Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ» կենտրոնի հիմնարկեքը Դեբեդ համայնքում (տեսանյութ)

09.07.2015



Թումանյանի տարածաշրջանի Դեբեդ գյուղի մերձակայքում տեղի ունեցավ ոչ միայն Լոռու մարզում, այլև հանրապետությունում եզակի ուսումնական մի նոր հաստատության հիմնարկեքի արարողություն: Բնության գողտրիկ անկյունում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի միջոցներով կառուցվելու է նորարար կրթական հանգույցի՝ «Սմարթ» կենտրոնի առաջին մասնաշենքը: Կենտրոնը լինելու է այնպիսի կրթօջախ, ուր համադրվելու են ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, նորագույն տեխնոլոգիաները, նոր և հնագույն արհեստները, արվեստները, սպորտը և հասարակական նախաձեռնությունները: Այն ծառայելու է հեռու և մոտիկ համայնքներին, ընդգրկելու է բնակավայրերի դպրոցականներին և երիտասարդներին, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտների մասնագետներին: Հիրավի այն լինելու է ուրույն կառույց, որի ճարտարապետական լուծումները տվել են «ՈՒրբան Յունիթ» ճարտարապետական ստուդիայի աշխատակիցները, իսկ շինաշխատանքները վստահվել են մարզում և երկրում հայտնի «Կանակա» ԲԲԸ-ի շինարարներին, որոնց բազում կառույցները մեկ անգամ չէ, որ արժանացել են հանրապետության ղեկավարության, պատվիրատուների և բնակչության արժանի գնահատանքին:
Հիմնարկեքի արարողությանն իրենց մասնակցությունը բերեցին շրջակա համայնքների կրթօջախի հեռանկարով ոգևորված բնակիչները, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և տնօրենների խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենը, խորհրդի անդամներ, բարերարներ ԱՄՆ-ից և Հայաստանից, մարզի տարբեր համայնքների ղեկավարներ, հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և շահառու համայնքների ներկայացուցիչներ:
Բացման խոսք ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը՝ ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը, հեռանկարային ծրագրերը: Մինչ օրս հիմնադրամի աշխատանքների շահառու են դարձել 30 000 գյուղաբնակներ: Ասաց, որ ձգտում են ապահովել առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես աշխույժ գյուղական համայնքների զարգացումը:
-«Սմարթ» կենտրոնը լինելու է յուրատեսակ հանդիպում ապագայի հետ,-ասաց նա:
Այն առայժմ առաջինն ու միակն է Հայաստանում, սակայն ծրագիրը ընդլայնման միտում ունի: Երկրորդ փուլում կենտրոնը կունենա նաև այլ նշանակության մասնաշենքեր՝ մանկապարտեզ, կլինիկա, հյուրատուն, ջերմոցներ, կմշակվեն շրջակա դաշտերի հողերը:
Կենտրոնի առաքելության ու կարևորության, հիմնադրամի առաջիկա անելիքների մասին խոսք ասաց խորհրդի նախագահ Գարո Արմենը, նշելով.
-Մենք տաղանդավոր սերունդ ունենք, և մեր ցանկությունն է զարգացնել, կատարելագործել նրանց ներուժը, որպեսզի հնարավորություն ունենան ինքնադրսևորվել առանց որևէ խոչընդոտի: Երազում ենք, որ այդ սերունդը ճանաչի մեր փառավոր անցյալը, հպարտանա ներկայով և հույսով նայի ապագային,- ասաց նա:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորելով ներկաներին, հիշեցրեց, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել է ուսումնատենչ, նորի, առաջավորի ջատագով, վկան մեր Սանահինն է ու Հաղպատը, միջնադարյան մյուս համալսարանները: Դարավոր ընդմիջումներից հետո մի հիանալի հնարավորություն է ստեղծվել ունենալու համանման մի կրթօջախ, որը ևս ծառայելու է մեր ժողովրդին: Մարզպետը տեղեկացրեց, որ նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իրեն, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին, հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին: Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում «Սմարթ» նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Ապագայում հիմնադրամը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի այլ մարզերում: Վարչապետը դրական է գնահատել հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես, այս նոր ծրագիրը, խոստացել օժանդակել կառուցմանը, դժվարությունների հաղթահարմանը:
«Հայր մեր» աղոթքով սկսվեց հոգևոր դասի կողմից հիմնարկեքի օրհնության հոգևոր կարգը՝ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ: Կառուցվելիք շինության հիմքում ապագային ուղղված, հույս ու հավատով շաղախված հուշագիր դրվեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:11:14