Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիայի PACA ռեգիոնալ խորհրդի պատվիրակությունը Լոռու մարզպետի ուղեկցությամբ եղավ ՏԿԱԻ նախարարությունում

22.09.2015

Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հյուրընկալեց Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ (PACA) մարզի ռեգիոնալ խորհրդի պատվիրակությանը, որը ղեկավարում էր խորհրդի նախագահի առաջին տեղակալ Պատրիկ Ալմանդը: Հյուրերին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել Լոռու մարզի և Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի համագործակցության արդյունքում մինչ օրս իրականացված ծրագրերը և նախանշել հետագա անելիքներն ու ծրագրերը:

Ինչպես հայտնի է, Լոռու մարզը և Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնը համագործակցում են 1997 թ.-ից: Այդ ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր` մասնավորապես զբոսաշրջության և անասնապահության զարգացման ոլորտներում:

2012 թ. կողմերի միջև կնքվել է «2012-14 թթ. համագործակցության համաձայնագիր»` Լոռիում ֆրանկոֆոնիայի, զբոսաշրջության և անասնաբուծության զարգացման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով: Այս շրջանակներում են ստեղծվել նաև «Տուրիզմի զարգացման հիմնադրամը», «Տուրիզմի գրասենյակը», կազմակերպվել են զբոսավարների պատրաստման դասընթացներ:
Նախարար Ա. Երիցյանի և նախարարության աշխատակազմի անունից ողջունելով հյուրերին` Վ. Տերտերյանը ընդգծեց, որ ՏԿԱԻ նախարարության և Ֆրանսիայի Հանրապետության մարզերի միջև համագործակցությունը, որը երկար տարիների պատմություն ունի, ընդգրկում է թե՛ ԱԻ, թե՛ տարածքային կառավարման ոլորտները: Նա երախտագիտությամբ նշեց, որ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ֆրանսիացի փրկարարներն առաջիններից էին, ովքեր ժամանելով աղետի գոտի՝ անգնահատելի օգնություն և աջակցություն ցուցաբերեցին տուժածներին:
- ՀՀ ԱԻ համակարգի ձևավորման հարցում Ֆրանսիան մեծ ավանդ ունի, և ներկայում ձևավորված սերտ փոխգործակցության շնորհիվ փորձում ենք ներդնել ֆրանսիական հարուստ փորձը: Տեղական և տարածքային կառավարման ոլորտում ևս Հայաստանն օգտվում է ֆրանսիական փորձից: Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որի հետ Հայաստանը ռեգիոնների մակարդակով ձևավորել է ինստիտուցիոնալ գործակցություն, ինչն ապակենտրոնացված համագործակցության ամենալավ օրինակն է - նշեց Վ. Տերտերյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պատվիրակության ղեկավար Պատրիկ Ալմանդը նշեց, որ Լոռու մարզի հետ համագործակցությունն սկսվել է առողջապահության ոլորտից` հետզհետե ներառելով այլ ոլորտներ ևս: Նրա խոսքով` մարզում լեզվի ուսուցման կենտրոնների հիմնումը պայմաններ է ստեղծել նաև ֆրանկոֆոնիայի զարգացման համար:

- Մենք տեղյակ ենք, թե ինչպիսի մեծ ուշադրություն է դարձնում ՏԿԱԻ նախարարը մարզերի, իսկ այս պարագայում` Լոռու մարզի զարգացմանը: Ինչպես գիտեք, մեր պետությունների երկու մարզերի միջև արդեն կնքվել է «2012-14 թթ. համագործակցության համաձայնագիր», օրերս կստորագրվի նաև «2015-17 թթ. համագործակցության համաձայնագիրը», որում կպահպանվեն գործակցության նույն ուղղությունները: Լոռին միտված է զարգացնել զբոսաշրջության ոլորտը Հայաստանում, իսկ «Տուրիզմի գրասենյակի» բացումը էլ ավելի կնպաստի այս ուղղության զարգացմանը: Մինչ այս կատարված աշխատանքները տվել են ցանկալի արդյունք, քանի որ մեկ տարվա ընթացքում մարզում զբոսաշրջությունը զարգացել է 20 տոկոսով, - ավելացրեց պատվիրակության ղեկավարը:
Պ. Ալմանդը կարևորեց նաև մարզի հետ գյուղատնտեսության ոլորտում իրականցավող ծրագրերը` մասնավորապես ոչխարաբուծության զարգացման նպատակով նախագծերի մշակումը:

Հանդիպման ավարտին հյուրերը տեսաֆիլմերի միջոցով ծանոթացան ՏԿԱԻ նախարարության ստեղծման պատմությանը, շրջայց կատարեցին նախարարությունում և ծանոթացան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին: Նրանք տպավորված էին նախարարության աշխատակազմում շուրջ 3 տասնյակ հաշմանդամ աշխատակիցների աշխատանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27