Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակի տարածաշրջանում ցորենի և գարու առատ բերք է սպասվում
28.07.2015

Հուլիսի 28-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Գեղասար, Կաթնաջուր և Մեծ Պարնի համայնքներում: Այցի նպատակը ցորենի և գարու բերքահավաքի, խոտհունձի աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալն էր: Գեղասար համայնքի վարելահողերը կազմում են 240,13 հա, Կաթնաջուր համայնքինը՝ 677,59, և Մեծ Պարնիինը ՝ 1556,57 հա: Գեղասարում կատարվել է 50-ական հա ցորենի և գարու, Կաթնաջուրում՝ 300 հա ցորենի և 150 հա գարու, Մեծ Պարնիում՝ 655 հա ցորենի և 190 հա գարու ցանք: Համայնքներում ոռոգման խնդիր չկա: Գյուղաբնակներին մտահոգում է, սակայն, հակակարկտային կայանների սակավությունը. կայանները կարկուտից ամբողջությամբ չեն ապահովագրում ցանքատարածությունները: Ինչպես ականատես եղան համայնքներ այցելած պաշտոնյաները, տարածաշրջանում գարու և ցորենի աննախադեպ բերք է սպասվում: Համայնքների ղեկավարները վկայեցին, որ նախորդ տարվանից առնվազն երկու անգամ ավելի բերք են ակնկալում: Խոտի բերքը ևս առատ է: Նրանք տեղեկացրեցին, որ համայնքների բնակիչներն օգտվել են պետական աջակցությամբ մարզի գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով տրված դիզվառելիքից, ցորենի, գարու սերմացուից, ազոտական պարարտանյութից, գյուղտեխնիկայից: Մարզի ղեկավարը վստահեցրեց, որ պետական աջակցությունը կշարունակվի նաև հետագայում: Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ապա Ա. Նալբանդյանը խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում աջակցել նոր հակակարկտային կայաններ տեղադրելու հարցում: