Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Գուգարք» ճամբարը հյուրընկալել էր արցախցի դպրոցականներին

24.08.2015

«Լոռի-Մարտակերտ բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետի, «Վալլեքս» խմբի ընկերությունների Արցախում գործող «Բեյզ Մեթլզ» ընկերության և Լոռու մարզում բարեգործական լայնածավալ ծրագրերի հեղինակ «Դիակոնիա» հիմնադրամի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ԼՂՀ Մարտակերտի վարչական շրջանի 13 դպրոցականներ օգոստոսի 15-ից 22-ը իրենց ամառային հանգիստն անցկացրին Փամբակի գեղատեսիլ բնության գրկում գտնվող «Գուգարք» ճամբարում: Ճամբարի երկարամյա տնօրեն Սեյֆուլինա Դանիելյանի և ողջ անձնակազմի հոգատարության ու հյուրընկալ վերաբերմունքի շնորհիվ արցախցի դպրոցականները մեկշաբաթյա անմոռանալի օրեր անցկացրին: Երեխաների իսկ խոստովանությամբ նրանք ոչ միայն հիանալի հանգստացան,կազդուրվեցին,հարստացրին իրենց հայրենագիտական գիտելիքները, այլև մեծ թվով ընկերներ ձեռք բերեցին, որոնց թվում նաև՝ նույն ճամբարում հանգրվանած սիրիահայ իրենց հասակակիցներ:
Արցախցի երեխաների հիշողությունում հատկապես անմոռաց կմնա օգոստոսի 19-ը, երբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի նախաձեռնությամբ նրանք էքսկուրսիա կատարեցին դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղ, ապա՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ: Այս անգամ էլ «Դիակոնիան» անմասն չմնաց՝ երեխաներին հատկացնելով հարմարավետ ավտոբուս: Էքսկուրսիայի կազմակերպումն ու անցկացումը համակարգող մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանի, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանի ուղեկցությամբ երեխաները առաջինը եղան Հովհ. Թումանյանի Դսեղի տուն-թանգարանում: Տպավորություն անպատմելի էր: Թանգարանի տնօրինությունը, համայնքի ղեկավարությունը ջերմորեն, լոռեցու տանտիրոջ սրտաբացությամբ դիմավորեցին երեխաներին ու խմբի ղեկավար-մանկավարժ Սմբատ Բաղդասարյանին, նրանց ցուցադրեցին այն գողտրիկ տունը, ուր իր մանկությունն է անցկացրել մեծ բանաստեղծը: Համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը երեխաներից յուրաքանչյուրին ընծայագրով Հովհ. Թումանյանի հեքիաթների գիրքը նվիրեց, խաղաղություն ու բարեկեցություն մաղթեց Արցախ աշխարհին ու նրա մարդկանց:
Երեխաների վրա պակաս տպավորություն չթողեցին նաև այցելությունները Հաղպատավանք և Սանահինի միջնադարյան վանական համալիր, Միկոյան եղբայրների թանգարան, ուր նրանք սեփական աչքերով ակնատես եղան այն ամենին, ինչին ծանոթ էին միայն դասագրքերից:
Ալավերդիում ճամբարականներին հանդիպեց ու նրանց հետ ջերմ ու անմիջական զրույցի բռնվեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հյուրասիրության սեղանի շուրջ նա երեխաներին նվիրաբերեց Լոռու մարզի տեսարժան վայրերն արտացոլող պատկերազարդ գիրք, նաև «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից առանձնացված դպրոցական պայուսակ՝ ամենաբազմատեսակ գրենական պիտույքներով ու հիգիենիկ պարագաներով: «Դիակոնիայի» կողմից էլ երեխաները Նոր կտակարան ստացան:
Կազդուրված, անմոռաց տպավորություններով լեցուն, արցախցի երեխաները օգոստոսի 22-ին վերադարձան Մարտակերտ՝ գալիք տարվա դպրոցական արձակուրդներին ևս Մայր Հայաստան գալու երազանքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:51:42