Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով

30.07.2015

Հուլիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում կարևորելու ու արժևորելու նպատակով: Լոռու մարզից թիվ 2 բանակային կորպուսի զորամասերում ժամկետային զինծառայություն անցնող 75 զինծառայող, ովքեր ծառայության ընթացքում աչքի են ընկել կարգապահությամբ, ոգու արիությամբ, մարտական բարձր ոգով՝ իբրև խրախուսանք, հնարավորություն ունեցան տեսակցելու իրենց ծնողների ու հարազատների հետ, նրանց ընկերակցությամբ ներկա լինելու տոնական միջոցառմանը: Նրանցից 21-ը նույն օրը զորացրվեց:
Զինծառայողների ծնողներին իրենց երախտագիտությունը հայտնելու էին եկել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ՀՀ ՊՆ թիվ 2 բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, թիվ 3 բանակային կորպուսի հրամանատար, գեներալ- մայոր Օնիկ Գասպարյանը, ՀՀ զինված ուժերի, ուժային կառույցների, ներկայացուցիչներ, համայնքապետեր, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լոռեցիներ:
Իր օրհնության խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդը.
-Հայոց բանակը մեր տունն է, իսկ մեր տանն այսօր մեծ ուրախություն է: Հայոց բանակին ծառայելը մեծագույն պատիվ է ցանկացած հայորդու համար: Թող Աստված օրհնի այն ժողովրդին, ով արդար քրիտինքով է կերակրում իր բանակին,- ասաց Սեպուհ սրբազանը:
Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց թիվ 2 բանակային կորպուսի հրամանատարը: Նա իր երախտագիտությունը հայտնեց լոռեցի այն ընտանիքներին, որոնց զավակները պաշտպանում են հայրենի երկրի սահմանները, արիաբար կատարում են իրենց սրբազան պարտքը հայրենիքի հանդեպ: Գեներալ- մայոր Պողոս Պողոսյանն առանձնակի երախտագիտություն հայտնեց այն 21 զինծառայողներին, ովքեր կատարելով իրեն սահմանադրական պարտքն՝ այսօր զորացրվում են և կշարունակեն ծառայել հայրենիքին իրենց աշխատանքով, տարբեր բնագավառներում մատուցած ծառայություններով: Նա զորացրվող զինծառայողներից 5-ին պարգևատրեց շքանշաններով և շնորհակալագրերով: Թիվ 2 բանակային կորպուսի հրամանատարը պատվոգրով պարգևատրեց նաև Լոռու մարզպետին՝ բանակ-հասարակություն կապն ամրապնդելու, ռազմահայրենասիրական գործում ունեցած ավանդի համար:
Լոռեցի զինծառայողներին իր խոսքով ոգևորեց, նրանց աննկուն ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց մարզի ղեկավարը: Նա իր խոսքում կարևորեց ձևավորված գեղեցիկ ավանդույթը, երբ Հայոց բանակում գերազանց ծառայող զինվորներին՝ որպես խրախուսանք, կարճատև հանգստի մեկնումը կատարվում է իրենց հրամանատարների հետ ուղևորվելով, և զինվորների ծնողների հետ հանդիսավոր հանդիպելով:
-Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել հրամանատարներին, ովքեր դաստիարակում, հոգով ու մարմնով կոփում են մեր տղաներին: Շնորհակալություն եմ ուզում հայտնել հայրենիքի նկատմամբ իրենց սուրբ պարտքը կատարող մեր տղաներին, ովքեր խիզախաբար և աննկուն կերպով պաշտպանում են մեր սահմաններն ու հարկ եղած դեպքերում արժանի հակահարված հասցնում հակառակորդի նկրտումներին,-ասաց մարզի ղեկավարը: Դիմելով զինվորներին՝ նա նշեց.
-Սիրելի՛ զինվորներ, հիշեք, որ ձեր ծնողների հպարտությունը չափվում է ձե՛ր աննկուն ծառայության, և ձեր խիզախության չափով: Կուզեի, որ դուք ձեր ծառայության ամենադժվարին պահերին անգամ խորապես գիտակցեք, որ պաշտպանելով հայրենիքի սահմանները դուք պաշտպանում եք ձե՛ր ծնողներին, ձեր սիրած աղջկան, ձեր ու մեր թանկ, անփոխարինելի հայրենիքը: Հատկապես ծնողներիս համար, չկա ավելի ցանկալի ու թանկ բան, քան խաղաղ երկինքն է: Այդ խաղաղությունը մեզ պարգևում է մեր բանակի ռազմական հզորությունը և նրա անկոտրում, հաղթական ոգին: Բանակի ռազմական հզորությունը ժողովրդի աշխատանքի արդյունքով պետությունն է ապահովում, իսկ զինվորի հաղթական ոգին՝ դաստիարակում, կոփում ենք մենք՝ մեր ընտանիքներում: Այլ խոսքով ասած, մենք բոլորս մեր սուրբ հայրենիքի պաշտպանության ծառայության մեջ ենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում և մեր պարտականությամբ,- ասաց նա:
Զինվորականության ներկայացուցիչներին, պետական այրերին, ծնողներին բոլոր զինծառայողների անունից խիզախ ծառայության խոստում տվեցին հրամանատարն ու շարքայինը: Զինծառայողների մայրերի անունից հրամանատարներին երախտագիտության խոսք հղեց զինվորի մայր Մարինե Վանյանը:
Ներկաներին մեծ ոգևորություն պարգևեցին և տոնական տրամադրություն հաղորդեցին նաև Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի համույթի պատանեկան ստուդիայի սաների, մեներգիչ Արմեն Ներսիսյանի կատարումները, ասմունքող Ջիվան Սարգսյանի ասմունքը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59