Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ծիծեռնակ» ճամբարի հանդիսավոր բացմանը ներկա գտնվեցին մարզի ղեկավարը և Գուգարաց թեմի առաջնորդը
17.07.2015
Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ` մեծ շուքով տեղի ունեցավ «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամառային ճամբարի բացման արարողությունը, որին ներկա էին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ պատասախանատու պաշտոնատար անձինք, ճամբարի բարերարները: Սրբազան հոր ջանքերով և մի խումբ բարերարների աջակցությամբ այստեղ վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են կատարվել, ճամբարի պայմաններն առավել հարմարավետ են դարձել մանուկների ակտիվ հանգստի կազմակերպման համար: Առաջին հերթափոխով ճամբարում հյուրընկալվել են մանուկներ` Ալավերդուց և Թումանյանի շրջանի 11 համայնքներից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից: Այս տարի ևս ճամբարի գլխավոր գործընկեր «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը մեծ թվով մանուկներ է բերել ճամբար: Ճամբարականները հանդիսավոր տողանով` «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի նվագակցությամբ ազդարարեցին ճամբարի բացումը և ներկայացրեցին գեղարվեստական հայտագիր: Ներկաներին իր օրհնության խոսքը հղեց թեմակալ առաջնորդը` երախտագիտության և շնորհակալական խոսք ուղղելով ճամբարի բարերարներին և մարզի ղեկավարին՝ մշտական աջակցության համար: Մարզպետն իր ողջույնի և բարեմաղթանքի խոսքերն ուղղեց ներկաներին: Նա սրբազանին, հոգևոր դասին և մանկավարժական կոլեկտիվին շնորհակալություն հայտնեց հայրենանվեր գործունեության իրականացման համար: Միջոցառման ավարտին հյուրերը ճամբարականների հետ ճաշակեցին մատաղ: Ճամբարն այս տարի ևս իր գիրկը կառնի ավելի քան 1500 երեխայի: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես ճամբարային ծրագիրը հագեցած է: