Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերխնդիրը նոր աշխատատեղերի ստեղծումն է

11.09.2015

2001 թվականին Վանաձոր քաղաքում նախկին «Էլեկտրոն» գործարանի բազայի վրա հիմնվեց «Չինվան» ՍՊԸ-ն: Ի սկզբանե ընկերության գործունեության նպատակը Չինաստանից համեմատաբար էժան տեխնոլոգիական սարքավորումների և փոքրածավալ գյուղատնտեսական տրակտորների ներկրումն ու իրացումն էր: Անցած տարիներին ընկերությունը իրացրել է Չինաստանից ներկրած 700-ից ավելի տրակտոր և դրանց ավելի քան 3000 կցորդիչ սարքավորումներ: Հիմնումից երկու տարի անց ՍՊԸ-ն ձեռնարկեց նաև գյուղսարքավորումների սեփական արտադրություն և դրանց ընթացիկ ու կապիտալ վերանորոգումները: Գործարանն ունի նաև 5000 քառակուսի մետր տարածքով բանջարաբոստանային կուլտուրաների ջերմոցային տնտեսություն:
Սեպտեմբերի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի և մարզպետարանի մի խումբ մասնագետների հետ այցելեց «Չինվան» ՍՊԸ-ը՝ տեղում ծանոթանալու ձեռնարկության ընթացիկ աշխատանքներին ու հեռանկարներին: Ընկերության տնօրեն Սամվել Նաջարյանը մարզպետին և ուղեկիցներին գյուղսարքավորումների արտադրամասերում ծանոթացրեց թողարկվող արտադրատեսակներին, ընդգծելով, որ իրենց ձեռնարկության թողարկած հնձիչները, խոտհավաքները, գութաններն ու կուլտիվատորները, փորիչներն ու ամբարձիչները ոչ միայն 30-35%-ով էժան են համաշխարհային շուկայում առկա արտադրատեսակներից, այլև որակով չեն զիջում և իրենց երկարակեցությամբ գերազանցում են արտասահմանից ներկրվողներին: Մեծաքանակ պատվերի դեպքում, ըստ տնօրենի, ընկերությունը կիրառում է էական զեղչեր: Ձեռնարկության արտադրանքը ոչ միայն սպառվում է մեր հանրապետությունում, այլև Արցախում և Վրաստանում:
Գործարանի պտղատու այգում հյուրերին ցուցադրվեց վերջերս մշակված և թողարկված մոլախոտերի քաղհանում և ծառերի բների բաժակափոր կատարող սարքի աշխատանքը, որն, ըստ մասնագետների, կփոխարինի տասնյակ մարդկանց ձեռքի աշխատանքին: Ի դեպ, ընկերությունը սերտ համագործակցում է ՀՀ գյուղակադեմիայի բազմափորձ մասնագետների և գիտաշխատողների հետ, շատ նորույթներ ծնվում են հենց այդ համագործակցության արդյունքում:
Շրջայցի ավարտին պարոն Նալբանդյանն իր տպավորությունները ներկայացրեց լրագրողներին:
-Այսօր մեր խնդիրների գերխնդիրը նորանոր աշխատատեղերի ապահովմամբ բնակչության սոցիալական դրության աստիճանական բարելավումն է: Այս առումով աշխատում ենք ուշադրությունից դուրս չթողնել ցանկացած ոլորտ, ուր աշխատատեղ ստեղծելու հնարավորություն կա: Մոտիկից ծանոթացա ընկերության գործունեությանը, տնօրենի հետ պայմանավորվեցի առաջիկա շաբաթում մարզպետարանում առավել հանգամանալից քննարկել «Չինվանի» զարգացման ծրագիրը: Դրական եզրակացության դեպքում կդիմենք ՀՀ կառավարություն՝ ընկերությանը տնտեսական ընդլայնման ծրագրերում ներառելու, արտադրության ծավալներն ընդլայնելու և, որ ամենակարևորն է, նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով,-ասաց մարզպետը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27