանեց նաև ներկաների հարցերին:
Ա. Դարբինյանը, ամփոփելով նիստը, կարևորեց գործազրկության կրճատմանը և արտագաղթի նվազեցմանն ուղղված նմանատիպ ծրագրերի իրականացումը: Նա նշեց, որ Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպումներն այսուհետ պարբերական կլինեն:
Ա. Դարբինյանը համայնքապետերին հորդորեց ծրագրերին մասնակցության առումով ակտիվություն ցուցաբերել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27