Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարարը

02.07.2015

Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց  ուղեկցությամբ նա եղավ  նախ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի և պետական միջոցներով կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակներում, ապա այցելեց Սանկտ Պետերբուրգի փողոցի տնակային ավան՝ այցն ամփոփելով  Լոռու մարզպետարանի դահլիճում  պատասխանատու պաշտոնատար անձանց  մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ:

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումը ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է համալիր կենտրոնին, ապա այս տարի նախատեսված է իրականացնել 950 հազար դրամի շինարարական աշխատանք: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ժամանակակից  տեխնոլոգիաների  կիրառմամբ  կատարվող  շինարարության որակից և ընթացքից. «Ֆիլիշին» կազմակերպության պատասխանատուները վստահեցրեցին, որ շինարարությունը նախատեսում են ավարտել ժամկետից շուտ, իսկ որակի համար երաշխավորում են:

Տնակային ավան այցը, ինչպես նշեց նախարարը, հիմնականում պայմանավորված էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝  խորհրդարանում օրեր առաջ հնչեցրած հարցով: Պատգամավորը նշված տնակային ավանի բնակիչներից ստացած նամակում ներկայացված խնդիրը  բարձրաձայնելով՝  ՀՀ քաղաքաշինության նախարարին խնդրել էր հնարավորության սահմաններում լուծում տալ նրանց բնակապահովման խնդրին:  Տնակային ավանում պաշտոնատար անձանց դիմավորեցին բնակիչները: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ  Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5 տնակային ավանում ներկայում բնակվում է 206 ընտանիք՝ 756 մարդ: Նշված ընտանիքները աղետի հետևանքով բնակարան  չեն կորցրել և ունեն ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքի կարգավիճակ: Վանաձորի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծով՝ վերոնշյալ տնակային ավանի տարածքը նախատեսվել է՝ որպես հասարակական կանաչ տարածք  (քաղաքային զբոսայգի): Տարածքը գտնվում է Տանձուտ գետի ափին և երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այն նպատակահարմար չէ շինարարության համար:

Վանաձորի քաղաքապետարանի բակում քաղաքաշինության նախարարին, Լոռու մարզպետին և Վանաձորի քաղաքապետին դիմավորեցին ոչ միայն մարզկենտրոնի տնկային ավանների, այլև  3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչները, ովքեր խնդրում էին որևէ միջոց գտնել ավելի քան 25 տարի իրենց մտահոգող խնդրին լուծում տալու համար: Նրանց էր միացել նաև  ԱԺ պատգամավոր  Զարուհի Փոստանջյանը:

 

Նախարարը նրանց հետ զրույցում նշեց, որ իր այցի նպատակն է տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրներին, քննարկումների միջոցով փորձել գոնե փուլ առ փուլ լուծում տալ դրանց, ինչու չէ, նաև՝ անդրադարձ կատարել մարզի զարգացման ծրագրերին:

Օրվա ավարտին, մարզպետարանում, բավականին բուռն և կառուցողական քննարկում ծավալվեց՝  մի շարք կարևոր և մարզի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ:

Վանաձորի քաղաքապետը մարզկենտրոնի տնակային ավանների բնակապահովման խնդրին լուծում տալու համար առաջարկեց փուլ առ փուլ վերանորոգել քաղաքի «Տարոն» թաղամասերի կիսակառույցները կամ լքված բնակարանները, որոնք սոցիալական բնակարանների կարգավիճակ կունենան: Նա առաջարկեց առաջնահերթությունը տալ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, մինչդեռ պատգամավորի առաջարկն էր՝ տնակային ավաններից ազատվել ամբողջությամբ, որի հետ համաձայնեց նաև քաղաքաշինության նախարարը: Նա հանձնարարեց  նախ գույքագրում կատարել, ապա վերջնականապես հարցը քննարկել նախարարությունում: Ինչ վերաբերում է 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքների հիմնանորոգմանը, ապա առաջարկվեց  սկսել գործընթացը՝ յուրաքանչյուր տարի հիմնանորոգելով մի քանի շենք: Նախարարը ԱԺ պատգամավորին խոստացավ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող գործընթացների վերաբերյալ:

Հուսադրող էր աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ քննարկումը: Այդ  ծրագրի ավարտը նախատեսված էր դեռևս 2013թ.-ին, սակայն, մարզում  երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած դեռևս 379 անօթևան ընտանիք կա, որից 316-ը գյուղական բնակավայրերում, 63-ը՝ Վանաձոր և Սպիտակ  քաղաքներում (համապատասխանաբար՝ 14 և 49 հավակնորդ): Տեղեկացվեց, որ նախորդ տարի ՀՀ վարչապետի կողմից Լոռու և Շիրակի մարզպետների մասնակցությամբ Գյումրիում անցկացված խորհրդակցությունից հետո, մարզի ղեկավարը հանդիպել  է 33 գյուղական համայնքների ղեկավարների և Վանաձորի շահառու ընտանիքների հետ և ստացել նրանց մեծամասնության համաձայնությունը՝ բնակապահովման հարցը մեկընդմիշտ լուծել դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով: Նախարարը հարցի առնչությամբ նշեց, որ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ակտիվների վաճառքից գոյացած գումարներով ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել այս խնդիրը: Նա հստակ խոստացավ Սպիտակի մեկ սենյականոցի հավակնորդ 49,  Վանաձորի 14 և դատարանի որոշմամբ մեկ սենյակի հավակնող համարված գյուղական բնակավայրերի 8 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծել ընթացիկ տարվա ընթացքում, իսկ 2016 թվականին ամբողջությամբ լուծել գյուղական բնակավայրերի շահառուների բնակապահովման հարցը: Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր: Նախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց դրանք ուսումնասիրելու և վերջնական լուծումներ գտնելու համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:11:14