Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի և Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի միջև ստորագրվեց 2015-2017թ.թ. համագործակցության համաձայնագիրը

23.09.2015



Սեպտեմբերի 21-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնալ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ պարոն Պատրիկ Ալլմանդի ղեկավարած պատվիրակությունը Լոռու մարզում էր՝ Ալավերդի քաղաքում տուրիզմի գրասենյակի բացման արարողությանը մասնակցելու և Լոռու մարզի հետ համագործակցության նոր համաձայնագիր կնքելու նպատակով: Պատվիրակության կազմում էին պարոն Միշել Տարրանը (ռեգիոնալ խորհրդի նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական), տիկին Պոլին Մուլին (միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար), տիկին Լորա Կարլոնը (արտաքին կապերի դեպարտամենտի ծրագրերի ղեկավար):
Լոռու մարզը և Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի համագործակցությունը սկսվել է 1997 թվականից: Այդ ժամանակահատվածում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Համագործակցության շրջանակներում 2012թ. դեկտեմբերի 9-13-ին տեղի է ունեցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած Լոռու մարզի պատվիրակության այցը Ֆրանսիայի Հանրապետություն: 2008 թ.-ին Մարսելում կնքված ՀՀ Լոռու մարզի և Ֆրանսիայի Հանրապետության PACA ռեգիոնի ղեկավարների միջև կնքված երկկողմ պայմանագրի շրջանակներում 2012թ. դեկտեմբերի 10-ին ստորագրվել է ՀՀ «2012-2014 թ.թ. համագործակցության համաձայնագիր», որը նախատեսում էր Լոռու մարզում ներդրումային ծրագրերի իրականացում ֆրանկոֆոնիայի զարգացման, զբոսաշրջության և անասնաբուծության բնագավառներում: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է «Տուրիզմի զարգացման հիմնադրամը», տուրիզմի գրասենյակը, կազմակերպվել է գիդերի ուսուցում: Թումանյանի տարածաշրջանի 7 համայնքների կողմից (Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Հաղպատ, Օձուն, Արդվի, Դսեղ) ստեղծված տուրիզմի միջհամայնքային գրասենյակը սկսել է գործել այս տարվա հունիսից:
Սեպտեմբերի 22-ին մարզի ղեկավարի ուղեկցությամբ հյուրերը հանդիպեցին ՀՀ ՏԿԱԻՆ նախարարի 1-ին տեղակալ Վաչե Տերտերյանի հետ` երկկողմ ծրագրերի ընթացքը և հետագա անելիքները ներկայացնելու համար:

Ֆրանսիայի PACA ռեգիոնալ խորհրդի պատվիրակությունը Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղավ ՏԿԱԻ նախարարությունում

Նույն օրը Ա. Նալբանդյանի գլխավորությամբ հյուրերն Ալավերդիում մասնակցեցին տուրիզմի գրասենյակի հանդիսավոր բացմանը, շրջեցին կենտրոնում, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Արտահայտելով իր գոհունակությունը ծրագրերի ընթացքի մասին՝ Պ. Ալլմանդը նշեց.
-Լոռին միտված է զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, իսկ «Տուրիզմի գրասենյակի» բացումը է՛լ ավելի կնպաստի այս ուղղության զարգացմանը: Մինչ այս կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք,- ասաց նա կարևորելով այն, որ մեկ տարվա ընթացքում մարզում զբոսաշրջությունը զարգացել է և զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 20 տոկոսով: Ա. Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց իրականացվող ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Օրվա երկրորդ կեսին նրանք այցելեցին «Թեղուտ» հանքարդյունաբերական ընկերություն, եղան Հաղպատի վանական համալիրում:
***
Սեպտեմբերի 23-ին պատվիրակությունն այցելեց Լոռու մարզպետարան, որտեղ, նիստերի դահլիճում, մարզպետարանի պատասխանատու աշխատողների, մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ ներկայացվեց PACA ռեգիոնի հետ համագործակցությամբ CRIPT գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող Լոռու մարզի ագրոտուրիզմի և կրթական ծրագրերի իրականացման ընթացքը, հետագա անելիքները:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի կողմից երկու մարզերի միջև ստեղծված համագործակցության պատմության ներկայացումից հետո տեղի ունեցավ մարզերի միջև 2015-2017թ.թ. համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Կողմերը նաև հուշանվերներ փոխանակեցին: Պ. Ալլմանդն իր երախտագիտությունը հայտնեց Ա. Նալբանդյանին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Նշելով, որ Լոռու մարզը Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի լավագույն և անփոխարինելի գործընկերն է, հույս հայտնեց, որ տարեցտարի գործակցության շրջանակները կընդլայնվեն: Ա. Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու և մշտական աջակցության համար՝ կարևորեց գործընկեր կառույցի մեծ դերակատարությունը մարզում տուրիզմի, գյուղատնտեսության և ֆրանկոֆոնիայի զարգացման գործում:
- Մեր երկու երկրների համագործակցությունը տարեցտարի ավելի խոր արմատներ է ձգում: Համոզված եմ՝ մեր գործընկերությունը ևս, որը բարեկամության է վերածվել, կշարունակվի շատ երկար տարիներ,-ասաց մարզպետն՝ իր ողջույնները և հուշանվեր փոխանցելով նաև Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի ռեգիոնալ խորհրդի նախագահ Միշել Վոզելին :
Հանդիպման ավարտին՝ մամլո ասուլիսի ընթացքում լրագրողները պատվիրակության ղեկավարին և մարզպետին հարցեր ուղղեցին: Համագործակցության հետագա քայլերին, իրականացվող ծրագրերի հետագա ընթացքին առնչվող լրագրողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:
Օրվա ավարտին հյուրերը եղան նաև Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցում՝ ծանոթանալով ֆրանսիական «Ցավեր առանց սահմանի» (DSF) կազմակերպության գործունեությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27