Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի խորհրդի նիստում

31.08.2015

Օգոստոսի 28-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Լոռու մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նիստին ներկա էր ՏԿ և Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատու աշխատող Արմեն Մարտիրոսյանը: Մարզպետն իր բացման խոսքում շնորհավորեց նորընտիր համայնքապետերին, ինչպես նաև Քարկոփի գյուղապետ Ժորա Այբեկյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին էր մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի զեկուցումը:
-Առաջին տպավորությունը վատը չէ,-նկատեց նա,-2015 թվականի ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման 7 ամսվա արդյունքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր են 5,5 տոկոսով: Օգոստոսի 1-ի դրությամբ մարզի 37 համայնքներում եկամուտների հավաքագրման կատարողականը 100 տոկոսից բարձր է եղել, 80-100 տոկոս հավաքագրում է ապահովվել 55, 60-80 տոկոս՝ 14, 40-60 տոկոս՝ 6 համայնքներում:
Անբավարար հավաքագրում ունեն Անտառամուտ, Շամլուղ, Քարինջ, Դաշտադեմ, Պրիվոլնոյե, Լուսաղբյուր համայնքները՝ 60 տոկոսից ցածր:
Ընդհանուր առմամբ վատ չէ նաև յոթ ամսվա պլաններով նախատեսված գույքահարկի հավաքագրումը՝ 103 տոկոս: Սակայն թերացողներն էլ քիչ չեն:
Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունեն 45 համայնքներ, որոնցից առավել մեծ՝ Արջուտը՝ 48,8 տոկոս, Քարաբերդը՝ 53,5, Մեդովկան՝ 52,1, Ապավենը՝ 42,2, Խնկոյանը՝ 54,8, Վահագնաձորը՝ 58,85 տոկոս:
14 համայնքներում ընթացիկ պլանի կատարողականը կազմում է 70 տոկոսից ցածր, որոնցից առավել ցածր՝ մինչև 50 տոկոս կատարողական ունեն 5 համայնք՝ Անտառաշենը, Արդվին, Արևածագը, Ձորամուտը, Ապավենը:
Շարունակում է մտահոգել հողի հարկի հավաքագրման վիճակը՝ 90,2 տոկոս: Թեև ընդհանուր ցուցանիշներով նախորդ տարվա համեմատությամբ որոշակի աշխուժացում նկատվում է, սակայն մարզի համայնքներից կեսից ավելին հատկապես Շամլուղը, Նորոշենը, Հովնաձորը, Արջուտը, Դսեղը, Գյուլագարակը լուրջ անելիքներ ունեն:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը մոտ է պլանայինին՝ է 98,4 տոկոս:
-Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում նվազման միտում կա, և այն համայնքները, որտեղ տեղական տուրքի հավաքագրումը նվազել է, պետք է վերանայեն համայնքում տարվող քաղաքականությունն ու իրենց կողմից կազմակերպվող աշխատանքների որակը,-ասաց Հ. Պապոյանը: Նախորդ տարվա նկատմամբ հավաքագրման նվազում ունեն 39 համայնքներ, որոնցից առավել մեծ՝ Ուրասարը,Վահագնին,Եղեգնուտը, Թեղուտը, Ջիլիզան, Մեծավանը, Լոռի Բերդը: Իսկ Դաշտադեմ, Անտառամուտ, Ձյունաշող համայնքնեում ընդհանրապես գանձումներ չեն եղել: 19 համայնքներում ընթացիկ պլանի նկատմամբ կատարողականը կազմում է 60 տոկոսից ցածր, որոնցից առավել ցածր՝ մինչև 50 տոկոս հավաքագրում ունեն 9 համայնքներ՝Ուրասարը, Անտառամուտը, Վահագնին, Դսեղը, Մեդովկան, Շիրակամուտը, Արևաշողը, Լեռնավանը, Ջրաշենը:
Պետական տուրքի հավաքագրումը մարզում կազմել է 84,5 տոկոս, շուրջ 99 տոկոսով է կատարվել հողի և գույքի վարձակալության վճարների 7 ամիսների առաջադրանքը:
Զեկուցողը նշեց, որ աշխատավարձի գծով 2015 թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտքեր չկան:
2015թ. գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատությամբ ցանքատարածություններն ավելացել են շուրջ 11 տոկոսով, կամ 3071 հեկտարով, որը բավականին դրական երևույթ է և ծավալվելու միտում ունի: Այնուհետև զեկուցողն անդրադարձավ բերքահավաքի ընթացքին: Առանձին բացառություններով, տարին ընդհանուր առմամբ նպաստավոր է բուսաբուծության համար: Դրա վկայությունը ցորենի և գարու բավականին հուսադրող բերքն էր՝ հեկտարից 35 ցենտներ ցորեն և 32 ցենտներ գարի: Գյուղատնտեսության բաժնի պետը դա պայմանավորում է պետության կողմից տարվող ագրոտնտեսական արդյունավետ քաղաքականությամբ, երկրագործներին մատչելի գնով տրվող բարձրորակ սերմացուով, պարարտանյութով ու դիզվառելիքով:
2015թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտա¬դրու-թյան զարգացման ծրագրի շրջանակ¬նե¬րում Լոռու մարզի 51 համայնքներին հատկացված 80 տոննա գարնանացան գարու, 1,9 տոննա եգիպտացորենի, 5,4 տոննա առվույտի և 17,1 տոննա կորնգանի սերմացուների հաշվին մարզում կատարվել է շուրջ 806 հա ցանք:
Մարզի 17 սերմարտադրող ֆերմերների հատկացվել է 63,3 տոննա ցորենի էլիտային, իսկ հայտ ներկայացրած 40 համայնքների՝ 350 տոննա առաջին վերարտադրության աշնանցան ցորենի սերմացու:
Բանջարաբոստանային մթերքների բերքահավաքը շարունակվում է, այստեղ էլ հուսադրող ցուցանիշներ կան: Առայժմ արտադրվել է 20 հազար տոննա կարտոֆիլ, 8000 տոննա բանջարեղեն, 3000 տոննա պտուղ և հատապտուղ, կուտակվել է 120 հազար տոննա խոտ:
-Ամենայն հավանականությամբ շուրջ 14 տոկոսով կգերազանցենք նախորդ տարվա բերքարտադրության ցուցանիշը,-ասաց Ա. Շահվերդյանը:
Մարզի համայնքներում այս տարվա երկրորդ եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը:Ըստ նրա ֆինանսական բնագավառում արձանագրված հիմնական խախտումներից է հարկերի, տուրքերի և վճարների թերի հավաքագրումը, որի հետևանքով կուտակվում են մեծ ապառքներ: Դրանց գանձումների մարման ժամանակացույցեր հիմնականում չեն կազմվել, դատական կարգով գանձումներ չեն իրականացվել:
Առավել խոշոր չափի ապառքներ են կուտակվել Պրիվոլնոյե, Լեջան, Դեբետ և Շնող համայնքներում:
Բյուջեի կատարման եռամսյակային հաղորդումները որոշ դեպքերում չեն ներկայացվել ավագանուն կամ ներկայացվել են ուշացումներով Դեբետ, Լեջան, Ծաթեր, Շնող, Սարահարթ, Սարամեջ համայնքներում:
Հալավար, Լեջան, Պրիվոլնոյե համայնքներում դրամարկղի գիրքը կնքված և համարակալված չէ տարածքային հարկային տեսչության կողմից:
Չի պահպանվել գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջը, ըստ որի մինչև փետրվարի 1-ը չի հաստատվել գնումների պլանը և չեն ձեռնարկվել միջոցներ` ֆինանսների նախարարի կողմից սահմանած կարգով այն հրապարակելու համար: Վերը նշված խախտումն առկա է ստուգում անցած բոլոր գյուղական համայնքներում:
Հողաշինության բնագավառում կազմված ակտերում ևս արձանագրվել են հիմխախտումներ:
Մեղվահովիտ և Պրիվոլնոյե համայնքներում մրցութային հանձնաժողովները ստեղծվել են առանց մարզպետարանի ներկայացուցիչի` չպահպանելով ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդները թերություններով են անցկացվել Սարահարթ, Սարամեջ, Շնող համայնքներում:
Խախտվել է ՀՀ կառավարության «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը հաստատելու մասինե որոշմամբ հաստատված կարգը: Համայնքային սեփականության արոտավայրերն օգտագործվում են համայնքի անասնատերերի կողմից առանց համապատասխան պայմանագրերի, կամ պայմանագրերը կնքվում են թերություններով:
Դեբետ, Ծաթեր, Պրիվոլնոյե, Սարամեջ, Շնող համայնքներում պայմանագրեր չկան, իսկ Լեջան համայնքում պայմանագրերը չեն համապատասխանում սահմանված կարգին և արոտավարձը պակաս է հողի հարկի տարեկան դրույքաչափից:
Սարամեջ, Պրիվոլնոյե, Սարահարթ, Շնող համայնքներում համայնքային սեփականության վարելահողերը առանց մրցույթի տրամադրվել են վարձակալության:
Համայնքների ղեկավարների և ավագանու կողմից իրականացված լիազորությունների նկատմամբ իրականացված վարչական հսկողության արդյունքում տարաբնույթ խախտումներ են արձանագրվել Թումանյան, Շնող, Ծաթեր, Դեբետ և Հալավար համայնքներում:

Հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա հունիսին ՙԱրքալեռ՚ ռեյտինգային պորտալը մոնիթորինգի է ենթարկել հանրապետության 246 համայնքային պաշտոնական կայքեր, որից 27-ը Լոռու մարզից: Արդյունքում մեր մարզը զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ մարզկենտրոն Վանաձորը՝ 2-րդ տեղը՝ զիջելով միայն Գյումրիին:
Հ. Մկրտչյանը մտահոգություն հայտնեց, որ մարզի 113 համայնքներից 58-ն ունեն տեղեկատվական կառավարման համակարգեր, իսկ դրանցից միայն 32-ն ունեն պաշտոնական ինտերնետային կայքեր: Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թ. ապրիլի 8-ի որոշմամբ մարզպետարանները պետք է հսկողություններ սահմանեն համայնքների պաշտոնական կայքերի վարման նկատմամբ և յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել տեղեկատվություն այդ աշխատանքների վերաբերյալ:Նա համայնքապետերին հորդորեց լուրջ ուշադրություն դարձնել իրենց պաշտոնական կայքերի վարմանը:
Զորահավաքային նախապատվության աշխատանքների հետ կապված ընթացիկ հարցերի մասին խոսեց մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը:

Ամփոփելով նախորդ ելույթները՝ հատկապես սեփական եկամուտների հավաքագրման գործում անգործություն, անփութություն ու անտարբերություն դրսևորող համայնքների ղեկավարներին կշտամբանքի խոսքերով դիմեց մարզպետ Արթուր Նալբանդյանը:
-Սեփական եկամուտների հավաքագրումը համայնքի ղեկավարի ամենաառաջնահերթ լիազորությունն է, նրա աշխատանքի ամենամեծ գնահատականը և դա աչքաթող անողը իրավունք չունի ղեկավարել համայնքը,-այսպիսի խիստ տոնով արտահայտվեց մարզպետը, շեշտելով, որ այսուհետ նման ղեկավարների նկատմամբ էլ համարժեք վերաբերմունք կցուցաբերվի պետության կողմից ցուցաբերվող աջակցային ծրագրերի կիրառման ժամանակ:
Անդրադառնալով արձանագրված վարչական խախտումներին,մարզի ղեկավարը պահանջեց շուտափույթ վերացնել դրանք, շեշտելով, որ խիստ անհանդուրժողական են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք անտարբերություն կցուցաբերեն արձանագրված վարչական խախտումների հետևանքների նկատմամբ և թույլ կտան դրանց կրկնությունը:
Ապա համայնքային հիմնախնդիրների և սեփական եկամուտների հավաքագրման գործում ունեցած հաջողությունների համար Արթուր Նալբանդյանը շնորհակալագիր հանձնեց Լերմոնտովոյի գյուղապետ Էդիկ Չախալյանին և Արևաշողի գյուղապետ Պերճ Պապիկյանին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59