Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար»
24.09.2015
Սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պետական պատկերասրահում բացվեց հայկական դրամին նվիրված ուշագրավ ցուցահանդես: Հայկական դրամի պատմությունը անմիջական աղերսներ ունի հայոց պատմական կարևորագույն անցքերի և իրադարձությունների, անձերի հետ: Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ նախորդ տարիներին կազմակերպվել են Արցախում, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի,Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում:
Նման ցուցահանդես Լոռու մարզում առաջին անգամ կազմակերպվել է դեռևս տասը տարի առաջ: Այն հետաքրքիր խորագիր ունի՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար»: Կազմակերպիչները՝ ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները, Լոռու մարզպետարանի և թանգարանի ղեկավարության աջակցությամբ, նպատակ ունեին մարզի բնակիչներին ներկայացնելու ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ինչպես նաև ԿԲ գործունեությունը: Ցուցահանդեսի բացմանը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց նման ցուցադրությունները, շնորհակալություն հայտնեց ԿԲ-ի աշխատակիցներին՝ լոռեցիներին նման ուշադրության արժանացնելու համար: Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ներկայացրեց ցուցահանդեսի կազմակերպման նպատակը, ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունն ու գործառույթները: Ապա դրամագետ Գևորգ Մուշեղյանը հանգամանալից խոսեց հայկական դրամի սկզբնավորման, զարգացման փուլերի, դրամի դերի ու կարևորության մասին: Այս ամենից և, իհարկե, դրամական արժեքների ցուցադրված նմուշներին ծանոթանալուց զատ՝ հնարավորություն ընձեռվեց լսել ԿԲ-ի այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանի, աշխատակիցներ Անժելա Գևորգյանի, Անի Մկրտումյանի հետաքրքիր դասախոսությունները ԿԲ-ի բազմաբնույթ գործառույթների, դրամավարկային քաղաքականության, փողի տպագրության և պաշտպանության մասին, կազմակերպեցին դրամի իսկության հաստատման գործնական փորձարկումներ: Դրամի ցուցահանդեսների կազմակերպումը մարզերում կարևոր է նաև նրանով, որ դպրոցականներին, ուսանողներին հնարավորություն է տալիս այցելել Կենտրոնական բանկ և տեղում ծանոթանալ բանկի գործառույթներին: ԿԲ-ի այս նախաձեռնությունը նպատակ ունի նմանատիպ հնարավորություն տալ նաև Լոռու մարզի բնակչությանը: