Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոքր և միջին բիզնեսի խթանումը պետական հոգածության ներքո

26.08.2015

Օգոստոսի 25-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁԱԿ) ներդրումների ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ), Հայաստանի զարգացման հիմնադրամի և Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության եւ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում մարզի գործարարների հետ, որի ժամանակ ներկայացվեց այս կառույցների գործունեության հիմնական ուղղությունները:
Նիստը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, ով կարևորեց այս հանդիպումը, քանի որ երկրի զարգացման հիմնական շարժիչ խթաններից մեկը համարվում է փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
ՓՄՁ ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի ստեղծման պատմությունը, պետական աջակցության ծրագրերի տեսակները՝ ուսումնախորհրդատվական և ֆինանսական:
-Սկսնակ բիզնեսմենները կարող են ստանալ 5 միլիոն դրամ՝ 5 տարի ժամկետով՝ 10 տոկոս տոկոսադրույքով: Բոլոր ֆինանսական աջակցություն ստացածները գտնվելու են կենտրոնի ուշադրության և վերահսկողության ներքո: Փողոցային առևտուրը դուրս է մնում ֆինանսական աջակցությունից: Հաճախորդի կողմից առաջարկվող գրավը և հիմնադրամի կողմից տրամադրվող երաշխավորությունը հիմնադրամի կողմից տրվող գումարի չափը չի կարող գերազանցել վարկի մայր գումարի 70 տոկոսը և 15 միլիոն դրամը: Արտահանման ուղղվածություն ունեցող, մշակող արդյունաբերության ոլորտի կազմակերպություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորումն իրականացնում է արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից,- ասաց Կ. Գևորգյանը՝ նշելով, որ ֆինանսական աջակցությունն կարող են ստանալ 3 և ավելի տարի գործող բիզնեսները:
ՓՄՁ ազգային կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Սևակ Ափուջանյանը խոսեց հաշվապահական հաշվառման, համաֆինանսավորման և հաշվապահական ընկերության կողմից սկսնակ գործարարներին տրամադրվող օգնության մասին: Նա նշեց, որ արդեն 100-ից ավելի ՀԴՄ սարքավորումներ են տրամադրվել գյուղական համայնքների գործարարներին: Դրանց կիրառությունը կսկսվի 2016 թվականի հունվարի 1-ից: Մինչև այդ ժամկետը անվճար սկզբունքով ՀԴՄ ձեռք չբերած գործարարները կվճարեն ՀԴՄ սարքի ամբողջական գինը (40 հազար դրամ):
ՓՄՁ ՈւՎԿ-ի տնօրենի տեղակալ Արման Մնացականյանը խոսեց կազմակերպության հիմնադրամի, առաքելության, նպատակների մասին:
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի որոշմամբ սահմանված տնտեսության կայունության վարկավորման ծրագրի շրջանակներում: Ընկերությունը նպատակ ունի աջակցել փոքր և միջին ձեռնարկության զարգացմանը, խթանել համախառն ներքին արդյունքի աճը՝ տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով նպաստել ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի զարգացմանը և աջակցել Հայաստանի տարածաշրջանների համաչափ զարգացմանը: Ֆինանսավորող ոլորտներ են՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիանեի, ծառայությունների մատուցման ու սպասարկման և արտահանման կազմակերպմանն ուղղված ոլորտներ: Ֆինանսավորման գործընթացում նախապատվությունը տրվում է նոր արտադրության կազմակերպմանը, ներմուծման փոխարեն արտահանվող կամ արտահանման ներուժ ունեցող արտադրության կազմակերպմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կամ նորարարությունների ներդրմամբ կազմակերպվող արտադրությանը և նոր կամ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանըև այլն: Վարկերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին՝ փոքր և միջին չափի վարկեր՝ մինչև 50 միլիոն դրամ, խոշոր չափի վարկեր՝ սկսած 50 միլիոն դրամից՝ 12 տոսկոսադրույքով մինչև 5 տարի ժամկետով, արտոնյալ ժամկետը՝ մեկ տարի՚,- ասաց Արման Մնացականյանը խոսելով երաշխիք տրամադրող ՀՀ ռեզիդենտի, երաշխիքի տեսակների և տրամադրման պայմանների մասին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Ժիրայր Արամյանը խոսեց արտահանմանն ուղղված քաղաքականության մասին, որը կնպաստի գինեգերծության, կոնյակագործության, թեթև արդյունաբերության, ճարտարապետության, ծանր արֆյունաբերության զարգացմանը: Նա նաև նշեց, որ սննդի միջազգային ցուցահանդեսներին մասնակցող 10 կազմակերպություններին 50 տոսկոսի չափով աջակցել են մասնակցության ծախսերը հոգալու համար:
ՙՄեր հիմնադրամը զբաղվում է նաև միջազգային մասշտաբով տարբեր երկրներում տարբեր ապրանքների գների հետ կապված տեղեկատվության տրամադրմամբ՝ ցանկացած երկրի շուկայի վերաբերյալ: Կախված ծրագրի լրջությունից՝հնարավոր է նաև լրիվ ֆինանսավորում՚,- ասաց Ժ. Արամյանը:
Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ֆինանսական տնօրեն Վազգեն Աբգարյանը ներկյացրեց արտահանման խթանման , արտահանման շուկաների ընդլայնման և աճի, հասանելի և մատչելի ֆինանսական ռեսուրսների ստեղծման նպատակները:
-Մեր գործակալությունը հնարավորություն է ստեղծում ավելացնել վաճառքների ծավալները՝ գնորդներին հետաձգված վճարումների հնարավորություն տալու միջոցով, ընդլայնել միջազգային առևտրի ծավալները դեպի նոր շուկաներ, նպաստել մրցունակության բարձացմանը միջազգային շուկաներում, բարելավել և պաշտպանել դրամական հոսքերը և օգտվել առևտրի ֆինանսավորման ծառայություններից՝ արտոնյալ պայմաններով- ասաց Վ. Աբգարյանը խոսելով՝ ապահովագրական քաղաքականության, բնական և առևտրային ռիսկերի մասին:
Վերջում գործարարներն իրենց մտահոգությունները և առաջարկությունները ներկայացրեցին պատկան կառույցների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ ստանալով բավարար տեղեկատվություն Հայաստանում ձեռնարկատիրական գործուներության զարգացման պետական ծրագրերի վերաբերյալ, որոնք իրականացվում են ֆինանսական, ներդրումային, խորհրդատվական, արտահանման, բիզնեսի միջազգայնացման, ուսուցողական, տեղեկատվական և այլ ուղղություններով աջակցության տրամադրման նպատակով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59