Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի խորհրդակցությունում

10.08.2015

Օգոստոսի 10-ին Լոռու մարզպետի հերթական խորհրդակցության օրն էր: Ա.Նալբանդյանն անդրադառնալով մարզպետարանի ստորաբաժանումների կողմից պաշտոնական գրագրությունների առաքման գործընթացին,վարչությունների ու բաժինների պետերին հանձնարարեց անվերապահորեն ապահովել հանձնարարակնների կատարման ու գրությունների առաքման սահմանված ժամկետները:
Ըստ տարբեր հարկատեսակների՝ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման օգոստոս ամսվա առաջին տասնօրյակի արդյունքները ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ն. Ասրյանը: Օգոստոսի 10-ի դրությամբ ամսվա հավաքագրումների ընդհանուր ծավալը 14 տոկոս է, որը թեև վատ արդյունք չէ, սակայն նկատի ունենալով, որ առջևում նոր ուսումնական տարին է և համայնքների բնակիչները եղած ֆինանսական խնայողությունները հիմնականում դրան են ուղղելու, մարզպետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց համայնքների ղեկավարների ու բնակչության հետ առավել արդյունավետ աշխատել հատկապես առաջիկա 10-15 օրերին, ապահովել եկամուտների բավարար մուտքեր:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը զեկուցեց համահայկական 6-րդ խաղերում մարզի ներկայացուցիչների նախնական արդյունքների մասին: Օգոստոսի 8-ի դրությամբ մարզի պատվիրակներն արդեն նվաճել են 17 մեդալ, որից 6 ոսկի, 8 արծաթ և 3 բրոնզ: Նվաճված մեդալների մեծ մասը Վանաձորի թեթև աթլետիկայի մարզադպրոցի սաներինն են: Խաղերի եզրափակիչ փուլ են մտել վանաձորցի ձեռնագնդորդները, լավ սպասելիքներ կան նաև մարզի շախմատիստներից: Մ. Սայադյանը նաև տեղեկացրեց, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունները հիմնականում պատրաստ են լավագույնս դիմավորելու նոր ուսումնական տարին:
Մարզպետ Ա. Նալբանդյանը բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց անպայման մասնակցել մարզկենտրոնի դպրոցներում կայանալիք սեպտեմբերյան տոնական արարողությւններին: Ի դեպ, ամեն նոր ուսումնական տարվա պես «Լոռու դպրոց» հիմնադրամի կողմից գրենական պիտույքներ կհատկացվեն կարիքավոր ընտանիքների դպրոցահասակ երեխաներին:
Անդրադառնալով մարզի դպրոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյանը մարզպետին զեկուցեց, որ ամենուր գործերը հսկողության տակ են, ժամկետների ձախողումներ չեն լինի: Բնականոն ընթացքի մեջ են նաև պետբյուջեով նախատեսված շինաշխատանքները:
Մարզպետին հետաքրքրում էր հատկապես բերքահավաքի ընթացքը, որի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյանը: Ասվեց, որ չնչին բացառություններով, տարին նպաստավոր էր մարզի բուսաբուծության համար և հացահատիկի լավ բերք է ստացվում: 39 համայնքներում սկսվել է հացահատիկի բերքահավաքը և նախնական տվյալներով հեկտարից ստացվում է 35 ցենտներ ցորենի և 28-30 ցենտներ գարու բերք: Բավարար է նաև անասնակերի կուտակման ընթացքը:
Իրենց ղեկավարած ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրին նաև մարզպետարանի մյուս ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Ա. Նալբանդյանը կրթության, մշակույթի և սպորտի վարչության ու տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետերին հանձնարարեց ամենայն հետևողականությամբ նախապատրաստել Արցախի Մարտակերտի շրջանի դպրոցականների դիմավորումը մարզկենտրոնում, ուր օգոստոսի 15-ից Լոռու մարզպետարանի հրավերով նրանք ամառային հանգիստը կանցկացնեն Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59