Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը

15.07.2015

Հուլիսի 14-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Այցի նպատակը ակտիվ հանքարդյունաբերությամբ զբաղվող և անտառածածկույթով հարուստ մարզի բնապահպանական խնդիրներին տեղում ծանոթանալն էր, ինչպես նաև բնապահպանական սուբվենցիաների տրամադրման խնդրին առնչվող մի շարք կարևոր հարցերի քննարկումը՝ մարզային իշխանություների և շահառու համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Ա. Գրիգորյանը նախ եղավ «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի լաբորատորիայում, որը Վանաձորում ակտիվ գործունեություն է ծավալում 1977թ.-ից: Չնայած շենքային անբարենպաստ պայմաններին և խորհրդային ժամանակներից ժառանգված սարքավորումներին, լաբորատորիայի վարիչ Անժելա Մելիքսեթյանի վստահեցմամբ, իրենք ապահովված են անհրաժեշտ նյութերով: Այստեղ լաբորատոր փորձերի միջոցով Վանաձոր, Ալավերդի և Գյումրի քաղաքների մթնոլորտի աղտոտվածության աստիճանը ստուգելու նպատակով հետազոտություններ են իրականացվում: Լաբորատորիայի աշխատակիցներից 4-ը լաբորանտներ են, 2-ը՝ նմուշառողներ: Հյուրերը ծանոթացան այստեղ իրականացվող աշխատանքներին: Նախարարը խոստացավ աջակցել վերանորոգում կատարելու և քարշիչ պահարան ձեռք բերելու հարցում:
Օրվա երկրորդ կեսին նախարարը և մարզպետը խորհրդակցություն անցկացրեցին Ալավերդու քաղաքապետարանում՝ Ալավերդի, Ախթալա, Աքորի, Հաղպատ, Օձուն, Հագվի համայնքների ղեկավարների, Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պետերի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ: Նշելով, որ Լոռին հանրապետության ակտիվ հանքարդյունաբերություն իրականացնող մարզերից է: Այստեղ շահագործվում է 36 հանքավայր, որից 5-ը՝ մետաղական: Նախարարը կարևորեց բնապահպանական նորմերի խստիվ պահպանումը և բնապահպանական վճարների նպատակաին օգտագործումը: Մարզում բնապահպանական խնդիրներ կան, որոնք մեղմացման կարիք ունեն, ուստի, ըստ նախարարի պետք է լրջագույն միջոցառումներ իրականացնել: Մարզի խոշոր լեռնահանքարդյունաբերող ընկերույթունների կողմից պետական բյուջե վճարվող բնապահպանական տուգանքների մի մասն արդեն երկար տարիներ սուբվենցիաների տեսքով վճարվում են մարզի 8 համայնքի: Այդ գումարներով համայnքներն իրականացնում են բնապահպանական և առողջապահական ծրագրեր:
Մարզպետը և համայնքների ղեկավարները մտահոգություն հայտնեցին, որ 2016թ.-ին պետբյուջեով բնապահպանական սուբվենցիաներ չեն նախատեսվել, ինչը բացատրվել է բնապահպանական աղտոտվածության հաշվարկման նոր մեթոդներով և հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումներով: Ա. Գրիգորյանը խոստացավ հետևողական լինել որպեսզի, եթե ոչ 2016թ., ապա 2017թ. պետբյուջեով նախատեսվեն բնապահպանական սուբվենցիաներ:
Այնուհետև նախարարը և մարզի ղեկավարը շրջայց կատարեցին Ալավերդու Էնգելս թաղամասի զբոսայգում, որը վերանորոգվում է համայնքին տրված բնապահպանական սուբվենցիայի հաշվին, այցելեցին «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ալավերդու օդի նմուշառման ավտոմատ կայան:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:27:34