Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիսություններ՝ նվիրված Անկախության տոնին
22.09.2015

Ինչպես ամենուր, ՀՀ անկախության 24-րդ տարելիցը արժանվույնս նշվեց նաև Լոռու մարզում: Հատկապես տարածաշրջանային քաղաքներում՝ Ստեփանավանում, Սպիտակում, Ալավերդում, խոշոր համայնքներում և այլուր տոնը նշավորվեց բազմապիսի միջոցառումներով՝ թեմատիկ ու գրքային ցուցահանդեսներով, ռազմահայրենասիրական միջոցառումներով, թատերական բեմադրություններով, քայլարշավներով, համերգային ծրագրերով:
Օրվան նվիրված միջոցառումները մարզկենտրոն Վանաձորում մեկնակրել են սեպտեմբերի 19-ից՝ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում և գրադարանների կենտրոնացված համակարգի գրադարաններում բացված թեմատիկ ցուցադրություններով: Սեպտեմբերի 20-ին Վանաձորի թիվ 2 մշակույթի տան սաների մասնակցությամբ տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում: Ուշագրավ էր հատկապես սեպտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի ավելի քան 400 կամավորների տոնական եռագույն երթը Վանաձորի Թումանյան հրապարակից մինչև Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ, ուր երեկոյան տեղի ունեցավ հանդիսության գլխավոր միջոցառումը: Երթն ուղեկցվում էր Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի կատարումներով: Մասնակիցները Հայքի հրապարակում շուրջպար բռնեցին, իսկ նվագախումբը կատարեց հայրենասիրական մեղեդիներ: Մշակույթի պալատի ճեմասրահում հնչում էին կամերային նվագախմբի կատարումները` նվիրված անկախության օրվան: Համերգային ծրագրում հանդես եկան «Հորովել» երգի-պարի համույթի, Վանաձորի քաղաքապետարանի կամերային երգչախմբի, երգի թատրոնի արտիստները, մանկական դպրոց-ստուդիայի սաները:
Մարզի եկեղեցիներում տոնակատարություններն ուղեկցվեցին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների աղոթք-ժամերգություններով՝ «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» եռամիասնության վկայակոչումով: