Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Լոռու մարզ

17.08.2015

Օգոստոսի 14-ին, կառավարության մի քանի անդամների հետ աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նրանք առաջինը այցելեցին Մարգավահովիտ համայնք, որտեղ ծանոթացան գրեթե 2 կմ երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգման ընթացքին: Ճանապարհաշինարարը զեկուցեց, որ արդեն կատարվել է շինաշխատանքների 70 տոկոսը: Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբերի կեսերին: Ճանապարհատվածի հիմնանորոգման համար ներդրվել է 96 մլն դրամ, որից 40 մլն-ը տրամադրել է «Մարգավահովիտ» բարեգործական հիմնադրամը, 10 մլն-ը՝ համայնքը, իսկ 46 մլն դրամը՝ ՀՀ կառավարությունը: Վարչապետը զրուցեց մարգահովիտցիների հետ, ծանոթացավ նրանց հուզող հարցերին և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին դիմեցին միջնակարգ դպրոցին հարակից 370 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման խնդրանքով, որի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է 25 մլն դրամ: Վարչապետը պատրաստակամություն հայտնեց ՀՀ պետբյուջեից միջոցներ հատկացնել և հանձնարարել աշխատանքները սկսել հնարավորինս արագ: Եղավ արվեստի դպրոցին երաժշտական գործիքներով և գույքով օգնելու խնդրանք, որին նույնպես վարչապետն արձագանքեց դրականորեն:
Այնուհետև կառավարության ղեկավարն ու ուղեկիցները ուղևորվեցին Վանաձոր, որտեղ ծանոթացան թիվ 18 միջնակարգ դպրոցի վերակառուցման աշխատանքներին: Զեկուցվեց, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա 2 մարզադահլիճ, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիաներ, լոկալ ջեռուցման համակարգ և կհամալրվի անհրաժեշտ ժամանակակից գույքով: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել հաջորդ տարվա ընթացքում: Դպրոցի վերակառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մեկ միլիարդ 100 մլն դրամ: 7 մասնաշենքերից 5-ում արդեն ավարտվել են շինաշխատանքները: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարեց աշխատանքների ընթացքում խստագույնս պահպանել որակը և ծրագիրն ավարտին հասցնել սահմանված ժամկետում:
Հովիկ Աբրահամյանը այցելեց նաև Ստեփանավանի տարածաշրջան, ծանոթացավ երկու տարբեր հատվածներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Դեպի Գարգառ համայնք տանող 3,9 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքներն ավարտական փուլում են, ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 450 մլն դրամ: Միաժամանակ, զեկուցվեց, որ Ագարակից մինչև Օձուն ձգվող 40 կիլոմետրանոց ճանապարհահատվածի շինաշխատանքները ընթանում են մեծ թափով և նոյեմբերին ավարտին կհասցվեն: Լայնածավալ այս ծրագրին հատկացվել է 3 միլիարդ 450 մլն դրամ: Բարձրակարգ ճանապարհը միմյանց կկապի Ստեփանավանի տարածաշրջանի 12 համայնք: Վարչապետը գոհ էր աշխատանքների ընթացքից:
-Անվիճելի է, որ համայնքների տնտեսական դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկը նորմալ, բարեկարգ ճանապարհների առկայությունն է: Այս առումով Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի շինարարությունը, վստահ եմ, անգնահատելի նշանակություն կունենա ճանապարհն ընդգրկող 12 համայնքների տնտեսական զարգացման առումով: Բացի այդ, նորոգ ճանապարհը խիստ կարևոր է այն առումով, որ եկող տարվանից, երբ կմեկնարկի Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ճանապարհի վերակառուցումը, այս ճանապարհահատվածը կդառնա Վանաձորը Թումանյանի տարածաշրջանին և Վրաստանին կապող միակ այլընտրանքային ուղին,-վարչապետի այցը լուսաբանող լրագրողներին ասաց Արթուր Նալբանդյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելեց Ստեփանավանում տեղակայված ամառային ներառական ճամբար, որտեղ այս տարի 4 հերթափոխով հանգստանում է 200 երեխա՝ հանրապետության բոլոր մարզերից: Հովիկ Աբրահամյանին, Արթուր Նալբանդյանին ու ուղեկցողներին ճամբարականները դիմավորեցին աղ ու հացով, ուրախ երաժշտությամբ: Հյուրերը շրջեցին ճամբարում, ծանոթացան հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցեցին երեխաների հետ, հետաքրքրվեցին նրանց առօրյայով: Արչդեն յոթերորդ տարին գործող, իր տեսակով ինքնատիպ այս ճամբարը մեկնարկել է հուլիսի 24-ից և կավարտվի օգոստոսի 20-ին: Ճամբարում իրենց հանգիստն անցկացնողների մեծ մասը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, որոնց համար ստեղծվել են հանգստանալու անհրաժեշտ բոլոր պայմանները: Հյուրերը ծանոթացան ճամբարականների ձեռքի աշխատանքներին, կատարեցին բարեգործական գնումներ: Հովիկ Աբահամյանը կարևորեց նման ճամբարների կազմակերպումը և վստահեցրեց կառավարության աջակցությունը՝ երեխաների հանգիստը լավագույնս կազմակերպելու գործում:Ճամբարում այցն ավարտվեց վարչապետի կողմից աջակցության խոստումով՝ գույքով մարզասենյակ և փոքրիկ լողավազան ունենալու հարցում: Օրվա ավարտին Հովիկ Աբրահամյանն ամփոփեց այցի արդյունքները:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ համայնքներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնցից կառավարությունն ընտրում է հրատապները և փորձում լուծում տալ: «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ կառավարության կողմից իրականացվում են մարզերում հրատապ խնդիրների՝ ճանապարհների կառուցման, ջրամատակարարման, դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ: Մենք պետք է փորձենք բնակչության համար հրատապ մյուս խնդիրներին ևս առաջիկա 2-3 տարիների ընթացքում լուծում տալ: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է ֆինանսական մեծ ռեսուրսների հետ, բայց կառավարությունը կամաց-կամաց այդ խնդիրները լուծելու է»,- նշեց Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես ճանապարհաշինության ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում: «Միայն այս տարի կառավարությունը Համաշխարհային բանկի ծրագրերով մոտ 30 միլիոն դոլարի ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացնում: Միմյանց են կապվում համայնքները, զարգանում ենթակառուցվածքները, ինչը նաև նպաստում է գործարարարության, գյուղատնտնտեսության զարգացմանը: Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք: Պետք է համաձակ, ոչ ստանդարտ քայլեր իրականացնենք՝ երկրի տնտեսությունը զարգացնելու համար»,- ասաց գործադիրի ղեկավարը՝ ավելացնելով, որ կառավարության գերակա խնդիրը տնտեսության ակտիվացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու աստիճանաբար առկա խնդիրների կարգավորումն է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18