Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարարը
02.07.2015
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նա եղավ նախ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի և պետական միջոցներով կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակներում, ապա այցելեց Սանկտ Պետերբուրգի փողոցի տնակային ավան՝ այցն ամփոփելով Լոռու մարզպետարանի դահլիճում պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ:
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի կառուցումը ավարտական փուլում է: Ինչ վերաբերում է համալիր կենտրոնին, ապա այս տարի նախատեսված է իրականացնել 950 հազար դրամի շինարարական աշխատանք: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող շինարարության որակից և ընթացքից. «Ֆիլիշին» կազմակերպության պատասխանատուները վստահեցրեցին, որ շինարարությունը նախատեսում են ավարտել ժամկետից շուտ, իսկ որակի համար երաշխավորում են:
Տնակային ավան այցը, ինչպես նշեց նախարարը, հիմնականում պայմանավորված էր ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ խորհրդարանում օրեր առաջ հնչեցրած հարցով: Պատգամավորը նշված տնակային ավանի բնակիչներից ստացած նամակում ներկայացված խնդիրը բարձրաձայնելով՝ ՀՀ քաղաքաշինության նախարարին խնդրել էր հնարավորության սահմաններում լուծում տալ նրանց բնակապահովման խնդրին: Տնակային ավանում պաշտոնատար անձանց դիմավորեցին բնակիչները: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը տեղեկացրեց, որ Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5 տնակային ավանում ներկայում բնակվում է 206 ընտանիք՝ 756 մարդ: Նշված ընտանիքները աղետի հետևանքով բնակարան չեն կորցրել և ունեն ոչ աղետի հետևանքով անօթևան մնացած ընտանիքի կարգավիճակ: Վանաձորի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծով՝ վերոնշյալ տնակային ավանի տարածքը նախատեսվել է՝ որպես հասարակական կանաչ տարածք (քաղաքային զբոսայգի): Տարածքը գտնվում է Տանձուտ գետի ափին և երկրաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ այն նպատակահարմար չէ շինարարության համար:
Վանաձորի քաղաքապետարանի բակում քաղաքաշինության նախարարին, Լոռու մարզպետին և Վանաձորի քաղաքապետին դիմավորեցին ոչ միայն մարզկենտրոնի տնկային ավանների, այլև 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի բնակիչները, ովքեր խնդրում էին որևէ միջոց գտնել ավելի քան 25 տարի իրենց մտահոգող խնդրին լուծում տալու համար: Նրանց էր միացել նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նախարարը նրանց հետ զրույցում նշեց, որ իր այցի նպատակն է տեղում ծանոթանալ բարձրացված խնդիրներին, քննարկումների միջոցով փորձել գոնե փուլ առ փուլ լուծում տալ դրանց, ինչու չէ, նաև՝ անդրադարձ կատարել մարզի զարգացման ծրագրերին:
Օրվա ավարտին, մարզպետարանում, բավականին բուռն և կառուցողական քննարկում ծավալվեց՝ մի շարք կարևոր և մարզի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ:
Վանաձորի քաղաքապետը մարզկենտրոնի տնակային ավանների բնակապահովման խնդրին լուծում տալու համար առաջարկեց փուլ առ փուլ վերանորոգել քաղաքի «Տարոն» թաղամասերի կիսակառույցները կամ լքված բնակարանները, որոնք սոցիալական բնակարանների կարգավիճակ կունենան: Նա առաջարկեց առաջնահերթությունը տալ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, մինչդեռ պատգամավորի առաջարկն էր՝ տնակային ավաններից ազատվել ամբողջությամբ, որի հետ համաձայնեց նաև քաղաքաշինության նախարարը: Նա հանձնարարեց նախ գույքագրում կատարել, ապա վերջնականապես հարցը քննարկել նախարարությունում: Ինչ վերաբերում է 3-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքների հիմնանորոգմանը, ապա առաջարկվեց սկսել գործընթացը՝ յուրաքանչյուր տարի հիմնանորոգելով մի քանի շենք: Նախարարը ԱԺ պատգամավորին խոստացավ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող գործընթացների վերաբերյալ:
Հուսադրող էր աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի հետագա ընթացքի վերաբերյալ քննարկումը: Այդ ծրագրի ավարտը նախատեսված էր դեռևս 2013թ.-ին, սակայն, մարզում երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած դեռևս 379 անօթևան ընտանիք կա, որից 316-ը գյուղական բնակավայրերում, 63-ը՝ Վանաձոր և Սպիտակ քաղաքներում (համապատասխանաբար՝ 14 և 49 հավակնորդ): Տեղեկացվեց, որ նախորդ տարի ՀՀ վարչապետի կողմից Լոռու և Շիրակի մարզպետների մասնակցությամբ Գյումրիում անցկացված խորհրդակցությունից հետո, մարզի ղեկավարը հանդիպել է 33 գյուղական համայնքների ղեկավարների և Վանաձորի շահառու ընտանիքների հետ և ստացել նրանց մեծամասնության համաձայնությունը՝ բնակապահովման հարցը մեկընդմիշտ լուծել դրամական փոխհատուցման տրամադրման միջոցով: Նախարարը հարցի առնչությամբ նշեց, որ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ակտիվների վաճառքից գոյացած գումարներով ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել այս խնդիրը: Նա հստակ խոստացավ Սպիտակի մեկ սենյականոցի հավակնորդ 49, Վանաձորի 14 և դատարանի որոշմամբ մեկ սենյակի հավակնող համարված գյուղական բնակավայրերի 8 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծել ընթացիկ տարվա ընթացքում, իսկ 2016 թվականին ամբողջությամբ լուծել գյուղական բնակավայրերի շահառուների բնակապահովման հարցը: Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր: Նախարարը համապատասխան հանձնարարականներ տվեց դրանք ուսումնասիրելու և վերջնական լուծումներ գտնելու համար: